Պարզվում է՝ մերօրյա «բարեգործերը» նեղվել են էժան վարկանիշի ստեղծման քննադատությունից: Իհարկե, մեծ փողի պարագայում դժվար է չտրվել պետության մեջ պետություն ստեղծելու գայթակղությանը, և մեր օրերում Մանթաշովներ, կարծես, չկան, սակայն քննադատությանն էլ պետք է ադեկվատ արձագանքել: Ի սկզբանե պետք էր հասկանալ, որ օլիգարխից բարեգործի կերպար ստեղծելու գործընթացը հեշտ չի լինելու:

Ամենացնցողն այն է, որ օլիգարխի քառյակի ներկայացուցիչները խոսում են կառավարության «ջիհադից» ու «ռեկետային քաղաքականությունից»՝ «փորձելով չնկատել» այն պարզ իրողությունը, որ Հայաստանի տնտեսության քաղցկեղն օլիգարխներն են, որոնցից ամենախոշորն այսօր փորձում է «սուրբ բարեգործ» ներկայանալ ու Վիկտոր Յանուկովիչի օրինակով վերցնել իշխանությունը՝ նույն Յանուկովիչի օրինակով պետականությունը մսխելու, բայց միլիոնները միլիարդների վերածելու ակնհայտ մտայնությամբ:

Ուղղակի ցավալի է, որ Հայաստանում դեռևս կան մարդիկ, ովքեր կողմ են առանց գաղափարախոսության, տնտեսական ու քաղաքական տեսլականի գործելաոճին՝ տուրք տալով ամբոխավարությանն ու էժան վարկանիշ ստեղծելու գործելաոճին: Ի վերջո, ո՞ւմ են ցանկանում բերել իշխանության. երկրի ՀՆԱ-ն սեփական գրպաններն ուղղելու մոլուցքով տառապող օլիգարխիայի՞ն, թե ցանկանում են պետական մակարդակով հաստատել մերօրյա «բարեգործների» այն արժեհամակարգը, որ իրենց ֆիլմերում փայլուն կերպով ներկայացրել են Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և Տակեշի Կիտանոն…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել