Zhirayr-Sefilyan-Garegin-Chugaszyan-and-management-expert-Harutyun-Mesrobyan-012-e1343396818193Preparliament.com-ը գրում է.

Եթե ուշադիր հետենք Հայաստանի վարչախմբի հիմնավորումներին, թե ինչու է հարկավոր միանալ Մաքսային միությանը, կտեսնենք, որ հստակորեն ասվում է, թե դա անվտանգության խնդիր է: Կարող է զարմանալի թվալ, բայց ընդդիմության կողմից նույն դատողություններն են հնչում: Օրինակ՝ ՀԱԿ-ը խոսել է Մաքսային միությանը միանալու մասին՝ նշելով, որ դա արդեն անշրջելի փաստ է և այլևս անմիաստ է դրան անդրադառնալը: Այս բառապաշարով խոսում են նաև մյուս «ընդդիմադիր» կուսակցությունները:

Մենք պետք է կարողանանք հարց տալ և պարզել՝ արդյոք Մաքսային Միությանը միանալով մեր երկրի անվտանգությունը ամրանում է, թե՞ այդ քայլով մենք մեր անվտանգության հարցերը հանձնում ենք երրորդ կողմին։ Իսկապես, եթե հանկարծ ուկրաինական անկայունությունը տեղափոխվի Ռուսաստան, և մենք հայտնվենք անկայուն Ռուսաստանի «գրկում», մենք նույն փաստի առաջ չե՞նք կանգնի, ինչ 1918 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած Ռուսաստանը մեկ օրվա մեջ որոշում կայացրեց զորքերը հետ քաշել, ու մենք հայտնվեցինք բացարձակ անպատրաստ վիճակում: Անկասկած է, որ եթե չլիներ Սարդարապատի հերոսամարտը, մենք պարզապես այսօր չէինք լինի: Մեր ունեցած այս փորձը գալիս է հուշելու, որ անկայուն ժամանակ գլխավոր մարտահրավերը մեկն է՝ որոշումների կայացումը պահել քո ձեռքում, այլ ոչ թե հանձնել որևէ մեկին:

Ուկրաինական ամենագլխավոր դասը, որ մենք պետք է քաղենք, միջազգային երաշխիքների սնանկությունն է մեր ժամանակներում: Եվ խոսքը չի գնում մեկ երկրի կողմից տրվող երաշխիքների մասին, որ մեր դեպքում Ռուսաստանն է: Չորս գերհզոր ժամանակակից պետությունները Ուկրաինային երաշխիքներ էին տվել վերջինիս տարածքային ամբողջականության համար, և այդ հզոր երկրների երաշխիքները առոչինչ դարձան մեկ օրում: Ընդ որում՝ ոչ ոք պատասխան չտվեց այդ երաշխիքների համար։ Եթե սա ունենանք մեր աչքի առաջ, կքաղենք առաջին դասը. որքան էլ վտանգներով լի լինի անկախությունը, շատ ավելի վտանգավոր է, երբ դու չունես ինքնուրույն ձևով քո քաղաքականությունը մշակելու և փոխելու հնարավորություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել