Հաագայում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ելույթի պատասխանը Ռուսաստանից չուշացավ: Ճիշտ է, Օբամայի հայտարարության պատասխանը համարժեք պաշտոնյայի կողմից չեղավ, ասել է թե, Պուտինը «լայաղ» չարեց անգամ արձագանքել ամերիկացի իր գործընկերոջը, բայց, այնուամենայնիվ, Մոսկվան պատասխանեց և արեց դա շատ հստակ և որոշ առումներով նույնիսկ հեգնանքով:

Նախ հիշեցնենք, թե ինչ էր Օբաման հայտարարել Հաագայում: Վերջինս ասել էր, որ Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է, և իր ներկա քայլերը պայմանավորված են սեփական թուլությամբ: Սրան ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն երեկ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է մասնավորապես հետևյալը. «Նման հայտարարությունները խոսում են ոչ միայն արդեն խուճապի, այլև ԱՄՆ-ի հոգեվարքի (агония) մասին: Նման հայտարարությունները լուրջ ընդունել չի կարելի: Վաշիգտոնը չի ուզում պարզապես գիտակցել, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, և որ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը համաշխարհային տերություն է` լրջորեն ինտեգրված համաշխարհային տնտեսության մեջ»: Սա, այսպես ասած, ուղղակի պատասխանը Օբամային Մատվիենկոյի մակարդակով, որը կարելի է գնահատել բավական համարձակ և հանդուգն: Հնչել է նաև անուղղակի անդրադարձ Ռուսաստանի ստորին պալատի բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով:

Այսպիսով՝ ՌԴ Պետդումայի Արտաքին հարաբերությունների հանձնաժոովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն իր թվիթերյան միկրոբլոգում արել է շատ կարճ, բայց բավական բովանդակալից մի գրառում. «ԱՄՆ-ի գերիշխանության վրա հիմնված աշխարհակարգի վերանայումն անխուսափելի է: Դրան կզուգորդեն մի շարք ճգնաժամեր: Սրանով մարդկության պատմությունն ավարտվո՞ւմ է: Պատմությունը երբեք չի ավարտվում (End of History? History never ends)»:

Փաստորեն, Ռուսաստանն արդեն իրեն այնքան վստահ է զգում, որ անգամ հանդգնում է ԱՄՆ-ի նախագահի, ով, ի դեպ, ավանդաբար համարվում է աշխարհի ամենահզոր մարդը, ելույթն արհամարել և լուրջ չընդունել: Գիտեք՝ ինչ դժվար է իրապես ասել, թե Ռուսաստանն իր վերմակից ավելի երկար է մեկնում ոտքը, թե` ոչ: Սա Ռուսաստանի կողմից կա՛մ էմոցիաների վրա հիմնված անհեռատեսություն է, կա՛մ էլ լավ հաշվարկված քաղաքական խոհեմություն: Չգիտեմ, թե կոնկրետ այս երկու տարբերակից որ մեկը կլինի, քանի որ դա պարզելու համար անհրաժեշտ է ժամանակ, բայց այն, որ Ռուսաստանը բացեիբաց խոսում է աշխարհակարգի փոփոխության մասին և փաստացի մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին, փաստ է:

Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել