«ԻՄ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ» 
(հատվածաբար)
Քոչարի «Վարդան Մամիկոնյան» արձանը բուռն հետաքրքրությունների և վեճերի առիթ տվեց: Եղան նրա ինքնատիպությամբ հիացած մարդիկ, եղան նաև կերպարի գեղարվեստական լուծման հետ չհամաձայնող մոտեցումներ: Քոչարը շատ էր սիրում իր այդ ստեղծագործությունը: Ես ձայներիզից գրի եմ առել նրա խոսքը և հրապարակում եմ:
_ Դեռ պատանի հասակից երազել եմ ստեղծել նրա վսեմ կերպարը: Ներսիսյան դպրոցի աշակերտ էի և կավագործական խմբակի անդամ, երբ իմ շատ սիրելի ուսուցիչ Արսեն Շահմազյանը, որ վարում էր խմբակը, ինձ հանձնարարեց պատրաստել Վարդան Մամիկոնյանի կերպարը բառելիեֆի ձևով:Մինչ այդ հայրս ինձ և քույրերիս համար թղթի վրա շշմեցնող արագությամբ նկարում էր Վարդան Մամիկոնյանի պրոֆիլը այնպես, ինչպես որ ես պետք է քանդակեի: Նկարում էր անգիր՝ առանց որևէ լուսանկարի նայելու: Անցան տարիներ: Եվ ահա Սասունցի Դավթի կերպարից հետո ծառացավ իմ առջև հին երազիս ասպետը՝ Վարդան Մամիկոնյանը: Կարծես ճակատագրական մղումով իրականացրի իմ իղձը: Ներսիսյան դպրոցում, երբ անցնում էինք Եղիշե, ես այնքան կլանված էի, որ հիշում եմ, մի օր Մանուկ Աբեղյանը դարձավ ինձ.
_ Հը՞, Քոչարյան, կարո՞ղ ես նկարել:
Երանի հիմա լիներ Մանուկ Աբեղյանը՝ ոգեշնչող այդ սքանչելի ուսուցիչը, և ասեր, թե արդյոք կարողացե՞լ եմ կերտել Վարդանի վեհ կերպարը: Պակաս չի ոգևորել Պատկանյանի Վարդանը: Եվ, վերջապես, Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»: Պակաս նյութ և լուսաբանություն չի տվել հենց Վարդան Մամիկոնյանի ճառը, որ պահված է Մատենադարանում:
Այս բոլորը ի մի բերելով, ջերմացնելով և է՛լ ավելի բովանդակալից դարձնելով՝ կարծես թե ամբողջացավ ցանկացածս կերպարը: Վարդանը պետք է լինի ձիու վրա, մերկացրած սուրը ձեռքին, նա պիտի լինի շարժման մեջ, դինամիկ: Այս մտքով և մտահղացմամբ ես արեցի մեկ մետրանոց մոտ յոթ տարբերակ գիպսից: Բայց դեռ բավարարված չէի:
Հայն իր արյան մինչև վերջին կաթիլը գիտե մարտնչել, եթե նույնիսկ պետք է՝ զոհվել: Վարդանն այդ անհավասար կռվի մեջ մտավ, քանի որ գիտեր՝ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»: Այս բարձր նշանաբանով զրահավորված՝ Վարդանն իր վահանը գցել է մեջքին և ահարկու սուրը բարձրացրած՝ արշավում է թշնամու վրա: Նա բարոյապես բարձր է թշնամու զորությունից: Նրա դիրքն արդեն հաղթողի վսեմ դիրք է: 
Որո՞նք են այս արձանի առանձնահատկությունները: Առաջին. Վարդանն իր ձիով վերևից ներքև է սլանում, և ամբողջ արձանը սուր անկյան ձևով մխրճվում է թշնամու բանակի մեջ: Այս ինքնատիպ, երբեք չկրկնված շարժումը արված է ոչ կամայականությամբ, այլ կամեցել եմ ասել, որ զավթիչները գրավել են մեր դաշտավայրերը և մեզ քշել են դեպի լեռները, ուրեմն՝ մեր հակահարվածը պետք է լինի լեռներից դեպի ներքև, դեպի դաշտավայր: Երկրորդ. այս արձանի ձիու չորս ոտքերը օդի մեջ են, կարծում եմ, նույնպես եզակի է և արդարացված: Եվ երրորդ. ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ չի կանգնեցվել ձիավոր արձան, որի սմբակներից ելած փոշին քանդակված լինի: Հին հանճարները ոչ միայն չեն քանդակել, այլև չեն նկարել: Բացի այս բոլորից, Վարդանի արձանը գաղափարային և սկզբունքային առանձնահատկություն պետք է ունենա: Ի՞նչն է էականը. այն, որ Վարդանը այդ դժվարին պահին, որքան էլ որ ցասման մեջ է և անդրդվելի, չար չէ, այլ բարի է և մարդկային: Նա պետք է լինի ոչ թե նենգ և դավադիր, այլ մեծահոգի, վեհ, ինչպես վայել է հայ մարդուն, հայ ազգային հերոսին: 
1860-ական թթ.Պետերբուրգում էր ապրում գրականագետ, պատմաբան Կարապետ Եզյանը: Մի օր Պետերբուրգի հայ եկեղեցի է մտնում մի հայ ուսանող՝ Ղարաբաղից եկած, արտակարգ գեղեցիկ, խաժակն, գանգուր մազերով և փոքրիկ մորուքով: Եզյանը, նրա դիմագծերի մեջ գտնելով իր երազած հայ իշխանների ու հերոսների կերպարը, ուսանողին տանում է նկարիչ Ստեփան Ներսիսյանի մոտ: Նա էլ գեղեցկատես բնորդից նկարում է իր Վարդան Մամիկոնյանին՝ սաղավարտով, թիկնոցը սեղմած կրծքին: Բայց ինչու՞ Վարդան Մամիկոնյանը հռոմեական սաղավարտ պիտի ունենար: Պատմության մեջ կան և եղել են այնպիսի սխալներ, որոնք ժողովրդի կողմից սրբագործվել են, և ուղղել այդ սխալները, կլինի ամենամեծ սխալը գործել՝ խլելով ժողովրդի սրտից ու մտքից այն մտապատկերը, որին հավատում է ժողովուրդը և կապված է դրան դարերով: Այդ նկարը ժողովուրդը ջերմությամբ և հավատով է ընդունել: Ուստի, ես, գիտենալով հանդերձ Վարդան Մամիկոնյանի պատմական կերպարին չհամապատասխանող այդ կերպարը, գիտակցաբար պահպանեցի թե՛ սաղավարտը, թե՛ զգեստավորությունը: Չեմ ուզեցել խաթարել ժողովրդի մեջ ամրացած Վարդանի կերպարը:
 
(Կ. Թերզյանի «Բույլ մեծաց» գրքից)
(Նկարում՝ Ե. Քոչարի՝ Վարդան Մամիկոնյանի արձանը)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել