Ոչինչ չկա։ Միայն մենք ենք ու ծուխը։ Կապտավուն ծուխը, որ ալարկոտ բարձրանում է վեր, թեթև շոյում մեր գլխին թափվող առաստաղն ու անհետանում սենյակում տիրող լռության մեջ։ Լռություն, որում հնչում է ամենաքաղցր երաժշտությունը` սիրած էակի շնչառությունը։ Այս սիմֆոնիայն լռությունից էլ հզոր է։
Ծուխը գլխավերևումս պատկերում է հիշողություններ, որոնց անիրականության դաժանությունն ինձ ստիպում է ակամա ժպտալ։ Մի՞թե հնարավոր է մի մարդու հետ այդքան փորձ, տառապանք, երազանք, երջանկություն, իրականություն ու պատրանք կիսել… միայն մեկիս ուղեղում։
Կիսաբաց պատուհանից ձմեռային սառնություն է փչում, չնայած ապրիլ ամիսն է։ Սառը քամին սկզբից շղարշե ծխագույն վարագույրն է շոյում, իսկ հետո` ծուխը հրում դեպի նրա բարձը։ Ժպտում եմ. նրա սիրելի ծխախոտն է հիմա ձեռքիս։ Գլուխս զգուշությամբ նրա կողմ եմ թեքում։ Վախենում եմ ավելորդ շարժումից, որ հանկարծ ոչինչ հօդս չցնդի։ Քնած է։ Ամուր բազուկը մի կերպ տեղավորել է բարձի տակ, մյուս ձեռքն էլ սրտին է դրել։ Նա միշտ այդ դիրքով է քնում։ Սև երկար թերթերունքները դեպի կողք են թեքված։ Դեմքին թեթևակի ժպիտ կա։ Հետաքրքիր է` ի՞նչ երազ է տեսնում։
Այնպե՜ս կուզեի շոյել նրան, ձեռքս անցկացնել խիտ շիկավուն մազերով։ Բայց վախենում եմ, որ ամեն ինչ հօդս կցնդի։ Համբույրներով հարձակվելու մասին, իհարկե, խոսք գնալ չի կարող։
 Ամեն ինչ այնքան պարզ է։ Չկա ավելի հաճելի երաժշտություն, քան նրա շնչառությունը։ Չկա ավելի խոսուն լռություն, քան նրա սևեռուն հայացքը։ Չկա ավելի նուրբ խոսք, քան նրա սառը համբույրը։ Չկա ավելի լավ ողբերգություն, քան նրա քմծիծաղը։ Չկա ավելի քաղցր սուտ, քան նրա ներկայությունը։ Չկա ավելի թունավոր կարիճ, քան գիշերը ժամը 4-ին նրա մասին մտքերն են։ Չկա ավելի պայծառ լույս, քան նրա գիշեր աչքերն են։
Չկա։ Չկա…
Ոչինչ չկա…
Բացի մեզնից` ինձնից ու ծխից։
Իսկ նա՞։
Նա, ում կյանքում հազիվ թե երեք անգամ տեսած լինեմ, կողքիս քնած է այն լուսանկարում, որի գոյության մասին ինքն էլ ոչինչ չգիտի։
Միայն ես եմ ու ծուխը։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել