Հայաստան ասելիս, ավաղ, ծնկներս ծալվում են... ու, ավաղ, գիտեմ՝ ինչու է այդպես:
Հուսահատություն է, երբ հայրենի իշխանություններիդ ստատուսն այնքան թույլ է, որ օրակարգում Ղարաբաղ ունենալով, չեն կարողանում քաղաքական ու մարտավարական վճռականություն դրսևորել Ղրիմի հարցի շուրջ:
Հուսահատություն է, երբ կուտակայինի հիանալի գաղափարն այդքան աբսուրդային է իրացվում ու փչանում: 
Հուսահատություն է, երբ ընդդիմությանդ թե ՕԳԳ-ն, հետևաբար, թե վստահության կարևորագույն գործոնն ուղղակի ձգտում է զրոյի:
Հուսահատություն է, երբ երկրիդ դատարանը «Հարսնաքարի» ցինիկ հանցագործության վերաբերյալ լոյալ որոշում է կայացնում, իսկ հասարակությունդ արդեն ադեկվատ էլ չի կարողանում ընդունել դա: Արդարությունը ընդունելն էլ դժվար է դառել: 
Հուսահատություն է, երբ ԱԺ-ում ֆինանսների նախարարությունը պրոֆեսիոնալ պատասխանի փոխարեն, ստիպված է սարկազմով քաղաքականախառն ապտակ տալ քաղաքական ուժին, որն էլ կարծես դրան էր սպասում, որ շարունակի քաղաքական միավորներ հավաքել՝ ժողովրդին ապակողմնորոշելու իր ինքնակոչ առաքելության ճանապարհին: Ու այ սա հասարակությունն ադեկվատ է ընդունում: 
Հուսահատություն է, երբ ոստիկանությունն ամեն օր զբաղված է մարզային գաստրոլներով ու ... աղմկահարույց հանցագործությունները մնում են թղթապանակներում: 
Հուսահատություն է, երբ հասարակությունը հրապարակայնորեն բարոյալքվում է, պետական կառույցները հրապարակայնորեն վարկաբեկվում են... ու դա այսօր ընդունելի ապրելաձև է դառել: 
... ու ծնկներս ծալվում են, որովհետև թուլության ու անհուսության զգացողությունից են նաև մարդու ծնկները ծալվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել