Չնայած, որ արդեն մի քանի օր է համացանցում տարբեր քննարկումների եմ հանդիպում  «Երևանն է խոսում» հաղորդման «Ինչ է գլամուրը» թեմայով թողարկման մասին, բայց միայն այսօր հասցրեցի նայել: Չեմ կարող ձեզ հետ տպավորություններովս չկիսվել :) Հաղորդմանը հյուր էին 2 գեղեցիկ, բայց բավականին դատարկամիտ, սահմանափակ մտածելակերպի տեր աղջիկներ, ովքեր իրենց տվել էին մեր օրերում ամենաբաղձալի կոչումներից մեկը` գլամուր: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում գլամուր բառը լրիվ այլ իմաստով են հասկանում, որը շատ հեռու է այդ բառի իրական իմաստից ու նշանակությունից: Հայկական գլամուրը ցուցամոլությունն է, գլամուրներն էլ` ռոզՈվի շորիկներով, փքված շուրթերով ու ծամածռված լեքսիկոնով աղջիկները: 

Գլամուր աղջիկները` աղջիկների անտանելի տիպերից երկրորդն են ինձ համար (առաջին տիպին մոտ օրերս կանդրադառնամ): Այս տիպի աղջիկները երբեք չեն ապրում իրենց համար, նրանց ողջ կյանքը թատրոն է հանդիսատեսի համար: Նրանք ունեն կյանքի չգրված օրենքներ ու պատվիրաններ, որոնց պետք է «սրբորեն» հետեն:
 Եվ այսպես, որոնք են այդ «չգրված օրենքները» :)
1. Գնում են խանութ, օյ կներեք, ինչ խանութ, մենք հո՞ հետամնաց չենք, գնում են ՄՈԼ-երից որևէ մեկը ու գնումներ անելու փոխարեն սկսում են ամեն պատահած իրի ու մանեկենի հետ նկարվել, բայց պարտադիր պայման է, որ նկարում հետևի ֆոնին երևա բրենդային խանութներից որևէ մեկի անունը, դե էլ չասեմ ինչ մեծ պլյուս է, եթե գնում կատարած եք լինում ու նկարում երևում է նաև գնած հագուստի փաթեթները,  չէ որ հետո ֆեյսբուք են գցելու այս նկարները, պետք է բոլորը տեսնեն, որ նրանք գնացել էին մոլ շորիկներ առնելու: ՄՈԼային շարքի նկարների մեջ պետք է լինեն նաև հանդերձարանից նկարներ և պարտադիր այս վերնագրով` plz օգնեք, որն ընտրե՞մ, 1-ը թե՞ 2-ը, որը պետք է քոմենթեն գլամուր ընկերուհիները` մռութս 2-ն էլ սազում ա, վույյյյ կյանքս, մլութ, էս ինչ լավն ես, հրաշքս, 2-ն էլ (ի դեպ սրանք ընկերների ցուցակի մեջ հենց հանդիսատեսի կարգավիճակի համար են): 
2. Գլամուր աղջիկները պարտադիր գնում են մարզասրահ, բայց ոչ միշտ նիհարելու կամ կազմվածքի համար, նրանք դա էլ են անում ուրիշների համար: Մարզասրահ գնում են զուգված-զարդարված, մի 10 շերտ տոնային կրեմ քսած, օծանելիքով լողացած, մազերը ֆենած, տարբեր տեսակի  զարդերով, շորերը որքան բաց, նեղ ու քիփ, այնքան լավ, չէ որ մարզասրահից էլ են դեպի Ֆեյսբուք ու ինստագռամ ուղիղ միացում անելու :))  «վայ քրտնեցի, ինչ ծանր էր, էս ինչ սիմպո տղաներ կան ստեղ» թեգերով ու հայելու առաջ մի 50 դիրքով ծռված ու կքված: 
3. Մարզասրահից դուրս եկան, ընկերուհիների հետ գնում են սրճարան, սկսվեեեց, իրար հետ զրուցելու ու սրճելու փոխարեն, պատվիրում են ամենասիրուն տեսքով ուտելիքները ու սկսում տարբեր անկյուններից նկարել, հետո տորթիկի նկարի վրա թագ են անում Լիլիթիկին, Սյուզկային ու պուպսիկին և սկսում իրար քոմենթել :)
4. Նրանք հագնվում են «ընդհանուր մասսայից որքան տարբեր, այնքան լավ» սկզբունքով, իսկ դա նշանակում է վուլգար, առիթներին ու հաճախած վայրերին ոչ հարմար ու համապատասխան հագուստ: Օրինակ գլամուր դեմքերը դասի են գնում չափից դուրս կարճ կիսաշրջազգեստներով ու այնքան բարձր կրունկներով կոշիկներով, որ հազիվ են քայլում: Մազերը պետք է միշտ «վարսավիրանոցից նոր դուրս եկած» տեսք ունենան, լավ կլինի արհեստականորեն երկարացրած լինեն, եղունգները այնքան երկար, որ անգամ իրենց սեփական հեռախոսներից օգտվել չեն կարողանում, իսկ  ունքերն ու շրթունքները  մատիտով հաստացրած (հիմա այդպես է նորաձև), ձեռքի հեռախոսն էլ  պետք է լինի iPhone: Իսկ կողքից էլ, շատ կներեք, հաճախորդի սպասող մարմնավաճառների են նման:  
5. Գլամուր աղջիկների պատվիրաններից է ամեն օր պարտադիր մեկ selfie և մեկ duck face նկար անել, ֆոտոշոփով մի լավ «ռեմոնտ» անել ու նոր ներկայացնել «Wow, kyanqs es inch hrashq es» քոմենթողների դատին: 
Նրանց ընկերների մեջ պետք է լինեն անծանոթ տղաներ, ովքեր ամեն  նկարի տակ կգրեն` քո նմանը չկա, դու էս ինչ ծիտ ես, վաԴացա...էլ նկար մի քցի, մեզ մի տանջի...և ծանոթ  «գլամուռ տղաներ», ովքեր լավ հասկանում են շորիկներից ու կոսմետիկայից...
6. Ֆանատների ֆռենդլիստին պետք է նաև ներկայացնել ամենօրյա հաճախած վայրերի մանամասն չեքինները:
7. Իրեն գլամուր համարող աղջիկը պետք է իմանա բոլոր բրենդների անունները, ու ոչինչ որ Հայաստանում դրանք երբեք էլ իսկական չեն լինում, կարևորը` ամեն նախադասության մեջ մի բրենդի անուն ու մի երկու անգլերեն բառ օգտագործելն է: 
8. Ինչպես տեսանք հաղորդումից նրանք նաև անտանելի մեծամիտ են լինում, իրենց ոչ ոք չի հասնի, իրենց ուշադրությանը ոչ ոք արժանի չի, ով իրենց հետ չի, հետամնաց է կամ քյառթու:
 Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով, քանի որ այսքանին էլ ենք մի կերպ դիմանում )))
Ընդամենը մեկ խորհուրդ`սիրելի աղջիկներ եղեք պարզ ու բնական, և մարդիկ կձգվեն դեպի ձեզ: Ամենևին կարիք չկա ամեն վայրկյան լարված ապրել, ամեն պահի խաղալ ու ձևացնել,  որ ձեզ սիրեն ու ուշադրություն դարձնեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել