Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387
 Բարձր Հայք, Մեծ Հայքի առաջին նահանգը։
Բաղկացած էր հետևյալ ինը գավառներից՝ Դարանաղի, Աղիվն (Աղյուն), Մուզուր, Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմ և Կարին։ Իր տարածքով Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի հիմնական մասին։ Ուներ ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը Եփրատն է, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Բարձր Հայքը հայտնի էր իր սառնորակ աղբյուրներով, ոսկով, պղնձով, աղահանքերով, քարածուխով, նավթով, երկաթով։ Մթա II հազարամյակում Բարձր Հայքի արևմտյան շրջանները մտել են խեթական պետության մեջ։ Մթա XV դարից Բարձր Հայքը, Տայքի մի մասը Փոքր Հայքի հետ միասին կազմում էին Հայասա–Ազզի հայկական ցեղային միության տարածքը։ Մթա 189–ից Բարձր Հայքը մտել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ։ Հայտնի էր հեթանոսական հավատքի կենտրոններով։ Նահանգի Եկեղիք գավառի Երիզա ավանում էր գտնվում Անահիտ աստվածուհու մեհյանը։ Նույն գավառի Թիլ ավանում էր գտնվում պտղաբերության աստվածուհի Նանեի մեհյանը։ Գտնվելով Մեծ Հայքի արևմտյան սահմանում՝ Բարձր Հայքը հնուց ի վեր ենթարկվել է օտար տերությունների հարձակումներին։ 62–ից Բարձր Հայքը մտել է Արշակունյաց Հայոց թագավորության կազմի մեջ։ Ըստ Փավստոս Բյուզանդի, Բարձր Հայքի Անի ամրոցում են թաղվել Հայոց Արշակունի թագավորները։ 301–ից հետո Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեծ մասը դարձել է Գրիգոր Լուսավորչի տոհմի սեփականությունը։ Մեծ Հայքի 387–ի բաժանումից հետո Բարձր Հայքը կազմել է Հռոմեական Հայաստանի հիմնական մասերից մեկը, որի գերագույն կառավարիչը կայսեր կողմից նշանակվող կոմսն էր։ Նահանգը մասնատված էր մի շարք նախարարությունների։ Բարձր Հայքի վարչական վիճակը փոխվեց բյուզանդական Հյուստինիանոս I կայսեր կատարած վերափոխությունների հետևանքով։ Հայկական նախարարությունները վերացվեցին, 380–ական թթ սկսած Բարձր Հայքում աստիճանաբար ուժեղացել է բյուզանդական ազդեցությունը։ VIIդ առաջին կեսին Բարձր Հայքը դարձել է պարսկա–բյուզանդական պատերազմների թատերաբեմ, նույն դարի կեսերից ենթարկվել արաբական հարձակումներին։ Նահանգն այնուհետև դարձել է Բյուզանդիայի և արաբական արյունոտ բախումների թատերաբեմ։ 885–ից Բարձր Հայքը մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության մեջ, բացառյալ Կարինից, որը շարունակեց մնալ խալիֆության սահմաններին ռազմականը։
Մեծ Հայքի Բարձր Հայք գավառի քարտեզը
1314–ին ամբողջ Բարձր Հայքը ենթարկվել է ծանր հարկահանության, փակվել են եկեղեցիները, բնակչության մի մասը հավատափոխ է եղել, ոմանք վաճառել են իրենց զավակներին կամ փախել այլևայլ վայրեր։ 1394–ին Բարձր Հայքը գրավել են Լենկթեմուրի հրոսակները և նահանգի բնակչությունը ենթարկվել նորանոր արհավիրքների։ 1514–ին նահանգը գրավել է օսմանյան Թուրքիան։ 1555–ի և 1639–ի թուրք–պարսկական պայմանագրով Բարձր Հայքը վերջնականապես անցել է Թուրքիային՝ ընդգրկելով Էրզրումի փաշայության մեջ։
Դարանաղի, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում:
Իր տարածքով համապատասխանում է այժմյան Թուրքիայի Կամախի շրջանին, գտնվում էր Երզնկայից հարավ-արևմուտք։ Հրաբխային սարահարթ է, ունի սառնորակ աղբյուրներ, հարուստ է հանքային ջրերով։ Պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են Թորդան գյուղը և Անի ամրոցը։
Աղյուն, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում։ Ընդգրկել է Եփրատի Աղյունաձոր վտակի հովիտը։ Կենտրոնը Նկոպոլիս-Զիմարա ճանապարհին գտնվող Անի Ադյունո (Անալյուն) ամրոցն էր, որը, ըստ Ն.Ադոնցի, հունական և հռոմեկան աղբյուրներում հիշատակվող Անալիբնան է։ Ուշ միջնադարում Աղյունը կոչվել է նաև Աղնցիք։
Մզուր (հայտնի է նաև Մուզուր, Մնձուր անվանումներով), գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում:
Արածանի գետի աջակողմյան վտակ Քղի գետի Մնձուր օժանդակի հովտում (այժմ` Օվաջղի գավառակ)։ Մզւրի մեծ մասը փռված էր համանուն լեռների լանջերին։ Արևմուտքից սահմանակից էր Փոքր Հայքին, հարավից` Ծոփքնահանգին։ Մզուրը կազմել է Եկեղյաց գավառի մի մասը, հետագայում, վերջինիս մասնատման հետևանքով, արդեն հիշատակվել է իբրև առանձին գավառ։
387 թվականի Մեծ Հայքի բաժանումից հետո գտնվել է Հայաստանի բյուզանդական մասում և մտել Ներքին Հայքի մեջ, որը Հուստինիանոսի Ա կայսրի (527-565թթ.) վարչական վերափոխությունից հետո շրջակա մի քանի գավառաների հետ կոչվել է Առաջին Հայք, իսկ VIIդարի «Աշխարհացոյցում»` Բարձր Հայք։
Եկեղյաց (Եկեղեաց), գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, իր տարածքներով համապատասխանում է Թուրքիայի Երզնկայի (Էրզինջանի) գավառին։ Հիշատակվում է անտիկ հեղինակների մոտ որպես Եկելեսենե կամ Ակիլիսենե։ Գավառի պատմական վայրերից ուշադրության են արժանի Երիզա ու Թիլ ավանները։
Մանանաղի, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում։
Եփրատի Մանանաղի (այժմ` Թոզլու) վտակի ավազանում։ Հյուսիս-արևելքից սահմանակից էր Այրարատ, արևելքից և հարավ-արևելքից` Տուրուբերան, հարավից`Չորրորդ Հայք նահանգներին, արևմուտքից` Բարձր Հայք, Եկեղյաց, հյուսիսից` Դերջան և Կարին գավառներին։ Մակերևույթը հիմնականում հարթավայրային է, հողը` արգավանդ։ Նշանավոր են Խաչ և Սմբատա լեռները։ Հարուստ է աղի պաշարներով։
XI դարում եղել է Թոնդրակյան աղանդավորական շարժման կենտրոններից։ Ուշ միջնադարում կոչվել է նաև Լակզո ձոր, հետագայում` Վերին Դերջան։ Աղբյուրներում հիշատակվում են Մանանաղի Վժան, Շիրնի և Սմբատաբերդ բերդաքաղաքներ, Ջերմ, Բազմաղբյուր կամ Խաչ ավանները, Կաշե, Աղյուս ագարակները։
Դերջան, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում։
Սպեր, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում, Ճորոխ գետի վերին հոսանքի շրջանում։ Եղել է Բագրատունիների ժառանգական տիրույթը։ Իշխանանիստ կենտրոնն էր Սպեր բերդաքաղաքը։ Սյուս նշանավոր բերդն էր Բաբերդը։
Սպերը հռչակված էր ոսկու հարուստ հանքերով, որոնք հնում շահագործվել են։ Անտիկ հեղինակները Սպերը հիշատակում են Սիսպիրիտիս, Հեսպերիտիս և այլ անվանումներով («սասպեյրներ» ցեղանունից)։ Սեծ Հայքի բաժանումից (387) հետո Սպերը մտել է Հայաստանի հռոմեական մասի մեջ։ Արաբական նվաճումներից հետո եղել է Արմինիա ոստիկանության, 885-ից՝ հայ Բագրատունյաց թագավորության կազմում։ XI դ․ վերջին Սպերը նվաճել են սելջուկյան թուրքերը։
1207-ից հայ-վրացական զորքերը՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ, ազատագրել են Սպերը։ 1242-ին Սպերը զավթել են Բարձր Հայք ներխուժած մոնղոլական հորդաները։ XV դ․ Սպերը ընկել է կարա-կոյունլու, ապա՝ ակ-կոյունլու թուրքմեն ցեղերի, 1502-ից՝ Սեֆեյան Պարսկաստանի տիրապետության ներքո։ Օսմանյան սուլթանությունը Սպերը զավթել է 1555-ի և 1639-ի թուրք-պարսկական պայմանագրերով։ Թուրքերը Ս․ բաժանել են երկու մասի՝ Բաբերդ (Բայբուրթ)՝ համանուն կենտրոնով, և Սպեր քաղաքն իր շրջակայքով, որոնք, մեծ մասամբ որպես սանջակներ (լիվաներ), մտնում էին էրզրումի էյալեթի (վիլայեթի) մեջ։ Երբեմն Սպերը կցվել է Չլդըրի էյալեթին։
XVIIդ․ Սպերը զուտ հայաբնակ էր։ Հակոբ Կարնեցին նշում է, որ Սպերի բնակիչները ամբողջովին հայեր էին։ Զբաղվում էին այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, հանքարդյունահանությամբ (հռչակավոր էին Վանք-Սադենի արծաթահանքերը), արհեստներով։ XV - XVIIդդ․ զանազան նվաճողների ասպատակություններն ու կրկնվող պատերազմները ավերեցին Սպերը։ XVIIդ․ սկզբին Շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթը մեծ վնաս հասցրեց նաև Սպերին։ XVIIդ․ վերջին Սպերի հազարավոր հայեր, խուսափելով թուրքական հալածանքներից, հեռացան, իսկ մնացածներից շատերը XVIII դ․ սկզբին բռնությամբ մահմեդականացվեցին։ Հայ բնակիչների թիվը բավականին նվազեց 1829 - 30-ի գաղթի ժամանակ, երբ ավելի քան 1000 ընտանիք Բաբերդից և Սպերից վերաբնակվեց Ախալքալաքում ու Ախալցխայում։
1895 - 96-ին Սպերի քրիստոնյա հայերը ենթարկվեցին համիդյան կոտորածներին։ Չնայած դրան, XX դ․ սկզբին էլ Սպերի բնակիչները հիմնականում հայերն էին՝ քրիստոնյա և մահմեդական։ Վերջիններս պահպանել էին հայկական շատ սովորույթներ, որոշ տեղերում՝ նաև լեզուն; Անփոփոխ էին մնացել նրանց գյուղերի պատմական անունները։
XIXդ․ վերջին - XX դ․ սկզբին Սպերը էրզրումի վիլայեթի գավառակներից (կազա) էր։ Հյուսիսից սահմանակից էր Համշենի և Խոտորջրի, արևելքից՝ Թորթումի, արևմուտքից՝ Բաբերդի և հարավից՝ էրզրումի գավառներին։ 1915-ին, Սեծ եղեռնի ժամանակ, Սպերի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Սպերի հայաբնակ բնակավայրերը
Աղբրիկ, Ավեր, Գանձ (Գանձասար), Գող (Կյող), էգեձոր, Թշաձոր (Դշաձոր), Խոզաղբյուր, Կաժ, Հիշեն, Հողեկ, Հունուտ, Զկնաջուր (Զենաջուր), Ղազենց, ճիպոտ (Չիփոթ), Մանց (Մաթուսանց, Մաթսանց), Մեզեգրեկ (Մեզերեկ), Շեհրիստանց, Ջուրակենց, Սալաձոր, Սպեր կամ Գասապա, Վանք, Վարիզոնց, Տշանց, Քրեոզ, Օձուտ (Օձտեղ)։
Շաղագոմք (Շատգոմք), գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում։
Շաղագոմք կամ Շատագոմք գավառը գտնվել է Տայք նահանգի Ոքաղե գավառից հարավ-արևմուտք, եփրատի վտակ Սարչամայի վերին հոսանքում (այժմ`Էրզրումի վիլայեթի Օվաջըկ վիճակ)։ Մովսես Խորենացին այն անվանում է «անապատ և հովանաւոր տեղիք»:
Ըստ Խորենացու այստեղ իր առաջին աշակերտներին է ուսուցանել Մեսրոպ Մաշտոցը։ Ղազար Փարպեցի Շաղագոմքը հիշատակում է Վահանանց պատերազմի(481-484)առնչությամբ.Վահան Մամիկոնյանը ամրանալով Շաղագոմքում, պայքարել է պարսից զորավար Հազարավուխտի ուժերի դեմ։ Հետագա աղբյուրներում Շաղագոմքի մասին տեղեկություններ չեն հանդիպում։
Կարինը կամ Էրզրումը (թուրք.՝ Erzurum) Թուրքիայի Հանրապետության Էրզրում նահանգի վարչական կենտրոնն է, նախքան Հայոց ցեղասպանությունը՝ հայկական քաղաք։
Կարին (Карин, Karin, Անաստասուպոլիս, Առզըռում, Առզռում, Արգիրոն, Արդուրում, Արզ, Արզան, Արզան ար-Ռում, Արզան էր Ռում, Արզարում, Արզերում, Արզը Ռում, Արզն ար ռում, Արզնե էլ-Ռում, Արծն Հոռոմոց, Արզն Ռում, Արզրում, Արտը Ռում, Բարանդիս, Կարիկալա, Գալիգուլա, Գարանիգիս, Գարանիտիդե, Էրեզ Էրում, Էրզեն Էլ-Ռում, Էրզենէրում, Էրզեն Էրում, Էրզենիռում, Էրզերում, էրզ էր-Ռում, Էրզին էրում, էրզիռում, էրզիրում, էրզյուրյում, էրզրում, էրզունիրում, էրզուրում, Թեոդոպոլիս, Թեոդոսիպոլ, Թեոդոսիոպոլիս, Թեոդոսիպոլիս, Թեոդոսիուպոլիս, Թեոդոսոպոլիս, Թեոդոսպոլիս, Թեոդոսուպոլ, Թեոդոսուպոլիս, Թեոդուպոլիս, Թվուլուս, Կալիկալա, Կալիքալա, Կարախպոլիս, Կարանա, Կարանատիդե, Կարանիտիդե, Կարանիտիս, Կարեն, Կարենտիս, Կարինի, Կարինիտես, Կարինիտիս, Կարնային քաղաք, Կարնա քաղաքի, Կարնո քաղաք, Կարնու քալաքի, Կարնու քաղաք, Կարունս քաղաք, Կարուց քաղաք, Քալիքալա, Քարին քաղաք).
Քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարնո գավառում, Կարնո սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիս-արևմտյան լանջերին, ծովի մակերևույթից շուրջ 2000 մ բարձրության վրա։ Քաղաքից հարավ երևում են Հավատամք լեռան բլրաշարերը։ Արևելքում ձգվում է Դավաբոյնի լեռնաշղթան, իսկ հյուսիսում և արևմուտքում քաղաքին մոտ տարածվում է Կարնո դաշտը։ Ունի զով ու առողջարար կլիմա, առատ և սառնորակ խմելու ջուր։ Ձմեռն այստեղ երկարատև ու խստաշունչ է, ամառը՝ զով, կարճատև։
Կարինը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Նրա հիմնադրումը վերագրում են մ.թ.ա. 2 - րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց (Հայասական) թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է «Կարին» անունը։ Ք - ի ծագումնաբանությունը կապվում է նաև Կարինիտես անձնանվան կամ նույնանուն ցեղանվան հետ։ Կարնո մասին պատմական հավաստի տեղեկությունները պահպանվել են հունահռոմեական (1-ին դ) և հետագայի հայ պատմիչների գործերում։ Երվանդունի, Արտաշիսյան և Արշակունի թագավորական հարստությունների ժամանակ (6-րդ դ մ.թ.ա, 5-րդ դ մ.թ.), Կարինը Կարնո գավառի կենտրոնն էր։ Նրա դերն ու նշանակությունը առանձնապես սկսում է մեծանալ 387 թ Հայասաանի առաջին բաժանումից հետո, որպես բյուզանդական մասի սահմանային կարևորագույն բերդաքաղաք։ Բյուզանդիայի Թեոդոս II կայսեր (408 - 450 թթ) հանձնարարությամբ, Անատոլ զորավարը, 431 թ Կարինում կառուցում է նոր ամրություններ և կայսեր անունով քաղաքը կոչում Թեոդոսուպոլիս։ Քաղաքի ամրություններն ու պաշտպանական կառռւյցները ընդարձակվում, վերակառուցվում են նաև Անաստաս I - ի (491-518 թթ.) և հատկապես՝ Հուստինիանոս I - ի (527-565 թթ) ժամանակ։ 7 - 9-րդ դդ Կարինը մերթ բյուզանդական, մերթ արաբական մասում էր գտնվում։ Այդ շրջանում Կարինը Կալիկալա և այլ անուններով շատ հաճախ հիշատակվում է նաև արաբական աղբյուրներում։ 885 թ Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ։ 949 թ, սակայն, բյուզանդացիները այն նորից խլեցին հայերից, 1049թ, երբ սելջուկ-թուրքերը հիմնահատակ կործանեցին Արծն քաղաքը, նրա կենդանի մնացած բնակիչները եկան ու հաստատվեցին Կարինում և այն իրենց հայրենի քաղաքի անունով կոչեցին նաև Արծն, որից և աոաջացան Կարինի թուրք-արաբական Արզն Ռում (այսինքն՝ բյուզանդացիների Արծն), Արզրում, Էրզրում անունները։ Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին Զաքարյաններր, իսկ 1242թ քաղաքն անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ։ 15-րդ դարում Կարինին հաջորդաբար տիրում են կարակոյունլու և աղկոյունլու վաչկատուն ցեղերը, իսկ 1514-ին այն գրավում է օսմանյան սուլթան Սելիմ I-ը։ 19 - 20-րդ դդ ռուսական զորքերը երեք անգամ ազատագրել են քաղաքը թուրքերից և երեք անգամ էլ՝ վերադարձրել։ 1829 թ Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով, երբ Կարինը վերադարձվեց թուրքերին, ռուսական զորքերի հետ քաղաքից հեռացան ավելի քան 20000 հայեր, որոնք բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի, Լոռիի, Փամբակի շրջաններում։ Կարնեցիներն իրենց նոր բնակավայրերից մի քանիսը վերանվանեցին Կարինի գավառի գյուղերի անուններով։ 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմից հետո, սեպտեմբերի 7-ին, երբ քաղաքը կրկին թողնվեց, այնտեղից Անդրկովկաս գաղթեց 2000 ընտանիք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կարինի հայ բնակչության զգալի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ 1918թ փետրվարի 26-ին քաղաքը նորից է անցնում թուրքերի ձեռքը։ Կարինը մշտապես եղել է Հայաստանի կարևոր կենտրոններից մեկը, Կարնո աշխարհի վարչաքաղաքական, Հուստինիանոս 1 - ինի վերակազմած Առաջին Հայք պրովինցիայի, հետագայում էրզրումի էմիրության, իսկ թուրքական տիրապետության ողջ ընթացքում Արևմտյան Հայասատանի ամենաընդարձակ Էրզրումի նահանգի (վիլայեթի) կենտրոնը։ Կարինը նախ և առաջ հայտնի է եղել իբրև բերդաքաղաք։ Թեև հին հայկական և վաղ միջնադարյան պաշտպանական կառույցներից այստեղ քիչ բան է պահպանվել, սակայն ուշ ժամանակներում թուրքերի կառուցած բերդն ու քաղաքամերձ ամրությունները (Մեջիդիե, Նիխախ, Սևիշլի) կանգուն էին մինչև առաջին Համաշխարհային պատերազմը և պահպանում էին իրենց ռազմաստրատեգիական նշանակությունը։ Քաղաքի միջնաբերդր գտնվում է կենտրոնում, երեք բլուրների վրա շրջապատված կրկնակի պարիսպներով։ Այն ուներ նաև խրամ, որը անհրաժեշտության դեպքում, լցվում էր Մուրտառ գետակի ջրերով։ Այստեղ կային գաղտնի գետնուղիներ, զինանոցներ, պահեստներ ու զորանոցներ։ Միջնաբերդից բացի, քաղաքը նույնպես ուներ շրջապարիսպներ, որոնց վերահսկում էին 72 աշտարակները։ Պարսպաշարի համալիրի մեջ մտնում էին Ախալցխայի (կամ Վրացական), Երզնկայի, Թավրիզի և Խարբերդի քաղաքային 4 գլխավոր դարպասները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել