բացել լրահոսը
14.02.2012  18:32

«Իսկական» լրատվության, մամոնտի և տղամարդկության մասին

Mandarin

 

21:00-ին, Հայաստանի առաջին ալիքով, ինչպես միշտ, «Հայլուր» լրատվականն էր. երևի վերջին տաս ամսվա ընթացքում առաջին անգամ էի նայում, ժամանակիս սղության պատճառով: Մի սպայի ամուսնության մասին պատմող տեսանյութեր եթերում: Մեխն էլ՝ այն էր, որ սպան ամուսնանում էր իր զինվորական համազգեստով՝ շատերի համար ավանդական դարձած, հայկական «կաստիմ-շլվարի» փոխարեն: Օ՜, ինչպիսի հայրենասիրություն: Ա՛յ, իսկական տղամարդն այսպես կլինի: 

 Կարծես այնքան էլ արտառոց թեմա չէ: Սակայն կենացները հետզհետե քաղցրացան, թեման՝ ավելի «գլոբալիզացվեց», խոսքը ծռվեց-հասավ այն բանին, որ արդեն սկսեցին խոսել, թե այսօր որքան կարևոր է արի սպաներով համալրված հզոր, անպարտելի բանակ ունենալը: Հետաքրքիր եւ մտածելու տեղիք տվող եզրահանգում: Դուրս է գալիս, բանակի հզորության ու անպարտելիության գաղտնիքն ամենեւին, էլ արհեստավարժությունը, հստակ կարգուկանոնը, ոչ կանոնակարգային հարաբերությունների ու կամայականությունների բացառումը չէ: Հայե՛ր, ամեն ինչ ավելի քան պարզ է ու հեշտ. կազմակերպի՛ր համազգեստավոր սպաների հարսանիքներ՝ եւ ամեն ինչ կարգի կընկնի: Դե, իսկ եթե այնքան հայրենասեր ես, որ այդ հայրենասիրությունը հորդում է անգամ ականջներից, ապա կարող ես ընտանեկան մանր ու միջին հանդիսություններին էլ համազգեստով ներկայանալ՝ այդ կերպ ուժերիդ ներածին չափով նպաստելով հայրենի սահմանների անվտանգությանը: Օրինակ, ուսադիրներ կրիր ծննդյանդ արարողության կապակցությամբ, կամ ոստիկանական կոկարդով գլխարկ՝ եւ միաժամանակ թե՛ կվերազինես հայրենի բանակդ, թե՛ բարեփոխված, «կաշառակերազերծ» ոստիկանություն կունենաս: 

Aniway. Վերադառնանք բուն նյութին: … Ու զմայլվում էին հայրենասեր սպայի ամուսնության տեսարանով, անկեղծ կիսահամոզմունք-կիսացանկություն հայտնում, որ մի օր էլ իրենց զավակերն են նման կերպ ամուսնանալու: Կեցցե՛ հայոց բանակը: Հարսանիքից սահուն անցանք սահմաններ՝ դեպի թշնամին և մեր հզորագույն բանակը: Ինչպես մեծ ոգեւորությամբ մեզ հայտնում է «Հայլուրի» տաղավարում նստած գեղատեսիլ աղջիկը՝ սահմանում նորից անհանգիստ է, կրկին ինչ-որ դեպքեր են եղել, որտեղ «Ադրբեջանը հերթական անգամ կորուստեր է ունեցել,» - հայ սպաներից մեկն էլ (չէ՜, ամուսնացողը չէ) արժանացել է ՀՀ նախագահի հատուկ շնորհակալությանը և, պատկերացնո՞ւմ եք, անձամբ սեղմել նրա ձեռքը: 

 «Իսկ, ա՛յ, Չուկոտկայում էլ մամոնտանման խոտակեր են հայտնաբերել,» - եզրափակում է նույն այդ գեղատեսիլ աղջիկն՝ իր եթերը: 


ՎԵ՞ՐՋ: Բացի մամոնտանման՝ ձուկը բերանում առվակն անցնող արջերից, Չինաստանում կամ եսիմ որ ջհանդամում հայտնված ամենակեր խխունջներից ու, ենթադրենք, Բրիտանիայում ծննդաբերած տղամարդու մասին պատմելուց, ուրիշ ասելիք չկա՞: Բա ո՞վ է խոսելու այն մասին, որ Երևանում ոչնչացման եզրին է Մաշտոցի պուրակը, այն մասին որ հասարակական ակցիա է ընթանում դրա հետ կապված: Նյութ չկա՞ Թեղուտի անտառաՍՊԱՆՄԱՆ մասին, ոչ մի խոսք դրա հետ կապված հասարակական ակցիաների մասի՞ն: Որ բանակում գրեթե ամեն շաբաթ սպանություններ են տեղի ունենում ու ոչ ոք պատասխան չի տալիս դրա համա՞ր: Չի՞ խոսվում բանակում տեղի ունեցող կամայականությունների մասին, այն տասնյակ ընտանիքների մասին, որոնց զավակները բանակից այլեւս ետ չեն վերադառնա: 

Ո՞ւմ է պետք «Աննա»-ի ժամից (Հ1-ի կողմից հայտնագործված նոր ժամանակային-հեռատարածական չափում) առաջ մարդկանց տրամադրությունն ավելորդ փչացնելը: Ախր, լրատվությունն իր տեղն արդեն վաղո՜ւց զիջել է «Բանակում»-ին եւ «Գեներալի աղջկան», դե, իսկ չուկոտյան մամոնտն էլ իր ահռելի չափերով հաստատ փակել է միջազգային լրահոսի բոլոր այլ, ուշադրության արժանի նորությունների մուտքը Հայաստան: Կարեւոր է միայն, որ սպան համազգեստով է ամուսնացել, իսկ թշնամին՝ կորուստներ կրել: Ա՛յ, հիմա՝ ՎԵՐՋ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 10164 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝