Օր օրի փոփոխվող ու զարգացող աշխարհում շատ փոխոխությունների հետ մեկտեղ կտրուկ փոփոխություն է ապրել նաև մարդու կենսաձևը: Ներկայում շատ ու շատ մարդկանց կյանքում առաջնայինը աշխատանքը և կարիերան է դարձել, տունը փոխարինվել է աշխատավայրով: Նրանք աշխատում ու աշխատում են, առանց հանգստանալու, առանց առողջության մասին հոգալու: Չէ, որ պետք է հասցնել վազել այս կյանքի խելահեղ ռիթմի հետևից: Եվ այս ամենից կարելի է ենթադրել, որ նրանք աշխատավայրում նախաճաշում են, ճաշում, երբեմն նաև ընթրում….իսկ  «մենյուն» բաղկացած է արդեն ավանդույթ դարձած արագ պատրաստման կերակուրներից, բուտերբրոդներից, քաղցրավենիքից, սուրճից, զովացուցիչ ըմպելիքներից, մեկ բառով ասված fast food: Իսկ հետևանքնե՞րը: Ճարպակալում, մարսողության համակարգի տարբեր խանգարումներ, գլխացավեր, մաշկի հետ խնդիրներ և այլն, և այլն:Բայց հետևանքների մասին մտածելու ժամանակ չկա, կարևորը որքան հնարավոր է արագ համակագրգչի առջևից առանց վեր կենալու մի բան ուտել և կրկին շարունակել աշխատանքը: Այս խնդիրը շատ լուրջ և գրագետ մոտեցում է պահանջում, քանի որ այն անմիջապես կապված է ձեր առողջության հետ: Պետք է ընդհամենը հետևել մի քանի պարզ կետերի. 

  • Նախ համար առաջին կանոնը` տանից դուրս գալուց առաջ անպայման նախաճաշեք: Դա կարող է լինել շատ թեթև նախաճաշ, բայց պարտադիր պետք է լինի: Շատերը սոված տանից դուրս են գալիս և աշխատավայր հասնելուն պես սրճում, որը տղամարդիկ ուղեկցում են մեկ կամ մի քանի ծխախոտով, իսկ կանայք կոնֆետով: Իսկ ինչպես մենք գիտենք նորմալ և առողջ նախաճաշը ամբողջ օրվա թարմ տրամադրության և էներգիայի աղբյուրն է:
  • Աշխատավայրում  ամենահարմարը պատվիրված սնունդն է: Ձեզ երկար սպասեցնել չի տա հարևան ռեստորանից կամ որևէ սուպերմարկետից պատվիրված պիցցան, «հայկական խորովածը», տարբեր ճաշատեսակները, ըմպելիքները: Բայց այս ամենը ունի նաև իր մեծ մինուսը. Դա բավականին մեծ հարված է ձեր գրպանին: Հատկապես Հայաստանյան աշխատավարձերի չափի հետ:
  • Եթե ձեր աշխատավայրում կա փոքրիկ սառնարան ունենալու հնարավորություն, դա շատ լավ է: Դուք կարող եք տանը ձեզ համար ուտելու բան պատրաստել և այն բերել ու պահել սառնարանում: Այնտեղ կարող եք նաև պահել թարմ բանջարեղեն և մրգեր: Դա ձեզ հնարավորություն կտա նաև ավելի շատ գումար խնայել և սնվել ձեր մասին հոգացող մարդկանց պատրաստած սնունդով, այլ ոչ թե ամեն պատահական մարդու պատրաստածով: Հիմա սուպերմարկետներում նաև շատ են հատուկ գրասենյակների համար առաջարկվող մեկանգամյա օգտագործման և սնունդը հերմետիկ պահելու համար նախատեսված սպասքը: Սակայն պետք չէ նաև գրասենյակ տանել շատ յուղալի և  «բուրումնավետ» սնունդ: Յուղալի սնունդը վնասում է ձեր սեփական առողջությունը, քանի որ աշխատանքային ընդմիջումից հետո դուք էլի ժամերով անշարժ նստելու եք համակարգչի առջև: Իսկ ուտելիքի ուժեղ բույրը կխանգարի ձեր շրջապատի մարդկանց և անհարմարություններ կպատճառի ձեզ:
  • Ցերեկային ժամերին կարելի է ուտել կաթնամթերքից ուտելիքներ`տարբեր տեսակի յոգուրտներ, թթվասեր, կեֆիր: Դրանք և՛ շատ սսնդարար ու հագեցնող են, և՛ օգտակար ձեր առողջությանը:
  • Շատերի մոտ արդեն սովորություն է դարձել աշխատանքային սեղանից անպակաս սուրճի բաժակը: Սուրճ իհարկե կարելի է խմել, քանի որ դա ունի թարմացնող հատկություն, բայց պետք չէ մոռանալ չափի մասին:
  • Պետք չէ նաև մոռանալ սնվելու ռեժիմի մասին և միշտ էլ անկախ աշխատանքային օրվա լարվածությունից և աշխատանքի չափից, ժամանակ գտնել սնվելու համար: Դուք կարող եք մի քանի րոպե գտնել մեկ բանան կամ այլ փոքրիկ բան ուտելու համար: Որպեսզի աշխատանքից հետո «չհարձակվեք» սննդի վրա և ուտեք առանց չափի ու հագենալու զգացման:
Աշխատեք սիրով և եղեք առողջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել