Ոստիկանի մասնագիտությունից խոսելիս կամ այդ մասնագիտության մասին մտորելիս բավական հակասական մտքեր ու ապրումներ ես ունենում: Նախ, ոստիկանը քո առաջ պատկերվում է որպես ամերիկյան ֆիլմերից «դուրս եկած հերոս պոլիսմեն»` բավական դրական կերպար, ով ազատում է մարդկանց հանցագործներից օգնում դժվար իրավիճակներում, նույնիսկ վտանգում սեփական կյանքը, հաստատում կարգ ու կանոն:
Սակայն սրան զուգահեռ պատկերվում է նաև ոստիկանի մեկ այլ կերպար, որ այնքան էլ դրական չէ` չասելու համար բացասական է: Խոսքս սովետական շրջանում հասարակության մեջ ձևավորված, այսպես ասենք, ոստիկանի ֆոլկլորային կերպարի մասին է, որը, ավա՜ղ, դեռ շարունակում է որպես նախորդ ռեժիմի մնացուկ գոյատևել հասարակության որոշ շերտերի մեջ: Ու ակամա առաջանում է երկվություն` իսկ ո՞րն է իրական կերպարը հայ ոստիկանի:
Այս մասին վերջին տարիներին բավական խոսվել է ու ամենաբարձր մակարդակով` ՀՀ Ոստիկանապետի մակարդակով: Չեմ հիշում մի դեպք, երբ ՀՀ Ոստիկանապետը որևէ խորհրդակցության ժամանակ այս հարցին չանդրադառնա: Երբեմն այն էի մտածում, թե ուղղակի սա պետական քաղաքականության մի մասն է ու գեներալ Վ. Գասպարյանն էլ իրականացնում է այդ քաղաքականությունը` փորձում կոտրել արդեն նշածս ֆոլկլորային կարծրատիպը: Հատկապես հայկական մեր ազգային նկարագիրը հաշվի առնելով՝ այն տպավորությունն էի ունենում, որ ասածը ասած էլ մնում է: Սակայն ... Օրերս ֆեյսբուքյան իմ ընկերներից ՀՀ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի մոտ կարդացի հետևյալ գրառումը. «Ծառայության մեջ գտնվողներիս համար աշխատանքային օրվա ավարտը հարաբերական հասկացություն է, բայց երբ այն ավարտվում է առանց դժբախտ պատահարների, մահվան ելքով դեպքերի, վրաերթերի, օրը հաջողված եմ համարում ...»: - Գրառումը բավականին ընդարձակ է, սակայն ինձ գրավեց այս հատվածը: Ուղղակի սա ինձ համար չափազանց խոսուն էր այն իմաստով, որ մենք արդեն ունենք հայ ոստիկանի կերպար, ում համար օրը հաջողված է համարում, երբ չկան մահվան ելքով դժբախտ պատահարներ: Ու նաև գեներալ Վ. Գասպարյանի խոսքը արդեն գործ է ու հաջողված գործ` ոչ միայն «Հրեշտակների գվարդիայով», ես չգիտեմ այդ ստորաբաժանման պաշտոնական անունը, սակայն ինձ դուր է գալիս այդպես անվանել ու կիրառում եմ այդ անվանումը, այլ գրառման հեղինակ բարեկամիս նման ոստիկաններով, որոնց մոտ կա կարեկցանք, սրտացավություն, հարգանք .... Մի խոսքով, ուրախ եմ, որ արդեն ունենք հայ ոստիկանի կերպար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել