Tert.am-ը գրում է.

ԵԽԽՎ լիագումար նիստում, որտեղ քննարկվում է Ղրղզստանի խորհրդարանին ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը, ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և բարձրացրել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին ևս ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը:

«Նման կարգավիճակ, հիշեցնեմ, ընդամենը՝ վերջերս մենք տվեցինք չճանաչված պետության՝ Պաղեստինի խորհրդարանին ևս։ Հիշեցնեմ նաև, որ ժամանակին Բյուրոյի գործունեությանն առնչվող՝ մեր իսկ ընդունած զեկույցում մենք միասին որոշեցինք, որ բոլոր այն դեպքերում, երբ մեր Վեհաժողովի օրակարգում կլինի օրինակ՝ Կոսովոյին առնչվող կոնկրետ հարց, այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչները կարող են հրավիրված լինել այդ քննարկումներին։ Եվ մենք ողջունեցինք այդ մոտեցումը ևս»,-ասել է նա։

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ թե´ Պաղեստինի խորհրդարանին ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալը, թե´ Կոսովոյի խորհրդարանի հետ սերտ կապեր հաստատելը միանգամայն համահունչ է ԵԽ ԽՎ հիմնարար արժեքներին։

«Հարգելի´ խորհրդարան, ես կցանկանայի այսօր, այս խնդիրների համատեքստում կրկին բարձրացնել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին ևս ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը։ Որևէ փաստարկված պատճառաբանություն, թե ինչու Պաղեստինի խորհրդարանը կարող է ստանալ նման կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության խորհրդարանը՝ ոչ, չկա։ Երբ մենք ընդունում ենք, որ Կոսովոյին առնչվող հարցերի քննարկման ժամանակ այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչները պետք է հրավիրվեն այդ քննարկումներին, ինչո՞ւ ենք խուսափում նույն մոտեցումը կիրառել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում։ Դա կլիներ իրապես արդար որոշում»,-ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել