Նաիրա Կարապետյանի հայտարարությունը ԵԽԽՎ-ում Քեսաբի վերաբերյալ.

Մարտի 21-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հինավուրց Քեսաբ քաղաքը և շրջապատող 12 գյուղերը, որոնք մեծամասնորեն բնակեցված են հայերով, ենթարկվեցին վայրագ հարձակման Ալ-Քաիդայի հետ փոխկապակցված ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ներթափանցել էին Թուրքիայի տարածքից: Քեսաբի բնակչությունը գրեթե ամբողջությամբ` ավելին քան 700 հայ ընտանիք, տարհանվել և տեղի քրիստոնյա համայնքի օգնությամբ տեղափոխվել են համեմատաբար անվտանգ համարվող հարևան Լաթաքիա: Ցավոք, շատ տարեց մարդիկ ստիպված են եղել մնալ Քեսաբում` զրկված լինելով տեղաշարժվելու հնարավորությունից: 
Այս դեպքերից 3 օր անց Հայաստանից մեկնած մի խումբ պատգամավորների հետ ես նույնպես անձամբ այցելել եմ Լաթաքիա, հանդիպել հայկական եկեղեցում ապաստան գտած ընտանիքներին: Նրանք վկայությամբ` ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցիները, հասցրել ահռելի վնաս խաղաղ բնակչության ունեցվածքին: Հայերը Քեսաբում բնակվել են դարեր ի վեր, սակայն կան նաև ընտանիքներ, ովքեր գրեթե հարյուր տարի է, ինչ այստեղ են հաստատվել` փորձելով փրկվել Հայոց ցեղասպանությունից: Եվ հիմա կրկին, 1915 թվականի այն սարսափելի օրերից գրեթե մեկ դար անց, մեկ այլ մղձավանջ, կյանքից զրկվելու մեկ այլ վտանգ է հետապնդում նրանց, ստիպում նորից տարհանվել: Մարդիկ կրկին լքել են իրենց տները` չհասցնելով անգամ վերցնել փաստաթղթեր, միայն այն հագուստով, որով եղել են փախուստի պահին: Եկեղեցու օգնությունը հնարավոր է շուտով ավարտվի, քանի որ այն անսպառ չէ: Հավատացեք, շատ ծանր է եկեղեցու բակում տիրող այդ տեսարանը. երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ` ժամանակավոր կացարան գտած, զրկված տարրական հիգիենայի պայմաններից, հիվանդությունների և վարակների տարածման վտանգի տակ, և չունեն անգամ հյուս` շուտափույթ վերադառնալու իրենց բնակավայրերը: 
Նկարագրված իրավիճակը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ահռելի խախտում, մարդու իրավունքների միջազգային բոլոր պայմանագրերի խախտում, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը: Հարկ է նշել, որ Քեսաբի խնդիրը բարձրաձայնվել է աշխարհասփյուռ հայության կողմից, սակայն, ցավոք, ոչ միայն հայերին է վերաբերում խնդիրը` մի շարք այլ գյուղեր, բնակեցված քրիստոնեաների կամ այլ էթնիկ փոքրամասնությունների կողմից, նույն ուժերի կողմից նույնպես ենթարկվել են բռնությունների և տարհանման` մինչև ահաբեկիչների Քեսաբ հասնելը:
Օգտագործելով այս բարձր ամբիոնը և այս հնարավորությունը` կոչ ենք անում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետևանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ:
Եվ քանի որ մարդասիրական ճգնաժամը դեռ շարունակվում է, շատ կարևոր ենք համարում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա և կոչ անել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար: Բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ, անկախ կրոնական և էթնիկ պատկանելիությունից, պետք է խստորեն դատապարտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել