ԱՄՆ Պետքարտուղարությունը հակասում է Բարակ Օբամային: Ասեմ ավելին, վերջին շրջանում առաջին անգամ չէ, որ Պետքարտուղարության և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունները էապես տարբերվում են իրարից: Բանն այն է, որ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, վերջին շրջանում ավելի արդիական և հրատապ են դարձել այն խոսակցությունները, որ անհրաժեշտ է նվազեցնել ԵՄ-ի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, քանի որ այսօրվա դրությամբ ԵՄ-ի էներգիայի շուրջ 35%-ի պահանջարկը մատակարարվում է Ռուսաստանից: Այս պայմաններում ամերիկացի մի շարք գործիչների շրջանում անընդհատ շահարկվում է ԱՄՆ-ից Եվրոպա գազ արտահանելու գաղափարը: Սրան անդրադարձավ թե՛ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները, թե՛ մի շարք այլ կոնգրեսականներ և պաշտոնյաներ: Բայց խնդիրն այնքան ծավալվեց, որ թեմային սկսեցին անդրադառնալ նաև շատ ավելի բարձր մակարդակներում, որոնք երբեմն միմյանց հետ մտնում էին հակասության մեջ:

Տեսեք, միայն Պետքարտուղարությունը ԱՄՆ-ից Եվրոպա գազ արտահանելու թեմային վերջին շրջանում անդրադարձել է մի քանի անգամ: Առաջին անգամ նրանք ասացին, որ դա գործնականում և կարճաժամկետ հեռանկարում անելը չափազանց դժվար կլինի: Կարճ ասած՝ նրբանկատորեն փորձեցին ասել, որ դա ներկա պայմաններում հնարավոր չէ, հետևաբար հարցի լավագույն լուծում էլ չէ: Այնուհետև մի որոշ ժամանակ անց Պետքարտուղարությունն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը և հայտարարեց, որ առնվազն մինչ 2016թ.-ը ԱՄՆ-ն գործնականում չի կարող գազ արտահանել Եվրոպա: Այնպես իմիջիայլոց, թեմայի շրջանակներում նշեմ, որ հարցի շուրջ կան տվյալներ Միջազգային էներգետիկ գործակալությունից (International Energy Agency): Բանն այն է, որ այդ գործակալության «Համաշխարհային էներգետիկայի կանխատեսումներ, 2013թ.» զեկույցի համաձայն, ԱՄՆ-ն մինչ 2020թ.-ը չի կարողանա գազ արտահանել հենց միայն այն պատճառով, որ գազի արդյունահանման ծավալները չեն հասնի այն մակարդակի, որ թույլ տան առանց ներքին պահանջարկի բավարարման հաշվին, բիզնես անել որոշ գործարարների: Այլ կերպ ասած՝ դրա վնասը կկրի ԱՄՆ-ի արդյունաբերությունը և շարքային սպառողը:

Այժմ տեսեք, թե ինչ ուշագրավ բան է ասել Օբաման: Ուրեմն այսպես. երեկ` ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Բարակ Օբաման, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները այժմ էլ պատրաստ է գազ արտահանել Եվրոպա, որպեսզի նվազեցվի իրենց դաշնակիցների էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Օբաման նաև հավելել է, որ իրենք կարող ենք այնքան գազ արտահանել, որը կգերազանցեն անգամ Եվրոպայում սպառվող գազի ծավալները:

Հիմա ո՞ւմ հավատանք. Միջազգային էներգետիկ գործակալությա՞նը, Պետքարտուղարությա՞նը, թե, ի վերջո, Օբամային: Ամեն դեպքում ԱՄՆ-ը նախագահը և գործադիրի ղեկավարը Օբաման է, և այդ մարդը, թերևս, ավելի լավ է հասկանում իր երկրի հնարավորությունները, քան ուրիշ որևէ մեկը: Բայց եթե դա այդպես է, թող գոնե իր արտաքին գերատեսչությանն էլ տեղյակ պահի դրա մասին, որպեսզի անպատասխանատու հայտարարություններ չարվեն և պետական դիրքորոշումը չաղավաղվի:

Առանց երկար-բարակ մտածելու, թե ինչպես է ԱՄՆ-ն պատրաստվում գործնականում իրականացնել դա, և եթե իրականցնի՝ ի՞նչ վնաս կհասցնի սեփական տնտեսությանը, եկեք պարզապես սպասենք սրան հաջորդող քայլերին և տեսնենք, թե ի վերջո այդ ինչպես է Օբաման նման ամպագոռգոռ հայտարարության «տակից դուրս գալու»:

Չնայած գայթակղությանը չեմ դիմանում և պետք է մի քանի հռետորական հարց բարձրացնեմ: Եթե ԱՄՆ-ն (կամ էլ անձամբ Օբաման) որևէ հրաշքով այդքան գազ կարողանա արդյունահանել, ապա ինչպես է բացատրելու սեփական բնակչությանը, որ գազն իրենց համար զգալիորեն կթանկանա, բայց այ դրա արդյունքում եվրոպացիք չեն նեղվի ռուսական կախվածությունից: Հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչպես կբացատրի ամերիկացի արդյունաբերողներին, որ իրենց մրցունակությունը մի քիչ (լավ էլ) կընկնի, բայց փոխարենը Ռուսաստանի «քիթը գետինը կքսվի»: Ինչ ասեմ, սպասենք և տեսնենք, թե ինչպես է դա իրականություն դառնում, եթե իհարկե է կարճաժամկետ հեռանկարում այն իրոք դառնում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել