Արուս Հարությունի Ասրյան (1904թ. դեկտեմբերի 9 - 1987) հայ բեմի մեծանուն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1945), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1972)։
Պատանեկությունը անց է կացրել Թիֆլիսում, որտեղ էլ նա ամեն օր ներկա էր գտնվում Թիֆլիսում մշտապես հանդես եկող Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Օլգա Գուլազյանի, Ավետ Ավետիսյանի ելույթներին և հրապուրվում նրանց բեմարվեստով։
1918-ին դեբյուտ է ունեցել Անուշի դերում (Արմեն Տիգրանյանի «Անուշ») Թիֆլիսի օտերետայի թատրոնում​​։
Ասրյան դերասանուհու բեմական արշալույսը զարդարված էր բացառիկ ու անմոռաց մի դիպվածով, որի հիշողությունը մշտապես հուզում էր արտիստուհուն։ «Թիֆլիսի Քրմոյան օրիորդաց վարժարանում, գրել է նա,- ուր սովորում էի 1919 թ., հոբելյանական երեկո էր կազմակերպված ի պատիվ Հ.Թումանյանի գրական գործունեության 25-ամյակի։ Վարժարանի սաների ուժերով բեմադրվելու էր «Անուշ» օպերան։ Անուշի դերը հանձնարարված էր ինձ։ Երեկոյին ներկա էին Հովհաննես Թումանյանը և Արմեն Տիգրանյանը։ Ներկայացումից հետո ինձ մոտեցան նրանք, խրախուսեցին և ասացին, որ իմ տեղը թատրոնն է։ Վերջ։ Այդ երկու խոշոր արվեստագետների կարծիքը սրբություն էր ինձ համար և այդ կարծիքը մեկընդմիշտ որոշեց իմ կյանքի ուղին»։
1922 թվականին, երբ դերասանուհին Օլգա Մայսուրյանը դերասաններ էր ընտրում Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում սովորելու համար, Ասրյանը գերազանց քննություններ է հանձնում, բայց հրաժարվում է մեկնելուց` ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով։
1929 թվականին դերասանուհին հրավիրվում է նորաստեղծ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Մի նոր շրջան է սկսվում Արուսի բեմական կյանքում, որը տևում է մեկ տասնամյակից ավելի։ Այստեղ Հ.Պարոնյանի Շողակաթն էր «Մեծապատիվ մուրացկաններում», որը դերասանուհուն հռչակ ու ճանաչում բերեց։ Այնուհետև Վ.Աճեմյանը բեմադրություն պատրաստեց արևմտաեվրոպական դասական Կ.Գոլզոնիի «Հյուրանոցի տիրուհին» պիեսը։ Արուս Ասրյանը հանդես եկավ Միրանդոլինայի դերով, որն անզուգական էր, գունեղ ու հմայիչ իր ամբողջականության մեջ։
1940թ. Արուս Ասրյանը հրավիրվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն։ Այստեղ տաղանդավոր դերասանուհին ստեղծում է լավագույն կերպարներ, որոնց մեջ փայլում են հատկապես մայրերի և մամիկների կերպարները։ Մարգարետ («Բրոուդիի ամրոցը»), Հեղինե, («Գարնան անձրև»), Մարե («Հանրապետության նախագահ»), Նուբար («Աշխարհն, այո, շուռ է եկել»), Անուշ («Բաղդասար Աղբար») և վերջապես Տատիկը` Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում։ Այս փոքրիկ համարյա անբառ դերում, հայ ժողովրդական «Կռունկ» երգի կատարումով Ասրյանը այնքան տրամադրություն է դնում օտար ափերում տառապած ավանդական հայ կնոջ կերպարում, որ այն դառնում է պիեսում հիմնական կերպարներից մեկը։
Ասրյանի բեղմնավոր գործունեությունը պատկանում է հայ բեմին (մոտ 250 դեր)։ Սակայն դերասանուհին հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում։ 1940 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Քաջ Նազարը»։ Ֆիլմի ռեժիսոր Ամասիյ Մարտիրոսյանը հրավիրում է շնորհալի դերասանուհուն ֆիլմում խաղալու Ուստիանի դերը։ Ասրյանի փայլուն կատարումով այսօր էլ «Քաջ Նազար» ֆիլմը դիտելիս հանդիսատեսը հմայլվում է Ուստիանով։ 1943թ. Համո Բեկնազարյանը նկարահանում է «Դավիթ Բեկը» ֆիլմում կար մի էպիզոդիկ դեր, որի համար ռեժիսորը որոնումների մեջ էր։ Դա սևամորթ աղախնու` Զեյնաբի դերն էր, որ շատերն էին փորձել չէին գոհացրել։ Փորձի հրավիրված Արուս Ասրյանը, երբ երգում է ֆիլմում նախատեսված թախծալի երգը Համո Բեկնազարյանը հուզված բացականչում է. «Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ»։
Իր բեղմնավոր աշխատանքի, լուսավոր ու բարձր արվեստի համար, Ա.Ասրյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով և այլ մեդալներով։
Դերերը կինոյում
1940 - Ուստիան՝ «Քաջ Նազար»
1943 - Զեյնաբ՝ «Դավիթ Բեկ»
1954 - Աշխեն՝ «Փեսատես»
1954 - Սոնա՝ «Լեռնային լճի գաղտնիքը»
1970 - Արուս՝ «Լուսանկար»
1975 - տատիկ՝ «Իմ սիրտը լեռներում է»
Մեջբերումներ Արուս Ասրյանի մասին
Արուս Ասրյանի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմը և շեշտված դերապատկերների նախասիրությունը Հիանալի սուբրետ է, և միևնույն ժամանակ կատակերգու։ Վահրամ Փափազյան։ Սովետ. արվեստ, 1974, N 11, էջ 20։
Արուս Ասրյանի արվեստը սերմանում է մարդու մեջ բարին, առաքինին, գեղեցիկն ու վեհը Եվ հանդիսատեսը բեմի իր քրմուհուն հատուցում է անխառն ու քնքշագին սիրով։ Գևորգ Աբաջյան։ Սովետ. Հայաստան, 1985, N 4, 32-34։
Գրականություն Արուս Ասրյանի մասին
Ալեքսանդր Արաքսմանյան, Արուս Ասրյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 132 էջ։
Ասրյան Ա. Հավատարիմ ուղեկից.- Սովետ. արվեստ, 1981, N5, էջ 46-47։
Ասրյան Ա. Նամակ մոլդավ թատերագետներին.Սովետ. արվեստ, 1984, N9, էջ 17-20։
Աբաջյան Գ. Արուս Ասրյան.-Հայրենիքի ձայն, 1984, 17 դեկտեմբ.։
Աբաջյան Գ. Արուս Ասրյան 80.-Էկրան, 1985, N8, էջ 10-12։
Աբաջյան Գ. Արուս Ասրյան.-Սովետ. էկրան, N 1985, N 4.- էջ 32-33։
Աբաջյան Գ. Արուս Ասրյանը ինչպես հիշում եմ-90.- Ազգ, 1993, 25 դեկտեմբ.։
Արիտիստի կյանքը առանց վերնագրի.- Հայաստանի Հանրապետություն, 1993, 8; 9; դեկտեմբ.։
Արևշատյան Ժ. Կինոյի Արուս Ասրյան. Էկրան, 1984, N4, էջ 2։
Ժողովրդական արտիստուհի, հայ բեմի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանի մասին սիրով ու ակնածանքով են հիշում Վ. Աճեմյանի աշակերտները՝ այսօր արդեն ավագ սերնդի արվեստագետներ: Տիկին Արուսը, որքան փոթորկալից էր բեմում, նույնքան լուռ ու անխոս կյանքում: Երվանդ Ղազանչյանի խոսքով՝ Արուս Ասրյանի հետ նույն բեմում խաղալը ավելի մեծ դպրոց էր, քան որևէ ԲՈՒՀ-ում սովորելը: Վահրամ Փափազյանը դերասանուհուն բնութագրել է այսպես. «Արուս Ասրյանի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմը և շեշտված դերապատկերների նախասիրությունը. հիանալի սուբրետ է և միևնույն ժամանակ՝ կատակերգու»: 
Հաղորդումը նվիրվում է Արուս Ասրյանի ծննդյան 100-ամյակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել