Երեկ մի հոդված կարդացի, որի հեղինակը զգուշությամբ շոշափում էր Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչության տրամադրությունը՝ կապված Ռուսաստանի Պետդումայում քննարկվող օրինագծի հետ, ըստ որի, Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ քաղաքացիներին և նրանց ժառանգներին կտրամադրի ռուսական քաղաքացիություն ստանալու հնարավորություն: Հայրենասիրական զգացմուներովս ցանկացա բացառել, որ «հյուսիսցիների» նման շանսից օգտվելու հնարավորությունը կարող է խոցելի դարձնել Հայաստանի Հանրապետության ապագան և քաղաքացիներին ապագայում ուղղորդի սխալ ընտրություն կատարելու քայլին: Ասեմ, որ ըստ իս, ՀՀ իշխանությունները ձգտում են հենց այն բանին, որ Հայաստանը հայտնվի մի իրավիճակում, որից միակ ելքը կդառնա Ռուսաստանի Ֆեդերացիայի կազմի մեջ մտնելը, թերևս, այս մտքին է ուղղորդում իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը՝ թշնամիներով շրջապատված երկիր, դատարկվող սահմանամերձ գյուղեր, ավաններ, մարզեր, համատարած գործազրկություն, աղքատության աճ, արտագաղթ, դրամի անկում, գազի գների թանկացում և այլն: Անշուշտ, առաջին իսկ մտքով ցանկացա բացառել հանրաքվեի անցկացումը, իսկ երկրորդը միտքը, որ եկավ, դա Հայաստանի պետականության կորուստն էր (համաձայն եմ, վտանգավոր մտքեր են): Սակայն հոդվածի հեղինակը ոչ անհիմն շեշտադրում և որպես փաստարկ առաջ է քաշում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի, մարզի բնակչության գործազրկության և աղքատության, արտագաղթի և աշխատանքային միգրացիայի հարցը, քանի որ բնակչությունն իսկապես հիասթափված է և գտնվում է անելանելի իրավիճակում, թերևս սրանով էլ կարելի բացատրել գյումրեցիների պասիվությունը կամ չեզոքությունը՝ մայրաքաղաքում անցկացվող հասարակության ինքնակազմակերպման, ինքնագիտակցման և ընդվզման յուրաքանչյուր դրսևորումներին: Գյումրին լռում է, թեև գյումրեցիների անունից երբեմն արտահայտվում են անհատներ կամ ՀԿ-ների ղեկավարներ, սակայն, միշտ չէ և ոչ բոլոր հարցերում է, որ այդ ելույթները կարելի դիտել որպես ընդհանուրի կամ մեծամասնության դիրքորոշում:
Գյումրին դուրս է մնացել հայաստանյան քաղաքական դաշտից: Գյումրին չի պայքարում, այլ սուզվել է մշակութային բեղուն կյանքի մեջ, Գյումրին արարում է՝ սև սիրտ վարդագույն անդրավարտիք: Ինձ համար բավական տարօրինակ է գյումրեցիների նման պահվածքը: Ի դեպ, այս պարագան նաև ակնարկ է, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հեռանալուց հետո, Գյումրիում դեռևս առկա է վախի մթնոլորտը, որը կարծում եմ պայմանավորված չէր միայն Ղուկասյանների կրիմինալ ընտանքով, փաստորեն Գյումրիում դեռ կա սպառնալիք՝ «ոչ կրիմինալ», բայց քաղաքականացված ընտանիքների կողմից: Գտնում եմ, որ գյումրեցիների լռության պատճառներից մեկը նաև այս պարագան է:
Վստահ եմ, որ ռուսական քաղաքացիություն ստանալու իրավունքից շատերը կօգտվեն առանց վարանելու, և եթե չլիներ այս պարագան, թերևս «անխոցելի» Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը» կարելի կլիներ համարել նրա հյուսիսային մարզերի բնակչությունը: Եթե համարենք, որ Շիրակում Սերժ Սարգսյանի տոկոսներ խփելու ինքնավստահությունը սին դուրս եկավ, ապա չեմ բացառում այն փաստը, որ ինքը գիտեր, թե ինչ էր խոսում, սակայն այդ խոսքերը մենք չպետք է դիտեինք նախագահական ընտրությունների կոնտեքստում, քանզի մեզ սպասվող ապագայի խճանկարում այն ընդամենը մի փոքրիկ հատված էր պատկերից: Կարծում եմ, որ իրատեսական կլիներ ընդունել այն փաստը, որ Հայաստանը վաղուց է կորցրել իր պետականությունը, իսկ անկախ Հայաստանի կերպարը պարզապես հորինծու է: Ինքս ինձ կդասեի այդ կերպարին հավատացողների շարքում, բայց կարծում եմ, որ դա ինքնախաբեություն կլիներ և դավաճանություն անձիս նկատմամբ:
Իրատեսական է այն, որ ՀՀ իշխանությունները հատուկ քաղաքականություն են վարում գյումրեցիների նկատմամբ՝ դատարկելով Գյումրին, չկա ընդվզող բնակչություն, չկա Գյումրին, չկա նաև խնդիր և արգելք: Կարծում եմ, որ ավելի քան երբևէ, Հայաստանը կարիք ունի փրկելու Գյումրին և ընդհանրապես իր հյուսիսային շրջանները: Այսօրվա՝ «Փրկեք Քեսաբը» կոչերին ես կավելացնեի նաև «Փրկեք Գյումրին»: Հնարավոր է, որ չհամաձայնեք արտահայտածս մտքերին, բայց նաև չբացառեք դրանք, քանի որ կյանքը լի է անակնկալներով:
Կից նյութը` այստեղ