Ղրիմի օրինակը կարծես վարակիչ է դառնում չճանաչված այլ հանրապետությունների համար: Ռուսաստանին միանալու հերթում կանգնած հաջորդ երկիրը, ըստ երևույթին, Մերձդնեստրն է: Այսօր պարզ դարձավ, որ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Միխայիլ Բուրլան խնդրանքով դիմել է իր պաշտոնակից, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին դիտարկել չճանաչված հանրապետության՝ Ռուսաստանի կազմում ներառվելու հարցը: Բուրլան իր ռուս գործընկերոջը հիշեցրել է, որ դեռ 2006-ին Մերձդնեստրում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է ընտրողների 97,2 տոկոսը: Այնուհետև նշել է, որ հանրապետության տարածքում բնակվում է ավելի քան 200 հազար ռուսաստանցի, և ռուսերենը համարվում է երկրի պետական լեզուներից մեկը:

Հիշեցնենք, որ Մերձդնեստը պոստսովետական տարածքում հայտնված հերթական չճանաչված հանրապետություններից է, ինչպիսիք են Արցախը, Աբխազիան, Հարավային Օսիան և այլն: Այս երկրամասը 90-ականներին անջատվեց Մոլոդովայից և գրեթե ամբողջությամբ հայտնվեց Ռուսաստանի ազդեցության տակ:

Բանն այն է, որ սա կարող է դառնալ բավական լուրջ գլխացավանք Ռուսաստանի համար: Այսօրվա դրությամբ ռուսները դեռ պետք է կարգին մարսեն Ղրիմի միացումն իրենց, որպեսզի հետո կարողանան մտածել այլ տարածքների մասին: Ուկրաինայի ճգնաժամը ոչ միայն դեռ չի ավարտվել, այլև գնալով ավելի է թեժանում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սպառնացել է Ռուսաստանին` ասելով, որ եթե Ռուսաստանը շարունակի իր ներկայիս կուրսը՝ աղետ միայն Ուկրաինայի համար չի լինի: Վերջինիս խոսքերով, դրանով Ռուսաստանն ինքն իրեն կվնասի՝ և՛ քաղաքականապես, և՛ տնտեսապես: Այս առումով Ֆրանսիան ավելի հեռուն է գնացել. Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Ռուսաստանին «ռազմական պատասխանով» է սպառնացել՝ Ղրիմում գործողությունների համար: Մինչդեռ ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ասել է, որ Եվրատլանտյան դաշինքը դադարեցնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Թե ինչպես նման պայթյունավտանգ իրավիճակում Ռուսաստանը կհամարձակվի Մերձդնեստրը միանցել իրեն, չգիտեմ: Բայց մյուս կողմից Ռուսաստանը այս օրերին բոլոր մակարդակներով հայտնում է իր աջակցությունը ժողովուրդների կամաարտահայտման իրավունքին, հետևաբար մի քիչ երեսպաշտի տպավորություն չի՞ թողնի, արդյոք, այդ երկիրը, եթե առնվազն «չխոստանա դիտարկել Մերձդնեստրի` Ռուսաստանին միանալու հարցը»: Կարծում եմ՝ կթողնի, բայց նաև համոզված եմ, որ ավելի լավ է երեսպաշտություն անել այնպես, ինչպես ամբողջ աշխարհն է արել և շարունակում անել, քան պատերազմել Արևմուտքի հետ:

Այստեղ, սակայն, կարելի է հաշվի առնել նաև մեկ այլ հանգամանք: Չի բացառվում, որ Մերձդնեստրի իշխանությունների այս նախաձեռնության սցենարը իրականում մշակված լինի Կրեմլի կողմից: Ով գիտե՞, գուցե սա նախազգուշացում է, որ եթե Մոլդովան հանկարծ որոշի ի վերջո ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը, որը, ի դեպ, նախատեսված է ստորագրել այս տարի, ապա ընդմիշտ կմոռանա Մերձդնեստրի մասին: Ասեմ ավելին, չի բացառվում, որ մոտ օրերս նման «նախաձեռնություններ» լսենք նաև Հարավային Օսիայից և Աբխազիայից` Թբիլիսիին ճնշելու նպատակով, քանի որ այդ երկիրը ևս պատրաստվում է այս տարվա ամռանը ստորագրել ԵՄ-ի հետ «չարաբաստիկ» այդ պայմանագիրը:

Թերևս այլ ելք չկա, քան սպասելն է դեպքերի զարգացմանը, բայց, այնուամենայնիվ, վերադառնալով Մերձդնեստի խորհրդարանի խոսնակի` Ռուսաստանին ուղղված խնդրանքին, պետք է ասել, որ եթե սա ռուսների սցենարը չէ, ապա, վստահաբար, Ռուսաստանը չի շտապի արագ քայլեր ձեռնարկել և առավել ևս օր առաջ բավարարել այդ երկրամասի ժողովրդի «կամքը» միանալ իրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել