Բարեկամներ, թեմային անընդհատ անդրադառնում ու անդրադառնում ենք, իսկ սխալները մնում ու մնում են: Ուղղախոսական մի քանի կարևոր նկատումներ հաղորդավարների համար` հատկապես պետության դեմքը ներկայացնող Հանրային հեռուստաընկերության և բարձր ռեյտինգի անվան համար մրցավազք անող «Արմենիա» ու «Շանթ» հեռուստաընկերությունների համար՝ 
1. «Հրավեր», երբ հրավիրում են, «հրավերք»՝ խնջույք.
2. «Հյուրընկալել», երբ հյուր ես ընդունում` «Մենք այսօր հյուրընկալել ենք Ա-ին», «Հյուրընկալվել», երբ դու ես հյուր գնում`«Մենք հյուրընկալվել ենք Ս-ին».
3. «Խոսքը գնում է»՝ ռուսաբանություն է, հայերեն` «խոսքը ....ի (այսինչի) մասին է».
4. «Դա»-ով կազմվող (օրինակ` «երաժշտությունը, դա կյանք է», «թատերարվեստը, դա ինձ համար մի անմեկնելի զգացում է») արտահայտությունները ռուսաբանություններ են, հայերեն` «երաժշտությունը կյանք է», «թատերարվեստը ինձ համար մի անմեկնելի զգացում է».
5. «Թատրոն», «թատերական» բառերը «թաթրոն», «թաթերական» ձևով մի հրամցրեք. այս սխալը, որքան էլ որ զարմանալի է, հատկապես նկատվում է թատերական ինստիտուտի նախկին սաների մոտ, ովքեր համալրել են հաղորդավարների շարքերը.
6. «Երաժշտական», «երաժշտություն» բառերը մի արտաբերեք «երաշտական», «երաշտություն» ձևով (սա էլ երաժշտությանը մոտ մարդկանց սխալն է).
7.«Առողջացում», «թարմացում» բառերը մի փոխարինեք «առողջեցում» ու «թարմեցում» տարբերակներով` դրանով ավելի գրագետ չեք երևում, այլ ցույց եք տալիս մայրենի լեզվից հեռու լինելը.
8. «Պտտվել»՝ առանցքի շուրջ պտույտ գործել. «շրջվել» բառի հետ մի շփոթեք:
Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել