Հայաստանում կա երկու մեծ ջրավազան՝ մեկը Սևանա լիճը, մյուսը Արարատյան արտեզյան ավազանը, երկուսի կառավարումն էլ մենք հանձնել ենք կառավարությանը, որը իր լիազոր մարմինների միջոցով պարտավոր էր իրականացնել ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը: 
Սևանա լիճը 2001 թվին ընդունված Սևանի մասին օրենքով և հատուկ պահպանված տարածքների մասին օրենքով պահպանված է եղել, սահմանված էր տարեկան առավելագույն թողքերի չափը՝ 170 մլն մ3, ինչպես նաև օրենքում նշված էր, որ բացասական հաշվեկշիռ չի կարող լինել:

Երկրորդ ջրավազանը՝ Արարատյան արտեզյանը, որևէ սահմանափակում չի ունեցել, որի պատճառով արդեն 2007 թվականին ջրօգտագործման ծավալը գերազանցել է թույլատրելի 34.6 մ3/վայրկյան չափը և կազմել 36.4 մ3/վայրկյան: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ թվերի մասին է խոսքը, հաշվի առեք, որ Երևան մտնում է 15 մ3/վ ջուր, որից մոտ 12մ3/վ կորուստներն են, այսինքն ավելի քան մեկ միլիոն մարդ օգտագործում է ընդամենը 2-3մ3/վ ջուր: Սակայն 2007 թվականին՝ ջրօգտագործման թույլտվությունները տրամադրելու գործընթացը սառեցնելու փոխարեն լիազոր մարմինը սկսում է առավել մեծ ինտենսիվությամբ տրամադրել ջրօգտոգործման թույլտվություններ և 2008-2013 թվականներին ավելի քան 50% ավելացնում է ջրօգտագործման ծավալները: Միայն ձկնաբուծության համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների ծավալները աճում են ավելի քան 3 անգամ՝ 12 մ3/վ-ից դառնալով 35.4մ3/վ, (202 ջրօգտագործման թույլտվություն ձկնաբուծության համար ընդհանուր 22.17մ3/վ ծավալով): 
Ինչ է տեղի ունենում հետագայում՝ 
• Արարատյան արտեզյան ավազանում դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվում է 32 760 հա-ից մինչև 10.706 հա.
• 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվում է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից.
• Խմելու-կենցաղային և ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր չի շատրվանում.
• Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք չի շատրվանում.
• Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը կրճատվում են ավելի քան 6 անգամ՝ վտանգելով Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը.
• Մասիսի տարածաշրջանում մակարդակները նվազում են 3,9-15,0 մետրով, ջրերի ծախսի 43,7-198,0 լ/վրկ նվազումով.
• Էջմիածնի տարածաշրջանում ստորերկրյա ջրերի մակարդակները հորատանցքերում նվազում 2,5-11,7 մետրով, ջրերի ծախսի 34,0-168,0 լ/վրկ նվազումով.
• Հորատանցքերի միջև սահմանված 400-1000 մ հեռավորությունը չպահպանելու արդյունքում ջրատար հորիզոնների միջև գոյություն ունեցող բնական հիդրավլիկ կապի արհեստական խախտում, ինչը հանգեցում է ջրերի քիմիական կազմի փոփոխությանը՝ ջրերի հանքայնացման 0,3 գ/լ-ով ավելացմամբ.
• Ոռոգման նորմայի 10-20% ավելացում և այլն:

Ինչ է առաջարկում կառավարությունը՝ արդյո՞ք գտնել կառավարման թերությունները, բացերը, պատասխանատուներին՝ ՈՉ, կառավարությունը առաջարկում է ..... ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

!!!! ջրի պահանջարկը բավարարելու նպատակով ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ 77,2 մլն. մ3 ծավալով լրացուցիչ ջրի բացթողում !!!

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել