Ո՞վ էր այդ խորունկ հոգին, այդ ինքնատիպ, անկրկնելի տաղանդը, որն ըստ արժանվույն չգնահատվեց իր կենդանության օրոք և աշխարհից հեռացավ առանց մեծ գրողի և մտածողի երջանիկ ինքնազգացումը ճաշակելու: Դերենիկ Դեմիրճյանին ես ճանաչում էի շատ մոտիկից: Խորունկ հակասությունների մարդ էր: Կարող էր լինել անսահմանորեն բարի, կարող էր թողնել նաև հակառակ տպավորույուն՝ նայած ով ինչ կողմից էր նրան ընկալում: Արագ բռնկվում էր և խռովում, արագ էլ ներում էր ու հաշտվում: Արագ բորբոքվելու պատճառը հոգեկան այն նստվածքն էր, թե իրեն չեն հասկանում և թերագնահատում են: Արագ հաշտվելու պատճառը նրա մարդասեր, բարի բնավորությունն էր:
Դեմիրճյանին ես առաջին անգամ տեսա 1918 թվականին Վարդան Միրզոյանի դրամատիկական կուրսերում. ես ուզում էի դառնալ դերասան. Դեմիրճյանը դասախոսում էի ինչ-որ գեղագիտական առարկա: Վատ էր հագնված, կիսամաշ, անարդուկ շալվարը մեջքին էր ամրացրել կանեփաթելով: Իր հագուստի համար ինքն իրեն վատ էր զգում, գանգատվում էր նյութական ծանր վիճակից: Մենք ափսոսում էինք և երազում այն օրը, երբ գեղագիտության մեծանուն դասախոսը հնարավորություն կունենա հագնվել ըստ իր բարձր ճաշակի: 
Դեմիրճյանն աննման զրուցակից էր, խելոք խորհրդատու, հոգատար բարեկամ: Նա սիրում էր զրույցներն ու վեճերը զարդարել փայլուն, սրամիտ բառախաղերով: Սաստիկ ինքնատիպ էր իր դատողությունների և արարմունքների մեջ: Դեմիրճյանն ուներ ծայրաստիճան անհանգիստ, գործուն բնավորություն: Մասնակցում էր գրական բոլոր վեճերին: Հաճախ զայրանում էր, սպառնում, որ այլևս գրողների տուն ոտք չի դնի: Բայց իր զայրույթը մոռանում էր շուտով և հաջորդ իսկ դիսպուտի ժամանակ բարձրանում էր ամբիոն և իր վոլթերյան հեգնախառն ժպիտով ուսուցանում:
_ Ժայռից վայր թռչելու տեսությունը հեշտ է շարադրել, հապա մի թռի՞ր:
Դեմիրճյանը հավասար ատելությամբ էր վերաբերվում ազգային սահմանափակությանը և կոսմոպոլիտիզմին: Գրականությունից դուրս նրա համար կյանք չկար: Այս իմաստով իսկ նա տարբերվեց հայ գրականության մի շարք դասականներից: Վերջիններս իրենց լավագույն երկերը գրեցին երիտասարդ հասակում և այնուհետև մինչև մահ այլևս էական ոչ մի բան չավելացրին իրենց վաստակի վրա: Մինչդեռ Դեմիրճյանը հիսունից անց էր, երբ գրեց իր առաջին գլուխգործոցը՝ «Քաջ Նազար» անմահ կոմեդիան և յոթանասունի մոտ ստեղծեց իր երկրորդ գլուխգործոցը՝ հռչակավոր «Վարդանանք» վեպը:
Իր կյանքի հաջորդ տասնամյակում նա գրիչը վայր չդրեց: Նա մեռավ գրիչը ձեռքին, ականջը՝ իր ուշացած փառքի մոտեցող աղմուկին: Աշխարհից հեռացավ դառնացած ոգով, բայց շատ քաղցրություններ թողեց աշխարհին: Նա հայ դպրության գանձարանը մուծեց մի բուռ ամենաշողշողուն գոհարներ, որոնց լույսով պսակված և այսօր կանգնած է արդեն մեր գեղեցիկ խոսքի վերնատան հսկաների կողքին:
Նաիրի Զարյան
(Կ. Թերզյանի «Բույլ մեծաց» գրքից)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել