Այսօր Ազգային Ժողովի ամբիոնից Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը շատ հետաքրքիր բացահայտում արեց. փաստորեն, Երևանի շրջակայքում 50-ից ավել խաղատներ փակվեցին, 500-ից ավել աշխատատեղեր, պետական բյուջեն կրեց միլիոնավոր դրամների վնասներ միայն մի բանի պատճառով, որ իրեն ընդդիմություն համարող Բարգավաճ Հայաստանը լոբբինգ արեց և խորհրդարանում օրենքի ուժ տվեց մի նախագծի, որով, բացի Գագիկ Ծառուկյանին պատկանող Շանգրի Լա խաղատնից, մնացած բոլոր խաղատները ստիպված եղան փակվել: Սա կոնկրետ հարված է մանր ու միջին բիզնեսին, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն մի կողմից ձևացնում է, թե պաշտպանում է մանր ու միջին բիզնեսի շահերը, բայց մյուս կողմից պաշտպանում մեկ մարդու բիզնես հետաքրքրություններ: (Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է օլիգարխը պաշտպանել մանր ու միջին բիզնեսի շահերը): Սա նշանակում է, որ ցանկացած հարուստ մարդ կարող է կուսակցություն բացել, խոստումներ տալ ժողովրդին, ձայներ ստանալ այդ խոստումների դիմաց և սպասարկել սեփական բիզնեսի շահերը: Սա ես համարում եմ անթույլատրելի և աղետալի երևույթ մեր քաղաքական կյանքում:

Հ.Գ. Հետևելով ԲՀԿ-Կառավարություն հեռակա բանավեճին՝ այնպիսի տպավորություն եմ ստանում, որ եթե Տիգրան Սարգսյանը թույլ տա իր թիմին նույն տոնայնությամբ և գնահատականներով խոսել Գագիկ Ծառուկյանի և նրա թիմի մասին, ինչն անում են Գագիկ Ծառուկյանի թիմակիցները Տիգրան Սարգսյանի նկատմամբ գրեթե ամեն օր, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կամ Տիգրան Սարգսյանի մեկ այլ թիմակից կարող են նման սենսացիոն բացահայտումներ անել: Մենք բոլորս ուզում ենք առողջ ընդդիմություն ունենալ, բայց նաև ուզում ենք, որ այդ ընդդիմությունը ոչ թե մեկ մարդու կամ նրա բիզնեսի շահերը սպասարկի, այլ իշխանության տեսակետները չկիսող քաղաքացիների: Ի դեպ, Տիգրան Սարգսյանը մեկ տարի ձգձգեց Երևանի շրջակայքից խաղատները տեղափոխելու ծրագրի իրականացումը, որպեսզի խաղատների սեփականատերերը, իհարկե բացի Գագիկ Ծառուկյանից, հնարավորրություն ստանան և ժամանակ ունենան հնարավորինս քիչ կորուստներով տեղափոխել կամ փակել իրենց բիզնեսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել