Վերջին տարիների ընթացքում վրաց մեդիայի որոշ մասը բավականին «ոչ վատ» մշակել է մի քանի թեմաներ-խնդիրներ, որոնց «լուսաբանման» ընթացքում հասարակության մեջ առաջանում է ֆոբիա հայերի նկատմամբ (հայավախություն): Կարճ ասած` վրաց մամուլի մի մասը պարբերաբար լուսաբանում են «հայկական թեմաները» և նպատակաուղղված օգտագործում են ատելության լեզու և դրանով իսկ բնականաբար չեն նպաստում երկրի բարեկեցությանը:

Հարկ է նշել, որ վրացալեզու մամուլի նման գործողությունները ամենից հաճախ վերագրում են լրագրողների ոչ պրոֆեսիոնալիզմին, սուբյեկտիվությանը և անիրազեկությանը: Մի խոսքով, ինչ-որ լրագրող ինչ-ինչ պատճառներով «չի սիրում» հայերին կամ էլ նրա մոտ արդեն ձևավորվել է պատկերացում որևէ հարցի շուրջ… և ահա այդ լրագրող-հայատյացը հոդված է գրում: Բնականաբար նա ոչ մի լավ բան չի գրի: Բայց հենց այստեղ հաջորդ հարցն է ծնվում. այն ԶԼՄ-ներում, որտեղ աշխատում է այդ լրագրողը, չկա՞ն արդյոք խմբագիրներ կամ գոնե որևէ մեկը, որը վերընթերցում է գրվածը՝ մինչ հրատարակելը: Հաշվի առնելով հաճախականությունը` ըստ որի տպագրվում են հակահայկական հոդվածները, այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ խմբագիրները ծուլանում են կամ նրանց դուր է գալիս այն, ինչ գրում են ոչ պրոֆեսիոնալ լրագրողները, կամ էլ… կամ էլ այդ մեդիա-գործակալությունը ունի ուրիշ, լավ քողարկված նպատակներ:

Մարտի 23-ին «Իմեդի» հեռուստաալիքով կիրակնօրյա «Պանորամա» հաղորդման ժամանակ ցուցադրվեց Սամցխե-Ջավախքում նկարահանված տեսանյութ: Մինչ հարգելի ընթերցողին կպատմենք այդ տեսանյութի մասին, հարկ է նշել, որ տվյալ տեսանյութը ցուցադրվել է ղրիմյան իրադարձությունների լուսաբանման սյուժեից անմիջապես հետո: Այդ կերպ «Իմեդի» հեռուստաընկերությունը կարծես նախապատրաստեց հեռուստադիտողին հետևյալ տեսանյութին: Բարենպաստ հիմք պատրաստեց, որպեսզի Սամցխե-Ջավախքի մասին տեսանյութը հեռուստադիտողի կողմից ընկալվի ճիշտ այնպես, ինչպես ցանկանում է ինքը հեռուստաընկերությունը:

«…և ահա, ինչպիսի՞ տրամադրություններ են Ջավախքում Ղրիմի անեքսիայից հետո: Հայերի Խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Վրաստանի` ՆԱՏՕ մտնելու դեպքում սպառնում է ապստամբություն Ջավախքում: Վրաստանի` ազգությամբ հայ քաղաքացիները երկակի վերաբերմունք ունեն Բաքու, Թբիլիսի և Կարսը միավորող երկաթգծի շինարարական աշխատանքների հարցում: Այստեղ պատճառը նաև ՆԱՏՕ-ի և Թուրքիայի մեջ է: Ի՞նչ են մտածում Ջավախքում: Դրա լուսաբանման համար Գուրամ Ռոգվավան(լրագրող) ուղևորվել է դեպի Վրաստանի հարավ», -այսպիսի նախաբան արեց «Պանորամա»-ի հաղորդավարը սյուժեի սկսվելուց առաջ:

«Մենք գտնվում ենք վրաց-թուրքական սահմանի վրա, որտեղ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի շրջանակներում 1300-մետրանոց թունելի աշխատանքներ են տարվում: Այս ժայռով շուտով կանցնի թունել, որը կկապի Վրաստանը Եվրոպայի հետ: Մինչդեռ ռազմավարական այդ կարևոր նախագծին դեմ են Վրաստանում ապրող ազգությամբ հայ քաղաքացիները: Նրանց համար գլխավոր խնդիրը Թուրքիան է», -հեռուստացույցի էկրանից ասում է Գուրամ Ռոգվավան:

Վերոնշյալ ասվածից անմիջապես հետո ցույց են տալիս Մելս Թորոսյանի մեկնաբանությունը, որը «Իմեդի» հեռուստաընկերության կարծիքով, հաստատում է լրագրողի եզրակացությունները: Ահա թե ինչ է ասում Մելս Թորոսյանը. «Վրաց իշխանությունները կփոխանցեն երկաթգծի պաշտպանությունը Վրաստանի տարածքում ադրբեջանցիներին: Հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև (կադրում հստակորեն լսվում է, որ Թորոսյանը ռուսերենով ասում է «հարաբերությունները հայերի և ադրբեջանցիների միջև», ոչ թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև») դուք ինձնից լավ գիտեք: Երկաթգիծը միայն ռելսեր չի: Ռելսերից բացի, նրան պետք է տարածք տալ` կիլոմետր այստեղից, կիլոմետր այնտեղից: Եվ ամբողջ Ջավախքը կվերահսկե՞ն ադրբեջանցիները: Իսկ ինչո՞ւ չեն կարող հսկել վրացիները: Հետաքրքիր հարց է, չէ՞:»

Անհասկանալի է, թե ի՞նչ հակավրացական բան է լսել Գուրամ Ռոգվավան և «Իմեդի» հեռուստաընկերությունը տվյալ մեկնաբանության մեջ: Մելս Թորոսյանը հստակորեն արտահայտեց իր դիրքորոշումը և այն, ի դեպ, շատ ավելի վրացամետ էր, քան այդ հեռուստաընկերության այդ ամոթալի և վտանգավոր տեսանյութը:

Մելս Թորոսյանի մեկնաբանությունից հետո «Պանորամա» հաղորդումը ցուցադրում է հատվածներ Սամցխե-Ջավախքի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների զրույցներից:

«Գալիս են միայն նախընտրական ժամանակահատվածում: Կամ երբ խոսում են ինչ-որ անջատողականության մասին: Ուրիշ ժամանակ ոչ ոքի չի հետաքրքրում` արդյո՞ք այստեղ ապրում են մարդիկ, թե ոչ, ինչպե՞ս են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն:

Դա ոչ ոքի չի հետաքրքրում», -Վահագն Չախայլանի մեկնաբանությունը:

«Եթե մենք ունենային անջատողականության տրամադրվածություն, դրա արտահայտման լավագույն շրջանը 2008 թվականն էր: Մինչդեռ մենք այն ժամանակ հստակորեն բոլորին ցույց տվեցինք, որ մենք Վրաստանի քաղաքացիներ ենք և ուզում ենք ապրել միասնական պետության մեջ», -Արտակ Գաբրիելյանի մեկնաբանությունը:

«1991թ.ի մարտի 31-ին մենք բոլորս քվեարկեցինք Վրաստանի անկախության օգտին: Եթե մենք այլ մտադրություններ ունենայինք, մենք այդպես չէինք վարվի… 1991թվական… Դուք հասկանում եք, չէ՞: Խորհրդային միության փլուզում, հանցագործությունների աճ, Կառավարություն փաստացիորեն գոյություն չուներ… Չէ՞ որ մենք կարող էինք օգտվել այն բանից, թե ի՞նչ ենք հիմա ասում այս կառավարությանը (կադրում հստակորեն ռուսերենով լսվում է «ի՞նչ է հիմա ասում այս կառավարությունը», ոչ թե «ի՞նչ ենք հիմա ասում այս կառավարությանը»)», -Դավիթ Ռստակյանի մեկնաբանությունը:

Վերոնշյալ մեկնաբանություններում «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողը ստացավ սպառիչ պատասխան հարցին, թե` «Կա՞ն արդյոք Սամցխե-Ջավախքում անջատողական տրամադրություններ»: Մինչդեռ լրագրողը ոչ մի կերպ չի հանգստանում: Նա նորից ու նորից շարունակում է անել նույն հարցադրումը. «Ինչքանո՞վ է իրական անջատողականության սպառնալիքը Սամցխե-Ջավախքի շրջանում և արդյո՞ք դուք աջակցում եք Վրաստանի Եվրոինտեգրացիային: Այդ հարցի պատասխանը ստանալու համար տեղի լրագրողները մեկ անգամ չէ, որ անցկացրել են սոցիալական հարցում: Ինչպես մեզ ասաց Ռիմա Ղարիբյանը, վերջին անգամ ժողովուրդը հարցվել է անցյալ տարի, իսկ պատասխանները հուսադրող են», -շարունակում է Գուրամ Ռոգվավան:

«70/30 տոկոս հարաբերությամբ: Կոպիտ ասած՝ 70%-ը կողմ է, իսկ 30%-ը՝ դեմ», -ահա այսպիսի հատված է ներկայացնում հեռուստադիտողին «Իմեդի» հեռուստաընկերությունը Ռիմա Ղարիբյանի հետ զրույցից: Բնականաբար կարող է հարց ծագել, թե տրված հարցի ո՞ր մասին է պատասխանել Ռիմա Ղարիբյանը: Սեպարատիզմի մասի՞ն, թե եվրոինտեգրման: Իհա՛րկե, տրամաբանական է, որ եվրոինտեգրման: Այդժամ ծնվում է ուրիշ հարց. ի՞նչ նպատակ էր հետապնդում հարցի առաջին մասը, որը վերաբերում էր անջատողականությանը: Հավանաբար, «Իմեդի» հեռուստաընկերությունը որոշել էր ինչքան հնարավոր է հաճախակի օգտագործել «անջատողականություն» բառը հայերի վերաբերյալ: Իսկապե՛ս: Քանի՞ հեռուստադիտող մտապահեց Ռիմա Ղարիբյանի կամ մյուսների պատասխանները: Բայց «անջատողականություն» բառը տպավորվեց հեռուստադիտողներրի մեծամասնության մեջ: Եվ այստեղ արդեն ընդհանրապես կարևոր չէ, որ բոլոր պատասխանները ոչ միայն հերքում էին աբսուրդ մեղադրանքները, այլև բացառում էին դրանք: Եվ, ընդհանրապես: Մի քանիսը որտեղի՞ց են վերցրել, որ ջավախահայերը չպետք է այլ զբաղմունք ունենան, բացի գիշերուզօր Վրաստանին հավատարմության երդում տալուց: Նման վերաբերմունքը ամենաքիչը վտանգավոր է և վիրավորական:

Անջատողականության թեման բարձրացնելու անհաջող փորձից հետո «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողը վերադառնում է նրան, ինչից սկսել էր` Բաքու-Կարս երկաթգծին: Ահա թե ի՞նչ խոսքերով է նա ավարտում իր տեսանյութը. «Այն ժամանակ, երբ Սամցխե-Ջավախքի բնակչությունը քննարկում է տարածաշրջանի ապագա հեռանկարները, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը եզրափակիչ փուլ է մտնում: Առաջին փորձնական գնացքը կանցնի վրացական տարածքով 2014թ.ին. Վերջին կանգառն է Եվրոպան»:

Լրագրողի եզրափակիչ խոսքերից հետո տեսախցիկները նորից վերադարձնում են հեռուստադիտողին «Իմեդի» հեռուստաընկերության ստուդիա, որտեղ հաղորդավարը ներկայացնում է կիրակնօրյա հաղորդման հաջորդ տեսանյութը հետևյալ խոսքերով` «արևմտյան ընթացքին դեմ են նաև Վրաստանի այլ քաղաքացիներ…»: Այս նախադասությունից հետո սկսվում է նոր սյուժե, որտեղ հեռուստադիտողին պատմում են երկրում գործող ռուսամետ կազմակերպությունների մասին: Անվանում են այն «հինգերորդ զորասյուն»:

Ահա թե որտե՞ղ բացահայտվեց Սամցխե-Ջավախքում նկարահանված տեսանյութի նպատակն ու ճշմարիտ էությունը: Վրաստանի եվրոինտեգրման հարցը հավասարեցրին երկաթգծի շինարարության հարցի հետ: Չխորանանք և չպատմենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում իրականում այդ երկաթգիծը: Ավելին, երբ ջավախահայերը պահանջում են իրենց հավաքական իրավունքների պաշտպանություն և վերահսկողություն, նրանք հիմնվում են հատկապես այն բանի վրա, որ Վրաստանը Եվրոպայի հանդեպ պարտականություններ վերցնի: Դա են պահանջում նաև եվրոպացի ներկայացուցիչները վրաց իշխանության հետ հանդիպումների ժամանակ: Եվ Եվրոպայի պահաջներին որպես պատասխան Վրաստանը տալիս է իր համաձայնությունը: Այդ կերպ հաղորդավարի նախադասությունը «արևմտյան ընթացքին դեմ են նաև Վրաստանի այլ քաղաքացիները…» ակնհայտ սուտ է: Դա մաքուր ջրի հանցագործ ապատեղեկատվություն է:

Մարտի 23-ի` իր թողարկման ժամանակ «Իմեդի» հեռուստաընկերությունը հատեց բոլոր թուլատրելի բարոյական նորմերը: Փաստացիորեն միավորելով երեք տարբեր թեմաներ(«Ղրիմ, անեքսիա», «Սամցխե-Ջավախք, անջատողականություն», «ռուսամետ ուժեր, հինգերորդ զորասյուն»)` հեռուստաընկերությունը իր հեռուստադիտողի համար կազմակերպեց ուղեղի պրոֆեսիոնալ լվացում: Նման ապատեղեկատվության համար Եվրոպայում և ԱՄՆ-ում հեռուստաընկերություններին զրկում են լիցենզիայից: Մեզ մոտ լավագույն դեպքում կխոսեն լրագրողների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Բայց ի՞նչ կապ ունի այստեղ ոչ պրոֆեսիոնալիզմը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել