ԱՆԱՀԻՏ. Արգասավորող ջրերի պարսկական աստվածություն: Լիդիայում նույնացվում էր ՄԵԾ ՄՈՐ կամ ԱՐՏԵՄԻՍԻ հետ: Մ.Թ.Ա. IVդ. Անահիտի պաշտամունքը տարածվել էր Փոքր Ասիայում, Հունաստանում, հետագայում նաեւ Հռոմում: Անահիտին նվիրաբերում էին ցուլեր: Ցուլը աստվածուհուն զոհ մատուցելուց հետո, նրա արյունը ցայում էին մարդկանց վրա (համեմատվում է մկրտության հետ), խմում էին այդ արյունը (այդ ծեսը կոչվում էր տավրոբոլիա): Անահիտի պաշտամունքը առանձնապես տարածված է եղել հին Հայաստանում (Ստրաբոն): 
Հայկական դիցարանում Անահիտը համարվել է պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, առավել վաղ շրջանում՝ նաեւ ռազմի աստվածուհի: Հնում Անահիտին անվանել են «սնուցող մայր», «ոսկեմայր», «ոսկեհատ», «ոսկեծղի» եւ նման անուններով: Հելլենիստական ժամանակաշրջանում Անահիտը նույնացվում է հունական Արտեմիսի եւ հռոմեական Դիանայի հետ: Անահիտը միաժամանակ համարվում էր լուսնի աստվածություն: Մ.Թ.Ա. Iդ. Անահիտը դառնում է Հայաստանի գլխավոր աստվածուհին, Արտաշատ մայրաքաղաքի հովանավորը: Նրա գլխավոր տաճարը գտնվել է Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որը Անահիտի անունով կոչվել է նաեւ Անահտական: Այդ տաճարում կանգնեցված է եղել Անահիտի ոսկեձույլ արձանը, որը Մ.Թ.Ա. 34թ. ջարդուկտոր են արել եւ ոսկին բաժանել իրար միջեւ հռոմեացի զորավար Անտոնիոսը եւ նրա զինվորները: Անահիտի մեհյաններ կային նաեւ ուրիշ վայրերում (Արտաշատ, Արմավիր, Աշտիշատ, Բագարան, Անահտաձոր եւ այլն): Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) հայերը մեծ շուքով նշում էին Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքահավաքի հետ: Ծիսակատարություններն ուղեկցվում էին աղոթքներով, երգերով եւ խնջույքներով: Անահիտին զոհաբերում էին առաջին բերքը, դիցուհու արձանը պատում ծառերի դալար շիվերով ու պսակներով: Նրան նվիրաբերում էին սպիտակաթույր սրբազան ցուլեր: Անահիտի անունն էր կրում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը: Երիզայի շրջանում, Սատաղի մոտ, 19-րդ դարի վերջին, հայտնաբերել են Անահիտին վերագրվող մի պղնձաձույլ գլուխ, որը պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել