Վիճակախաղի տոմսը կարծես նրան հմայում էր ու աչքով անում: Տաբատի գրպանի վերջին երեք հարյուր դրամն ասես շիկացած մետաղ լիներ: «Ինչ ուզում է, թող լինի»,- ինքնիրեն որոշեց նա և կտրուկ քայլերով մոտեցավ կրպակին: Վաճառողը վերցրեց դրամը և տրցակից անփութորեն մի տոմս քաշելով մեկնեց նրան: Արևիկի աչքին քանի որ ինքը շատ էր ոգևորվել տոմսը երևում էր ուրիշ ձևով: Նա կարծես մի արտասովոր բան էր տեսնում տոմսի մեջ, միաժամանակ սրտում վերջին երեք հարյուր դրամը կորցնելու վախ զգալով: Արևիկը տրամադրեց իրեն, որ կշահի, իսկ չշաահելու դեպքի մասին բոլոր մտքերը իր կարծիքով քշեց իր ուղեղից:
 Խորը շունչ քաշեց Արևիկը, ժպտաց և վաճառողից մետաղադրամ խնդրեց և ջնջեց համապատասխան դաշտերը: Վաճառողը սովորության համաձայն, անհամբեր ձևով վերցրեց տոմսը Արևիկի ձեռքից, արագ որսաց տոմսի մինիմալ շահումը և առհամարական հայացք գցելով տոմսի վրա ձեռքը տարավ գրպանը` աղջկան վերադարձնելու նրա երեք հարյուր դրամը: Արևիկը` ոչինչ չհասկանալով իր արածից քայլերն ուղղեց դեպի գետնանցումը, որից հետո իրեն մնում էր անցնել միայն մի դալան ու շքամուտք և հայտնվել տանը:
 Նա իջնում էր գետնանցում և ուշադրություն չէր էլ դարձնում աստիճաններին կուչ եկած մուրացկաններին: Նա ուներ երկու պատճառ. նրա համար արդեն սովորական էր նրանց ներկայությունը և կարծում էր, որ առանց իր ողորմության էլ նրանց բավարար չափով օգնում էին: Արևիկն այդպես էր մտածում, սովորականի պես քայլերն արագացնելով անցումում փող մուրացող հայացքներից հնարավորինս շուտ ազատվելու համար:
 Նրան հարկավոր էր մեկ անգամ էլ թեքվել, որպեսզի բարձրանար աստիճաններով:
 Նա ձայներ լսեց` կռվող երեխաների ձայներ էին: Շրջվեց ու տեսավ, որ չորս երեխա` հինգից յոթ տարեկան, անխնա հարվածում էին իրար գետնին ընկած թխվածքաբլիթի համար: Նրանց աչքերում կյանք էր երևում բառիս ամենալայն իմաստով, կյանք գոյության կռվով, սոված փորով ու հյուծված մարմնով: Նրանք չորսն էլ ապրում էին այդ անցումում, բայց «տուն» էին գալիս  միայն ուշ երեկոյան, իսկ այսօր նրանց «հանգստի» օրն էր:
 Արևիկը չգիտեր ինչ անել` խառնվել ու բաժանել նրանց, թե անտարբեր անցնել, իսկ միգուցե նա հաց գներ իր վերջին երեք հարյուր դրամով նրանց համար:
 Արևիկը վազեց այնքան արագ, որքան իր ոտքերն էին թույլ տալիս: Կանգնեց դալանից երեք քայլ հեռո, նորից հիշեց երեխաներին ու իր վերջին երեք հարյուր դրամով գնեց չորս բլիթ ու երկու լավաշ: Նույն արագությամբ այդ ամենը ձեռքում նա հետ վազեց դեպի անցումը ու բաժանեց դրանք պատանի մուրացկաններին: Հետո նա ուրախ սրտով դուրս եկավ, բայց արդեն վերևում ուժեղ քամի սկսվեց, փոթորիկը հողն ու աղբը վերև հանեց, լցրեց մարդկանց աչքերն ու մի քանի րոպեից հանդարտվեց: Տոմսավաճառը խուճապի էր մատնվել` տոմսերը ցրված էին ողջ գետնով մեկ, իսկ որոշները դեռ անկանոն շարժվում էին օդում:
 Արևիկը տուն գնաց, և քանի որ արդեն օրը վերջանում էր բացեց պայուսակը, որ վերցնի ու լրացնի օրագիրը, իսկ օրագրի կողքին նա վիճակահանության տոմս գտավ: Տոմսը նրա պայուսակում էր հայտնվել քամու միջոցով: Արևիկն այն պահեց` հաջորդ օրն առավոտյան գետնանցումի մուրացկաններին տալու նպատակով: Նա դուրս եկավ շքամուտքից, անցավ դալանով ու նրա դեմքի ժպիտը սառեց` անցումը փակ էր` շինարարություն էր սկսվում: Արևիկը տոմսը դրեց գետնանցումի աստիճաններին ու հեռացավ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել