2013 թվականի սեպտեմբերի 10-ին ինձ և Սեդրակ Սարգսյանին ձերբակալել են Գավառ քաղաքում և մեղադրում են գողություն կատարելու մեջ: Նշեմ, որ բացարձակ անհիմն և առանց որևիցե փաստերի, ընդամենը կեղծ, շինծու վկայի ցուցմունքի հիման վրա, որին անգամ չեն ցանկանում ներկայացնել դատարան` անհիմն պատճառաբանություններով: Սակայն վկային չներկայացնելու իրական պատճառը ինձ համար բացարձակ հասկանալի է: 

Քրեական գործի նյութերից անհայտացել են գործին վերաբերող էական փաստաթղթեր, ինչպես նաև ցուցմունքներ, որի առկայության դեպքում առանց ջանք գործադրելու յուրաքանչյուրը կհասկանար տեղի ունեցածի մասին, և դրանց փոխարեն նորերն են հայտնվել կեղծ ամսաթվերով և ուրիշ բովանդակությամբ: Այդ ամենը կարող եմ փաստերով ներկայացնել, ապացուցել դրանք: Այս ամենը հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ունեմ տեղեկություններ, որ այդ ցուցմունքները կազմվել են որոշակի գումարի դիմաց: Դրա վերաբերյալ կոնկրետ փաստեր չեմ կարող ներկայացնել, սակայն, երբ ինչ-որ մեկը, ով կմասնակցի մեր դատավարությանը, պարզ կհասկանա, որ այդ ցուցմունքները բացարձակ կեղծ են: Ներկայումս դատարանը, համագործակցելով դատախազի և քննիչի կեղծ գործողությունների հետ, փորձում է կարևորագույն գործողությունը իրականացնել`մեզ անհիմն դատապարտելով: Նույն դատավորը, ով մեր դեմ կալանավորման որոշում է կայացրել անհիմն կերպով, և մենք բազմիցս բողոքարկել ենք այդ որոշման դեմ, իբրև թե վերադաս մարմիններին: Ներկայումս նույն դատավորը ցանկանում է ավարտին հասցնել իր կիսատ թողած գործը`մեզ դատապարտելու միջոցով: Դատավորին բացարկ ենք հայտարարել բացարձակ հիմնավոր կերպով, այն է՝ սեպտեմբերի 12-ին իր կայացրած որոշման մեջ վկաների ցանկում չկա տվյալ վկայի անունը, որը հանդիսանում է մեզ ձերբակալող ոստիկանը: Սակայն ներկայումս դատարանը կեղծ ամսաթվով շինծու վկային թույլ է տալիս դատարանում հանդես գալ, և նրա ցուցմունքը օգտագործել մեր դեմ, իբրև թե նրա ցուցմունքը ըստ գործի նյութերի կազմվել է սեպտեմբերի 11-ին, կալանավորման որոշումը կայացնելուց մեկ օր առաջվա ամսաթվով: Սակայն, եթե իրականում այդ ժամանակ լիներ այդ ցուցմունքը, ապա հենց առաջինը պետք է գրվեր որոշման մեջ, քանի որ էական ցուցմունքն է`մեզ մեղադրելու մեջ: Ներկայումս դատարանը չի ցանկանում օրինական կարգով նիստը ձայնագրել, որպեսզի նույն կերպ վարվի փաստաթղթերի հետ, անհրաժեշտության դեպքում նորերը զետեղի իրենց հարմար տարբերակով և խանգարող արձանագրությունները հեռացնի գործի նյութերից: Դատավոր Իսկոյանը չի ցանկանում հրաժարվել այս գործից, քանի որ հստակ գիտակցում է, որ մեկ ուրիշ դատավոր ռիսկի չի դիմի և չի շարունակի իր կիսատ գործը և մեր դեմ մեղադրական դատավճիռ կայացնի: Այդ իսկ պատճառով մենք հայտարարել ենք հացադուլ, հրաժարվել ենք մասնակցել նման դատական նիստի: Սակայն, եթե կլինի որևէ հեռուստաընկերություն, որը կմասնակցի մեր դատական նիստին և կլուսաբանի այնտեղ տեղի ունեցածը, մենք պատրաստ ենք անգամ այդ պայմաններում մասնակցել դատական նիստին և հերթական անգամ բացահայտել «արդարադատություն» կոչվածի իրական դեմքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել