Երանի ձեզ, զմրուխտ սարեր,
Որ չէք տեսնի պանդուխտ օրեր,
Ես այն վայրի մասրին էի,
Որ ժայռերի շուրթին բուսած՝
Ծաղկած քոյրն էր սէգ սարերի,
Սարերի ձեան ջրով հասած.
Հարբած բոյրով վարդիս գարնան՝
Եկան, ելան, ինձ պոկեցին,
Պոկեցին ու պանդուխտ տարան,
Տարան բախչի մէջ տնկեցին.
Բայց չափարի մէջ չորացայ,
Դարձայ մի բուռ դեղնած աշուն,
Լեզուն կտրած մի հաւք դարձայ,
Էլ չտեսայ սարերի ձիւն։
Հէ՜յ, ձիաւոր հովեր ու՞ր էք,
Հէ՜յ, թեւաւոր հովեր ու՞ր էք,
Իջէք, հովեր մեր սարերի,
Ինձ այս ցաւից պոկէք, տարէք,
Տունկըս դրէք ծոցը ժայռի,
Մեր սարերի ձնով ջրէք,–
Էլի ժայռից ծիլ կը տամ ես,
Վարդ կը բացուի մեռած սրտէս,
Էլի վայրի բոյրը նրա
Սար ու դաշտեր կը խնկարկի,–
Ա՜խ, հայրենի քարի վրայ
Լեզուն կտրած հաւքն էլ կ՛երգի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել