ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ 
Արմեն Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերան ընդգրկվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի խաղացանկ: Սակայն թատրոնում կային ազդեցիկ մարդիկ, որոնք արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ ջանում էին տապալել օպերայի բեմադրությունը: Ստեղծված վտանգավոր իրավիճակը հարթելու նպատակով Թբիլիսիից Երևան է գալիս Արմեն Տիգրանյանը: 
...Նրան անակնկալ էր սպասում: Գրականագետ Հայկ Գասպարյանը (Գոհար Գասպարյանի նախկին ամուսինը) հայտնեց, որ Գոհարը թատրոնի գեղարվեստական խորհրդին պետք է հանձնի «Անուշի» պարտիան: Արմեն Տիգրանյանը շատ ուրախացավ և ցանկություն հայտնեց լսելու Գոհարին: Գլխավոր ադմինիստրատոր Ա. Դավթյանի օգնությամբ մտանք դահլիճ ու տեղավորվեցինք աղոտ լուսավորված օթյակներից մեկի անկյունում: Սկսվեց Անուշի պարտիայի հանձնումը: Գ. Գասպարյանի կատարման ընթացքում ես ջանում էի որսալ հեղինակի ռեակցիան, բայց ոչ մի կերպ չէի կարողանում: Տիգրանյանը լուռ էր և անշարժ: Ի՞նչը կարող էր այդպես անտարբեր թողնել հեղինակին: Ընդմիջումներին նույնպես լուռ էր: 
Երբ պարտիայի կատարումը մոտենում էր ավարտին, կոմպոզիտորի դեմքին հետարքրության նշաններ երևացին: Հասավ կուլմինացիայի տեսարանը՝ Անուշի խելագարության պահը: Գոհարն իր տարերքի մեջ էր: Եվ հանկարծ լսում եմ.
-Այսքան հակասական տրամադրություններ, միաժամանակ տեխնիկայի և կանտիլենայի այսպիսի օրգանական ամբողջականությու՞ն... ապշելու բան է:
Իսկ երբ Գոհարը հնչեցրեց վերջին նոտան, այն էլ մի ամբողջ օկտավա բարձր, Տիգրանյանը զարմանքից գրեթե ճչաց.
-Կեցցե՛ս, աղջի՛կս... հիասքանչ է... Ես այդպիսի նոտա, այդպիսի ավարտ չէի գրել, դա ինքն է ավելացրել, դա իրենն է... աներևակայելիորեն լավ է...
Որդու տանը Տիգրանյանը բոլորովին ուրիշ մարդ դարձավ. Գոհար Գասպարյանի կատարումից հիացած՝ նա մոռացել էր իր հիվանդությունը և անընդհատ կատակում էր ու սրախոսում, իսկ հետո խոսեց Գոհարի կատարման մասին.
-Իմ Անուշը գրված է սոպրանոյի միջին ձայնածավալի համար, բայց քանի որ Գոհարի կոլորատուրային ձայնը չունի ոչ մի սահմանափակում, դրա համար էլ նա փայլեց իր արտահայտիչ կանտիլենայով: Այդպիսի կենդանի երգ, բնական շարժուձև, հուզական ապրումներ օպերային երգիչներից շատ քչերն են կարողանում արտահայտել:
Իսկ երբ որոշ մանրամասներ պատմեցի երգչուհու կյանքից, և նա իմացավ, որ Գոհարը եկել է Եգիպտոսից, ավելի զարմացավ.
-Որտեղ Նեղոսը, որտեղ Դեբեդը: Ֆինալում նա այնքան անկեղծ, անմիջական և հուզիչ խաղ ցույց տվեց, որ ինձ թվաց՝ Դեբեդի ձայնն եմ լսում: Այդքան երիտասարդ ու անփորձ, բայց որքա՜ն համոզիչ էր արտահայտում Անուշի անմեղությունը, նրա դժբախտ սիրո ողբերգությունը: Եվ հետո այդպիսի մաքուր առոգանություն ոչ մի երգչի կատարման ժամանակ ես չեմ լսել: Գոհարը «քանդակում» էր իր յուրաքանչյուր բառը: Անուշի կատարումն այնպես տպավորվեց, որ, կարծում եմ, Գոհարի ձայնի համար առաջին հայացքից ոչ համապատսխան թվացող «Դավիթ-Բեկ»-ի Շուշանի կերպարը նրա կատարմամբ կունենա նույն հաջողությունը:Մտածել է պետք:
... Սակայն մեծանուն կոմպոզիտորը չարժանացավ իր ներկայացումները տեսնելու բախտին: Մեկնելուց հետո վիճակը կտրուկ վատացել էր, և իր մահկանացուն կնքեց 1950-ի փետրվարի 10-ին:
(Ս. Առաքելյանի «Գոհար Գասպարյան» գրքից)
(Նկարում՝ Գ. Գասպարյանը Անուշի դերում)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել