Սպիտակ թուղթ ճարելը հեշտ է, շատ հեշտ, եթե գրելու ցանկությունը խեղդում է: Գրելն էլ է հեշտ: Միշտ էլ կա ասելիք, եթե դու քո հետ ես խոսում: Դժվարը սեփական գրածը ընթերցելն է:

  Ես 12-13 տարեկանից կյանքի օրագիր եմ պահում: Այն ժամանակ կյանքը շատ պարզ հասկացողություն էր, չակերտներով շրջապատված: Ու ես էլ հիմնականում գրում էի, թե ինչ եղավ օրվա ընթացքում, ում հետ ինչ պատահեց, իմ կարծիքներով վերլուծում էի օրը ու փակում տետրը: Անկեղծությունս կիսում էի միայն իմ հետ, հաստափոր տետրերում: Ամեն օր, քնելուց առաջ ու պարտադիր:


  Հետո արդեն սկսվեց կյանքի խորը ընթացքը, ժամանակը դարձավ հետաքրքիր ու սուղ, օրագիր գրելը սկսեց դուրս գալ իր ռեժիմից: Եսասիրական ինչ-որ տարօրինակ մղումով արդեն գրում եմ տխուր կամ անբնական հուզված պահերին: Վերջացնում եմ, նետում պահարանի մի անկյուն: Թեթևացա՞` վերջ: Այսպիսի տխուր ընթացքով օրագիր լրացնելը դարձավ անհրաժեշտությունից անհրաժեշտություն հիշելու բան:

  Հիմա գրելու շատ բան չունեմ: Մարդկանց հետ կիսվելուց էլ եմ հոգնել: Բայց կյանքը լցվել է: Օրագիրս դարձել է ծայրից ծայր հանելուկապատ գրությունների շարան, լիցքաթափվելու մի յուրօրինակ ու հարազատ միջոց: Մեկուկես տասնյակի չափ տետրերի շարանը այսօր տեսանելի ու շոշափելի կերպով ապացուցում է, որ ես ապրել եմ: Որովհետև կյանքը իր զգացումներով մտել է մտքերիս մեջ ու տպվել թերթերին: Մտքերս ապրել են:

  Բայց, համենայնդեպս, տխուր բան է անցած կյանքդ մանրամասն վերհիշելը: Ու պետք էլ չէ: Չեմ սիրում օրագրերս կարդալ: Թերթում եմ առանց ընթերցելու, ամեն ինչ վերապրում ու փակում: Թերթում եմ կոնկրետ կյանքիս, մտքերիս էջերը:

  Վերջերս երևի շատ եմ երջանիկ, ահագին ժամանակ է` չեմ լրացրել օրագիրս: Բոլոր թերթերը գոռում են, որ կարոտել են ինձ: Օրագիր պահողները ինձ կհասկանան:

  Մաքուր թուղթ մրոտելը հեշտ է: Իմաստ ու նպատակ է պետք դրա մեջ: Ու տետրերից վերջին` կիսատ «հատորը» դեռ սպասում է ինձ: Բայց առայժմ շատ եմ երջանիկ: Թե չէ, թուղթ մրոտելը հեշտ է..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել