***
Որ ասում են, թե դու մյուսներին նման չես ու ուրիշ ես, հիվանդանալուն էլ ա վերաբերում, չէ՞: Էնքան շատ ես թեյ խմում, որ արդեն չեմ հասկանում, թե, երբ ես կոկորդդ տաքացնում ու, երբ՝ ներսիդ սառած պատերը: Ասա, որ հիվանդությունդ մենակությունից էն կողմ չի անցել, որ դու ֆիզիկական ցավ չես զգում, գրողը տանի, վերջապես ասա, որ չես մրսում:
*** 

Որ ես մուրաբա լինեի, ինձ կնախընտրեի՞ր, թե Շաքարավազին: Մարկուսն ասում ա, որ ես դեղձի մուրաբա եմ, դու դեղձ սիրո՞ւմ ես: Ես ավազ չեմ՝ 2 վայրկյանում չեմ հալչի քիմքիդ անդունդում, քեզ չեմ տրվի, կոկորդիդ ապակին էլ մի քիչ կխազեմ, եթե ինձ նեղացնես, բայց ես համ ունեմ, ու, եթե տաքացնես ինձ՝ իմ համը միշտ կմնա քո ներսում: Շաքարը քաղցր ա, իսկ ես համ ունեմ, հիմա դու հալվող քաղցրությու՞նն ես նախընտրում, թե մնայուն համը:
Գլ-գլ-գլ: Էդքան շա՞տ ես մուրաբա սիրում, թե ուղղակի ուզում ես ստուգել, թե ինչքան կդիմանամ:

*** 
Հնար լիներ, գրկեի քեզ, որ չմրսեիր: Մարդը կարո՞ղ ա վերմակ դառնալ՝ դե գոնե մի քանի ժամով: Գիշերները, ինչ-որ հրաշքով վերմակ դառնայի ու գրկեի քեզ: Թարսի պես դու գիշերները չես քնում: Քեզ կփաթաթեի իմ մեջ ու ամուր կսեղմվեի քեզ՝ շնչահեղձ անելու ու լինելու չափ: Մարմնիդ բույրը կհոսեր թելերիս միջով, ու կլցվեի քեզնով: Կտաքանայի ու տաքությունս կտայի քեզ, ու դու էլ չէիր մրսի:
Իմ փոքրիկ Հենրի, իմ անուշ տղա:
Մենք միայն գիշերները միասին կլինեինք՝ դու՝ վերմակիդ, ես՝ քո: Մեզ ընդամենը մի քանի ժամ տրված կլիներ, բայց մենք կվայելեինք իրար: Ես կջերմացնեի քո սառած բջիջները, որոնցից յուրաքանչյուրն ուրիշ գույն ունի: Դու ձեռքերով կփաթաթվեիր վերմակին: Նուրբ ու բարակ մատներդ կխրեիր ծալքերիս մեջ ու ես հաճույքից կփշաքաղվեի, կթպրտայի, ու կտորիս վրա սպիտակ պուտեր կհայտնվեին:

***
Կամաց, անձայն, անշշուկ այս ու այն կողմ կգնայի, կվազեի մարմնիդ մեջքով ու վրայով, կհպվեի սառը պատին, դու կլսեիր իմ ու պատի քսմսվոցը, ու քեզ կթվար, թե ինչ-որ էթնիկ երգ ես լսում, որովհետև էդ ամենը քեզ շրթհարմոնի նվագ կհիշեցներ, իսկ իրականում ես ուղղակի անհանգստության ալիքից ճոճվում էի:
Դու կհանգստանայիր ու էլ ոչնչից չէիր վախենա, ես կլինեի քո քաջությունը, իսկ դու իմ խաղաղությունը: Ես քեզ՝ քաջ, դու ինձ՝ խաղաղ, մենք միասին՝ կապույտ:

*** 
Հետո կսկսեիր ջղային շարժումներ անել: Ես վախից կքամեի քրտինքդ ու կսոսնձվեի մարմնիդ՝ ուժեղ-ուժեղ, պոկ չգալու չափ: Բարձդ կնետեիր հատակին, սավանդ կփախչեր մահճակալիցդ, ու ես էլ ավելի ամուր կկառչեի քեզնից: Դմփոցից մամադ կմտներ ներս ու մի էնպիսի դեմք կընդուներ, որից հնարավոր կլիներ կարդալ, որ իր միակ տղան հիվանդ է: 
Բարձը կդներ գլխիդ տակ, սավանը կհարդարեր, մարմինդ կշփեր, քեզ դեղ կտար ու կծածկեր քեզ ինձնով: Էս ամենի մեջ ինձ ամենից շատ վերջին մասը դուր կգար:

***
Հետո մի քիչ կքնեիր, ու ես կհսկեի քո քունը: Տեսնես էլի մարդ կա՞, որ երբևէ հսկել ա տիզերքի քունը:
Իմ տիեզերագույն, Հենրի:

*** 
Պարանոցդ էնքան սիրուն ա, լրիվ պարանոց ա, ոչ թե վիզ: Վարդակարմիր ու սպիտակամանուշակագույն գետեր են հոսում գլուխդ պահող արահետի երկայնքով: Ոնց որ Վերածննդի ժամանակներից պեղված քարերով շինված լինես: Մամադ, որ քո ծնվելուց առաջ Ֆլորենցիա գնացած լիներ, հաստատ անունդ Դավիթ կդներ:
Ոնց քեզ կհոտոտեի, բայց ղդիկ կգա, ու կարթնանաս, ցավերդ կսաստկանան, հետո դե արի: Երբ արթնանաս ու վեր կենաս անկողնուցդ, ինքս ինձ կգրկեմ ու կփորձփեմ վերմակի մեջ գտնել բույրիդ հետքերը:

***
Աչքերդ փակ ժամանակ ավելի կապույտ ու սիրուն են:
Շնչիր, շնչիր մտքերիս վրա, ու թող քո շունչը իմ աշխարհի քամին լինի:

***
Ինչ լավ ա, որ իմ պես փորի վրա պառկած չես քնում, ես քո մեջքից լրիվ գոհ եմ, էնքան դեմքիս չես նայել, որ մեջքիդ, գազարագույն մատիտով, հակառակ կողմդ եմ նկարել, որ չմոռանամ:
Մազերդ հավասար-զգաստ, կանգնել են բարձիդ երկայնքով: Ինչ կարճ են, ինչ նման համարձակությանդ: Իմը գիտե՞ս ինչ երկար են, այ թե մազերիս երկարության կեսի չափ համարձակ լինեի:

***
Լույսը չբացված կարթնանայիր, ու դուրս կպրծնեիր իմ վերմակագրկից, կփախչեիր անկողնուց: Էդ ու՞մ ես կանչում, ես այստեղ եմ:

*** 
Էլի կգայիր ու կապաստանեիր վերմակի գրկում:

***
Վերջ, վերջ, անցավ, ուղղակի վատ երազ էր, էլի քեզ չի անհանգստացնի, ես էստեղ եմ: Էլ մի գոռա, հանգիստ, անցավ, ուղղակի վատ երազ էր:

*** 
Կուչ ես գալիս վերմակի տակ: Ես քո տաքությունն եմ, քո տանիքը, քո տաքությունը, քո սավանը, ծածկոցն ու վերմակը, ես քոնն եմ, բայց դու պարտավոր չես իմը լինել, ես քեզ կհասկանամ:

*** 
Իմ փոքրիկ, Հենրի, ոտքդ դուրս մի թող վերմակից, կմրսես ու ավելի վատ կզգաս: Դու էլ փոքր երեխա չես, բայց ոտքդ միևնույնն է վերմակից դուրս ես թողնում:

***
Ավելի լավ ա իմ կարիքը չունենաս, կամ ընդհանրապես առանց վերմակ քնես, քան հիվանդանաս ու քեզ վատ զգաս, այ էդքան շատ եմ ես քեզ սիրում:

*** 
Էլի մամադ եկավ: Ինչքան ա սիրում էս կինը ամեն ինչ «փչացնել»: Իրա համար դու միշտ պուճուր Հենրի կմնաս, իրա պուճուր բալիկը:

*** 
Էսօր գործի մի գնա էլի, ի՞նչ կլինի: Հազիվ ես քայլում այ խելոք:


***
Պատուհանի մոտ մի հատ մեղու ա բզզում: Պատուհանիդ գոգին դրված ծաղկամանով երիցուկը քո՞նն ա, թե՞ մամայինը: Ես քեզ երիցուկ չեմ նվիրել, ուրեմն ուզում եմ, որ մամայինը լինի:


***
Հայացքդ հառել ես կապույտ երկնքին: Բարի լույս, իմ կապույտ Հենրի: Ինչ նման եք դու ու երկինքը, բայց դու ուրիշ երկինք ես ու ուրիշ կապույտ:

***
Արդեն դու՞րս ես գալիս: Մենակ քո համար թաշկինակ վերցրու, որ մենակ քո ափերը տաքացնեմ: Ես անձեռոցիկ չեմ, որ ում ձեռքում ասես հայտնվեմ:



***
Ոնց են սիրում իրանդ, թիկունքդ ու թևերդ գրկելու պահը: Զզվում եմ, որ քեզ ինչ-որ կանացի մարմիններ ու ձեռքեր են կպնում, որովհետև էդ ամենը իմ մեջով ա լինում: Փշակալեմ, ինչ անեմ:
Շարֆ դառնալը մի ուրիշ հաճույք ա: Իմ կտորի կոպտությունը քեզ նեղություն չի տալի՞ս:

***
Դե վերջ, գնա: Ու՞ր: Չգիտեմ, բայց ամեն տեսակ հիվանդություններից հեռու:
 
Քեզ առողջություն, այ Հենրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել