Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ ՄԻՊ 2013 թվականի զեկույցում որպես «թերություններ» մատնանշվել են խնդիրներ, որոնց մի մասում, օրենքը յուրովի մեկնաբանելու արդյունքում, հանգել են եզրակացության, ըստ որի քաղաքապետարանի գործունեությունը որակվել է որպես թերացում: Որոշ դեպքերում էլ ակնհայտորեն անտեսվել է կատարած աշխատանքը, այդպիսով թերևս փորձելով առավել «հնչեղ» դարձնել ներկայացված զեկույցը։ Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում՝ ի պատասխան ՄԻՊ գրասենյակի՝ քաղաքապետարանի գործունեության մասին զեկույցի։

Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի արձագանքում, մասնավորապես, ասվում է. «Նախ և առաջ հարկ եմ համարում նկատել, որ Երևանի քաղաքապետարանը թերևս երբևէ չի փորձել ներկայացնել իր գործունեությունը միայն դրական շեշտադրումներով և առանց մատնանշելու թերությունները։ ՄԻՊ գրասենյակի կողմից որպես «թերություններ» որակված խնդիրների վերաբերյալ հասարակությանը բազմակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նույն հերթականությամբ ներկայացնեմ Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը։

Ինքնակամ շինարարության վերաբերյալ

Օրենսդրությունը հստակ տարանջատում և սահմանում է «ինքնակամ շինարարություն» հասկացությունը և այդ առումով Երևանի քաղաքապետարանը որևէ նոր սահմանման կամ, առավել ևս, տարանջատման լիազորություններով օժտված չէ։ Ինչ վերաբերում է որպես հիմնավորում բերված օրինակին, ապա այն, ըստ էության, որևէ կերպ չի ներկայացնում խնդրի էությունը, քանի որ խնդիրն առնչվում է դեռևս 2003 թվականին օրինականացված ինքնակամ կառույցի վարձակալության իրավունքով զբաղեցրած հողատարածքի օտարման ձևին: Ասել կուզի բերված օրինակը բացարձակապես կապ չունի այն եզրակացության հետ, որին հանգել է ՄԻՊ գրասենյակը։

Մանկապարտեզների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակի հարցը, ինչպես և նշված է ՄԻՊ-ի հիմնավորման մեջ, դեռևս 2012 թվականից օրակարգային է քաղաքապետարանի համար և այն լուծելու ճանապարհին չպետք է առաջանան մարդու իրավունքի հետ կապված նոր խնդիրներ։ Մասնավորապես խմբերի սահմանված թվաքանակի ապահովման հարցը, ըստ էության, կարող է կարգավորվել և կարգավորվում է ավագ խմբերի ավարտական գործընթացի համատեքստում։ Միաժամանակ խնդիրը հնարավորինս կարգավորված է փաստացի հաճախող երեխաների(թվաքանակի) պարագայում, ուստի երեխաների անհրաժեշտ խնամքի վերաբերյալ եզրակացությունը չի կարող հիմնավորվել երեխաների ցուցակային թվով, իսկ մանկապարտեզների համար հերթագրված և մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունեցող երեխաների ու ընտանիքների հիմնախնդիրը առկա է ցանկացած զարգացած և զարգացող երկրի քաղաքներում ու Երևանն էլ, ցավոք սրտի, բացառություն չէ։ Ինչ վերաբերում է նախկին թաղային համայնքների ավագանիների համապատասխան որոշումներով մանկապարտեզների տարածքների վարձակալության տրամադրման խնդրին, ապա այս հարցն իր օրենսդրական և իրավական լուծումը կարող է ստանալ միայն վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել