Վիկտոր Համբարձումյանի՝ Բյուրականի առանձնասենյակ ներխուժեցինք անկոչ հյուրի պես: Դա 1988 թվականի աշնանն էր: Նշվում էր աշխարհահռչակ գիտնականի ութսունամյակը: Իր անձուկ աշխատասենյակում նստած մեծ գիտնականը մեր հայտնվելուց անակնկալի եկավ: Բայց մի պահ: Հետո բարեժպիտ ողջունեց և առաջարկեց տեղավորվել: Հագուկապը՝ սովորական, վերաբերմունքը՝ մարդկային, ինքն էլ՝ համեստափայլ: Ոչ մի պաշտոնականություն, ոչ մի պարտադրանք: Եվ ոգևորված՝ փորձեցինք ուղղել նաև հարցեր «տարօրինակ»:
-Ասում են՝ հոբելյանական շնորհավորանքները Ձեզ երբեք չեն ուրախացրել:
- Ես խիստ բացասաբար եմ տրամադրված հոբելյաններին, այն էլ՝ «շռինդով» նշումներին: Ամեն ոք նախ և առաջ պետք է լինի համեստ: Իմ պաշտոնի բերումով ես պետք է ցույց տամ համեստության օրինակ, իսկ եթե հոբելյան է նշվում, էլ ինչ համեստության մասին է խոսքը:
- Մարդը տիեզերքի մի հյուլեն է: Բայց նա, Դուք էլ եք պնդում, մեծ է իր բանականությամբ: Ո՞րն է մարդու դերը տիեզերքում: 
- Մարդու բանականության ուժը անսահման է: Հետևաբար, նա կարող է ճանաչել տիեզերքը, իսկ վերջինս երբեք չի կարող «ճանաչել» մարդուն: Նա կարող է միայն իր տարերայնությամբ ազդել մեզ վրա և ոչ ավելի: Առայժմ մարդը չի կարող ապրել տիեզերքում: Եվ դա շատ լավ է: Իսկ որքա՜ն է նա ազդում հողագնդի վրա և, հիմնականում, ավերածություններ անում: Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Մարդիկ ճանաչում են գիտնական Վիկտոր Համբարձումյանին, իսկ Ձեր մարդկային նկարագրի մասին գրեթե ոչինչ չգիտեն: Ասում են՝ Դուք շատ սակավապետ եք:
- Ասացի, որ համեստությունը մարդու ամենակարևոր հատկություններից է: Համեստությոնն է մարդուն երջանիկ դարձնում: Մարդն իրեն սկսում է դժբախտ զգալ այն ժամանակ, երբ պահանջները չեն բավարարվում: Իսկ իմ մարդկային պահանջները համեստ են, և ես, ինձ երջանիկ զգալով, նվիրվում եմ գիտությանը: Իսկական գիտնականը նա է, ով հաջողության հասնում է իր բնագավառում, կամ երբ բավարարվում է նրա հետաքրքրասիրությունը: Ինձ չի հետաքրքրում՝ լավ եմ հագնված, թե ոչ, բոկոտն չեմ, և վերջ:
- Ունե՞ք նախասիրություն:
- Պոեզիան: Նախ և առաջ հայկական, ռուսական: Ինձ համար ամենամեծ բանաստեղծը Հովհաննես Թումանյանն է:
- Մարդու անցողիկության մասին ի՞նչ եք խորհում:
- Ես կարծում եմ, որ մարդն առհասարակ չպետք է մահվան մասին մտածի: Եթե մահկանացուն հասկանում է բնական երևույթները, մահվան անխուսափելիությունը, նա սկզբից ևեթ պետք է հաշտվի ու չվախենա մահից: Դա է հավերժի օրենքը: Մարդն առայժմ չի կարող հասնել ֆիզիոլոգիական անմահության: Նույն Թումանյանն այսպես է ասում. «Գործն է անմահ, լավ իմացեք, Որ ապրում է դարեդար, Երնեկ նրան, ով իր գործով, կապրի անվերջ, անդադար»: 
- Աստղերի հե՞տ է հետաքրքիր զրուցել, թե՞ մարդկանց:
- Ինձ համար բնական երևույթներից ամենահետաքրքիրը բանական աշխարհի ծաղիկն է՝ մարդը: Ես ընտրեցի այլ բնագավառ, թեև հավատացած եմ, որ ամենաբարդը հասարակական զարգացման հարցերն են, գիտակցությանն առնչվող հարցերը: Մարդը միշտ հետաքրքիր է: Բայց նա պետք է գիտենա, թե ինչով կարող է և պետք է զբաղվել:
- Ո՞րն եք համարում մեզ թողած ամենամեծ գանձը, ի՞նչը պետք է կտակենք սերունդներին:
- Մենք մշակութային հսկայական ժառանգություն ենք ստացել: Իսկ ամենամեծ գանձը մեր լեզուն է: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր լեզուն շարունակի բարգավաճել ժամանակակից քաղաքակրթության պայմաններում՝ որպես ազգ պահող գլխավոր գործոն: Ես միշտ հավատացել եմ մեր ազգի ապագային, նրա կենսունակությանը, շնորհքին:
- Մտադիր չե՞ք Ձեր կյանքի և գործի փիլիսոփայական գիրքը գրել:
- Ես ինձ այնքան էլ մեծ մարդ չեմ համարում, ուստի այդ մասին չեմ էլ մտածում: Մարդը չպետք է մեծ նշանակություն տա իր անձին: Գլխավորը գործն է:
2009 թվականին երևանյան երբեմնի աստղադիտարանի պուրակում տեղադրվեց Վիկտոր Համբարձումյանի արձանը: «Հարյուրամյա» մեծ գիտնականի բրոնզափայլ արձանն ասես ուղղված է ոչ թե աստղազարդ երկնքին, այլ տիեզերքը «կառավարող» մարդուն:
 
(Հ. Մարտունու «Օթյակ» գրքից)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել