Ռուսաստանի ու Ուկրաինայի հաշտության գինը լինելու է Ղրիմը և Աջ սեկտորի վերացումը: Սա գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում և արդեն նշմարվում են Լավրով-Քերրի բանակցությունների փոխզիջման ուրվագծերը. Ռուսաստանը ստանում է Ղրիմը, բայց չի մտնում Ուկրաինայի արևելք ու հարավ-արևելք, Ուկրաինայի նոր իշխանությունները սկսվում են դիտարկվել որպես լեգիտիմ, բայց փոխարենը իշխանական համակարգից արմատախիլ են անում Աջ սեկտորին ու բոլոր այլ ծայրահեղ-ազգայնական ուժերին:

Սրա բոլոր նախանշանները արդեն կան. Ռուսաստանը սկսել է թուլացնել Ուկրաինայի սահմանին կուտակած իր բանակային խմբավորումները, փոխարենը, Ուկրաինայի ու Արևմուտքի կողմից էականորեն նվազել է Ղրիմի անեքսիայի շուրջ աղմուկը: Բացի դրանից, արդեն շաբաթից ավել է, ինչ ուժգին պրեսինգի է ենթարկվում Աջ սեկտորը, և Մուզիչկոյի սպանությունից հետո արդեն ձեռնամուխ են եղել ողջ կառույցի կազմալուծմանը:

Երեկ երեկոյան Մայդանում էլի կրակոցներ են եղել և հաղորդվում է, որ Աջ սեկտորի ակտիվիստներից մեկը գնդակահարել է Մայդանի ինքնապաշտպանության երկու մարտիկների, ինչպես նաև Կիևի պետաշխատակազմի պետի տեղակալը: Անմիջապես հետևել է ՆԳ նախարար Ավակովի հայտարարությունը, որ միանգամից ասել է, որ մեղավոր է Աջ սեկտորը և հավելել է, որ Աջ սեկտորին կասկածում են փետրվարի 17-20-ին այդքան մարդկանց սպանած դիպուկարահարների հետևում կանգնած լինելու մեջ:

Սա նշանակում է, որ մոտ ժամանակներս Աջ սեկտորին կճանաչեն օրենքից դուրս, իսկ Մայդանի ողջ մութ կողմը կբարդվի Յանուկովիչի ու Աջ սեկտորի վրա: Ուկրաինան աստիճանաբար կվերադառնա այն քաղաքական կուրսին, որը կար մինչև Մայդանը ու ստատուս քվո կհաստատվի՝ գոնե մի որոշ ժամանակով: Այս քաղաքական զինադադարի գինն էլ կլինի Աջ սեկտորն ու Ղրիմը:

Ու որպեսզի համաշխարհային հանրության ուշադրությունը շեղվի Ուկրաինայից, հավանաբար էլի փոխադարձ պայմանավորվածության արդյունքում կազմակերպվեց Սիրիական քաղաքացիական պատերազմի էսկալացիա, իսկ Ռուսաստանը արդեն մի քանի օր է՝ շեշտադրումներ է անում հայկական գործոնի ու ցեղասպանության վրա: Իրականում, սա շատ բարդ ու մի քանի մակարդակ ունեցող խաղ է ու ամեն ինչ խոսում է նրա մասին, որ ինչպես 2001 թվականին, այնպես էլ հիմա, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվել են ինչ-որ բանի շուրջ ու մի խաղ են ձեռնարկել, որի ընթացքն ու արդյունքները գիտեն միայն իրենք, իսկ մնացածը պարզապես պեշկաներ են այս խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել