«Վարդուհի Վարդերեսյանի Ջոնին համակ լույս է մի պայծառություն որ անդրադառնում է հանդիսատեսի հոգում:   Ոչ մի ավելորդ դիմախաղ ոչ մի անհարկի շարժում ոչ մի անտեղի ելևէջ:   Վ. Վարդերեսյանն այնպես է վերամարմնավորվել Ջոնիի մեջ որ հեշտ չէ երևակայել մեկ ուրիշ Ջոնիի մինչև իսկ մեկ այլ ձայնով ու շարժուձևով»:
 
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
Չգիտեմ՝ ինչու, մարդու կյանքի կորագիծը միշտ նմանեցրել եմ արևի ընթացքին՝ արշալույս, միջօրե, մայրամուտ:  
1960-1961թթ. ես ընդհուպ մոտեցել էի իմ ստեղծագործ կյանքի միջօրեին: Երբ արևը հասնում է զենիթին, ավելի կիզիչ են լինում ճառագայթները: Անսովոր մի բան պիտի լիներ իմ ստեղծագործության մեջ և եղավ, ինչպես հավատացնում էին հանդիսատեսները, պարզ հոգիներից մինչև գիտության կորիֆեյները:
Չգիտեմ՝ որտեղից և ինչ պարագաներում էր Վ. Աճեմյանին հասել Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» իմաստուն թատերախաղը: Կարծեմ գրողն ինքն էր տվել Աճեմյանին երևանյան իր հերթական այցելության ժամանակ: Կարդացել էր Աճեմյանը թատերախաղը, ոգևորվել, բոցավառվել էր երևակայությունը, տեսել էր ներկայացումը բեմի վրա ու ասել Սարոյանին.
- Մանչուկի դերը դերասանուհի պիտի խաղա:
Իսկ թե որ դերասանուհուն է նկատի ունեցել Վ. Աճեմյանը, ինձ հայտնի լինել չէր կարող:
1959-ի հոկտեմբերին էր. քարտուղարուհին հայտնեց, թե Աճեմյանը ուզում է ինձ տեսնել: Ներկայացա: Սովորական աշխույժն աչքերում՝ դիմեց ինձ.
- Վարդուհի, քեզ համար մի սքանչելի դեր կա:
Այդ ժամանակ պատրաստվում էի լույս աշխարհ բերել երկրորդ զավակիս:
- Բայց պետք է հրաժարվես զավակիցդ:
Աճեմյանի առաջարկը անսպասելի անակնկալ էր ինձ համար: Նույն առաջարկն արել էր ինձ Աբարյանը 1952թ. ինչ-որ դերի առնչությամբ: Ես մերժել էի: Մերժեցի և Աճեմյանին, քանի որ դա հակառակ էր հայ ընտանիքի իմ պատկերացումին:  
Վ. Աճեմյանը այդպես էլ չորոնեց նոր դերակատար: Ծալեց պիեսը մի ամբողջ տարի, մինչև կհասներ ժամանակը: 1960թ. նոյեմբերի վերջերին սկսվեցին Վ. Սարոյանի թատերախաղի փորձերը:
Ջոնիի կերպարը առաջին իսկ պահից հրապուրեց, կլանեց ինձ, վերադարձրեց ինձ իմ տխրադալուկ մանկությունը, այն հոգեհարազատ մարդկանց դեմքերը, որոնց շրջանում հասակ էի առել ես: Փորձերի ընթացքում աստիճանաբար տեսա ու ըմբռնեցի, որ Մեք Գրեգորը ամենևին էլ շոտլանդացի չէ, Սասնա կոտորածներից երջանիկ պատահականությամբ փրկված մի մարդ է, որը ծնվել էր շեքսպիրյան ամենամեծ դերասանը դառնալու համար, և կդառնար, եթե հայ ծնված չլիներ: Հասկացա, որ Ջոնիի հայրը՝ Բեն Ալեքսանդրը, անվանափոխ հայ բանաստեղծ է, որը կարող էր դառնալ Վ. Սարոյանի նման աշխարհահռչակ գրող, եթե... Ըմբռնեցի, որ Մարեն հայ ընտանիքն իր ուսերին պահող փխրուն, բայց և դյուցազնական ուժն ունեցող այն առեղծվածային կինն է, որ կարող էր ոսկու փոխարեն Մշո Ճառընտիրը շալակած հայրենիք բերել:
Հաջող, լավ, գերազանց կերպարներ կերտելու բերկրանքը շատ անգամներ եմ ճաշակել, բայց այն հրճվանքը, որ ապրեցի Ջոնիի կերպարի շնորհիվ, բացառիկ էր, շատ քիչ դերերում եմ ճաշակել: Ջոնիի կերպարում ես իմ անարև մանկությունն էի դրել, իմ որբացած հոգին: Ինձ համար Ջոնիի ամեն մի խոսքը, ամեն բառը սոսկ բառ չէր, մի ամբողջ աշխարհ էր, մեր ժողովրդի կենսափիլիսոփայությունը, իմաստությունը:
Ջոնին հաճախ գլուխկոնծի էր տալիս:
- Վարդուհի, տես, հա՜, չգիրանաս, - ասում էր Աճեմյանը:
Ու ես տանը մարզվում էի, գլուխկոնծի էի տալիս մինչ ուժասպառ լինելս: Հանգստանում էի ու նորից անում մարզանքս:  
Ջոնիի կերպարի լավագույն հատվածն, իմ ընկալմամբ, խանութպան Կոզակի հետ ունեցածս տեսարանն էր, նրա հետ ունեցածս զրույցը: Այստեղ իմ Ջոնին իսկական դիվանագետ էր: Հիմա՝ տարիներ անց, դժվարանում եմ մտաբերել իմ ստեղծած կերպարի բոլոր մանրամասները, դժվարանում եմ ասել, թե որ խոսքը ինչ գունավորումով էի արտաբերում, բայց մի նախադասություն արտաբերում էի սարսուռով: Այդ նախադասությունն ավարտական վարագույրն իջեցնող խոսքն էր, այն ոսկեզօծ շրջանակը, որն իր մեջ ամփոփում էր ներկայացման ոգին, իմաստը.
- Ես ոչ ոքի անունը չեմ տալիս, պապա, բայց ինչ-որ մի տեղ մի բան սխալ է...
Երեսուներեք տարեկան էի, երբ առաջին անգամ Ջոնիի կերպարանքով հայտնվեցի բեմում: Տասնյոթ տարի ապրեցի Ջոնիի հետ կամ նա ինձ հետ հաշտ ու խաղաղ: Երբ հասա հիսունին, զգացի, որ ինչ-որ բան է կատարվում իմ Ջոնիի հետ: Այդ ինչ-որ բանը իմ մեջ չէր, առնչված չէր կենսական ուժերիս նվազման հետ: Սակայն ինչ-որ մի բան անհանգստացնում էր ինձ: Ի՞նչը: Ծերացել էր ներկայացումը, մաշվել: Ու որքան էլ կայտառ լիներ իմ Ջոնին, մաշված ներկայացման մեջ չէր կարող պահել իր նախկին փայլը:
Ու մի օր էլ՝ 1978-ի ամառնամուտին... հրաժեշտ տվի իմ հոգու զավակին, իմ խելոք, փիլիսոփա մանչուկին և ճիշտ վարվեցի:
... Իմ Ջոնին իմ կյանքի հեքիաթի մեջ իրոք հեքիաթ էր և կամ հեքիաթի թերևս ամենագեղեցիկ դրվագը, որի հետ անջնջելի շատ հուշեր են կապված, և որի հասցեին թատերական քննադատական միտքը, հանդիսատեսի հավաքական սիրտը հասցեագրեցին հիացմունքի, գնահատանքի վարար խոսքեր, որ շոյել ու դեռ շոյում են արվեստագետիս ինքնասիրությունը:

(Վարդուհի Վարդերեսյանի «Իմ կյանքի հեքիաթը» գրքից)
(Նկարում՝ Վ. Վարդերեսյանը Ջոնիի դերում)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել