Բոլոր մարդիկ էլ ինչ-որ ժամանակ հայտնվում են անապատում: Հետո շատ երկար փորձում են ելք որոնել: Նրանցից շատերը մեղավորներին փնտրում են ժամանակաշրջանի, հասարակության ու ստեղծված հանգամանքների մեջ, իսկ ոմանք ուղղակի նայում են ներս ու գլխարկի մեջ փիղ կուլ տված վիշապօձ տեսնում: Դրանք Փոքրիկ Իշխաններն են, որ ապրում են երկրի վրա: Ինձ հաջողվեց հարցազրույց վերցնել մեծահասակ Փոքրիկ Իշխանից, ով արդեն 51 տարեկան է, բայց երբեք չի մոռանում, որ ինքն էլ է միաժամանակ երեխա եղել:
-Մարդիկ կարծում էին, որ Էքզյուպերին գլխարկ էր նկարել, իսկ իրականում՝ փիղ կուլ տված վիշապօձ էր պատկերել: Պատահու՞մ է, որ ինչ-որ բան ստեղծես, բայց մարդիկ լրիվ այլ կերպ հասկանան ու ընկալեն:
-Սովորական մի ծառի արմատ կար, որ պատահական գտա, մաքրեցի, ոչինչ չավելացրի, ու ուղղակի հղկելով ստացա ինչ-որ աբստրակտ քանդակ, ու մարդիկ նայելով շատ բաներ են տեսնում ու բացահայտում: Ամեն մեկը ուրիշ ձև ա նայում, ուրիշ տեսանկյունից, նենց չէ, ոնց ասենք մյուսը:
Կամ, ասենք, իմ համար շատ գեղեցիկ վայր էր Ալագյազի լիճը: Իմ համար գեղեցկություն էր, որ ամռան շոգին սարերին ձյուն կար, մաքուր օդ, բայց, երբ ես ուզեցի դա՝ իմ համար կարևոր տեղը, կիսել իմ ամենամոտ ընկերոջ հետ, ու ճանապարհ անցանք՝ ոչ էնքան հարմար մեքենայով, ասեց. «Արժե՞ր էսքան ճանապարհ գալ սրա համար»:  
Մի ուրիշ օրինակ բերեմ՝ երբ 80-ականներին աշխատանքի էի գնում, ամեն առավոտ մի հատ ծիտիկ ծառի վրա երգում էր, ու բոլորը սենց հաճույքով լսում էին էդ ծիտիկի երգը: Մեկ էլ մոտեցավ մեր վարորդներից մեկը, հարցրեց, թե ի՞նչ կա, ու, երբ ասեցինք ծիտիկի մասին, ասեց.«ա դե սպասեք, սուսեք գնամ ռագադկաս բերեմ»:
Ես հասկացա, որ մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն:
-Դու արդեն 51 տարեկան ես ու երկար ժամանակ ապրել ես մեծահասկաների միջավայրում ի՞նչ ես մտածում մեծահասակների մասին ովքե՞ր են մեծահասկաները
-Մարդիկ կան, որ տարիքով գուցե մեծահասակ են, բայց կյանքում շարժիչ ուժ ունեն ու շարունակում են գնալ առաջ: Տենց ճանաչում էի մեկին, որ կյանքի նպատակն էր դոկտորական պաշտպանելը, տենց մարդը պաշտպանեց ու մի շաբաթ հետո մահացավ, բայց պաշտպանեց չէ՞, կամ ասենք պապաս արդեն 82 տարեկան ա, բայց մինչև էսօր գծագիր ա անում, ու աշխատում: Հասակն ու տարիքը ընդհանրապես կապ չունեն, որովհետև կան երիտասարդներ, որ հոգնած են բառիս բոլոր իմաստներով ու ոչինչի մեջ իմաստ չեն տեսնում, ու կան մարդիկ, որ մինչև էն ամենավերջը ինչ-որ բան են ստեղծում ու շարժիիչ ուժ ունեն: Տարիքը շատ փոքր բան ա:
-Դու քեզ մեծահասակ համարո՞ւմ ես
-Չէ, որովհետև չեմ սիրում ու ընդունում էն ամենը ինչ պարտադիր ա: Այսինքն երբ ես չունեմ ընտրության իրավունք ու դա սենց հարկադրված աշխատանք ա, արդեն տհաճ ա իմ համար: Ցանկացած քայլ պետք ա զուտ պարտականություն ու աշխատանք չլինի, պետք ա զգամ, սիրեմ, իսկ մեծերը էդքան էլ տենց չեն մտածում: Մեծերի մոտ պարտադիրները շատ են ու իրենք մեծ հաշվով չեն հասկանում, թե ինչի են էսինչ բանը անում, կամ ում ա դա պետք:
 

-Մարդկանց ի՞նչ տեսակների ես բաժանում
Միշտ ասել եմ, որ չկան լավ ու վատ մարդիկ, կա շահերի բախում:
Ընդհանրապես մարդկանց տեսակները կամ դրանց բաժանումը մենք չի որ պիտի անենք, իմ կարծիքով:

  
- Ի՞նչն էոր շատ կուզեիր բացատրել մարդկանց բայց չես բացատրում
-Մարդկանց մեջ արժեքները խառնվել են, ու, երբ դու ուզում ես ինչ-որ բան բացատրել կամ ինչ-որ կարևոր արժեքներից խոսել հասկանում ես, որ մարդիկ էսօր դարձել են ինչ-որ նյութական բանի համար կռիվ տվողներ, ու գեղեցիկը հասկանում են, ոչ թե ասենք բնական գեղեցիկը, այլ՝ նյութական: Եթե ասենք փորձես էս ամենը իրանց բացատրել իրանք քեզ կնայեն հիմարի աչքերով, որովհետև էդ հոգեվորն ու ներքինը չունեն: Իրենք էլ մեղավոր չեն, որովհետև ուղղակի պարտավոր են քայլել աշխարհի օրենքներով, որովհետև տենց շատ ավելի հեշտ ա: Մարդիկ ուզում են տարբերվել մեծ բաներով՝ անկախ նրանից, որ էդ մեծ բաների մեջ շունչ չկա՝ կարևորը մեծ ա, էն մյուսինից ավելի մեծ ա, սիրուն ա: Էդ մարդկանց դնես, բացատրես, որ բարի եղեք, հանդուրժող եղեք, ներսից լիքը եղեք, կզարմանան, թե ոնց հանգիստ լինի, եթե հաց չունի, մյուսը կասի, թե ոնց հանգիստ լինի, եթե մեքենա չունի, կամ, եթե տանիքից կաթում ա, կամ մի տուն պակաս ունի: Մարդիկ քարանձավների ժամանակներում էլ են կարողացել երջանկություն գտնել, չէ՞:
Միշտ ուզում են իշխեն, գերադասեն դիմացինին՝ չնայած բոլորը հավասար են ու հավասար իրավունքներ ունեն: Եթե մարդիկ դա չեն հասկանում, ուրեմն անիմաստ ա ինչ-որ բան բացատրելը, դնես վիճես, ի զուր իրար կնեղացնեք:
-Թվեր սիրո՞ւմ ես Որքանո՞վ են կարևոր ամեն տեսակ թվերը քեզ համար
-Թվերը շատ փոքր բաներ են, որ կարևոր լինեն իմ համար, դրանցից շատ քիչ բաներ են կախված, կարելի ա ասել, որ ոչինչ էլ կախված չի:
-Դու երկիր մոլորակից ես թե ուրիշ մոլորակ էլ ունես Բացի քեզնից էլ մարդիկ կա՞ն որ գիտեն այդ մոլորակի մասին
-Ես փորձում եմ իմ աշխարհը ստեղծել, որովհետև էս աշխարհում շատ հակասություններ կան, որոնք ես չեմ ընդունում: Օրինակ, մարդիկ մտածում են, որ դու պարտավոր ես լավ բան անել, ու դա սովորական երևույթ ա իրենց համար, բայց հենց սկսում ես գոռալ, կամ ամեն տեսակ բռնության դրսեվորում ա հայտնվում, մարդիկ զգաստանում են: Էդ սխալ ա: Վախի գործոնը շատ ավելի ուժեղ ա էսօր աշխարհում, քան հարգանքը, իսկ դա չի կարող ճիշտ ու ընդունելի լինել: Երբ որ ես ստիպված եմ լինում էդ օրենքներով շարժվել, հետո անպայման իմ աշխարհում առանձնանալու կարիք եմ ունենում: Ու էլի բնություն՝ զուտ մաքուր բնություն, կամ իմ սենյակը, որը հեչ նման չի էներգետիկի սենյակի՝ պատերին նկարներ, քանդակներ, իմ անկյունը, որտեղ ես իմ հետ եմ ու էդ աշխարհը մենակ իմ հետ եմ կիսում:
-Մանրուքներին կարևորություն տալի՞ս ես
-Մանրուքը կամ մեծ բանը չափանիշներ չունեն՝ ոչ կշռվում են, ոչ մետրով են չափվում, այսինքն չի կարելի ասել, դա մանրուք ա, թե մեծ բան: Դու կարող ես շատ փոքր բանից շոյվել: Ոչ մեկ չի կարող հստակ սահմանում տալ էսինչը մեծ բան ա, թե մանրուք: Ես ուշադրություն եմ դարձնում ցանկացած բարի բանի: Աստվածաշնչի մեջ էլ ա ասում.«ինչից ինչն ա տալիս քեզ»: Եթե մարդը, մի կոնֆետ ունի, բայց կիսում ա քո հետ, դա շատ ավելին ա, քան ասենք, եթե միլիոնատերը ինչ –որ գումար տա իր հարստությունից: Ամենը քայլը իմաստ ունի ու մանրուքներ չկան:
-Ե՞րբ են մարդիկ դադարում երեխա լինել

-Նայած, թե, որ կողմից նայես ու որ առումով: Երբ հասկանում ա, որ ինքը իրա քայլերի համար պիտի պատասխան տա, երբ սկսում ա ավելի շատ դատել, քան զգալ: Ոչ մեկ էլ հոգու խորքում չի մոռանում, որ երեխա ա եղել: Ֆիզիկայում ասում ա՝ ոչնչից ոչինչ չի ստեղծվում, ոչինչ ոչմիտեղ չի կորում: Իրենք ուղղակի ցույց են տալիս, թե չեն հիշում: Մեկ էլ կտեսնես մի նենց բան կհիշեն իրենց մանկությունից: Ուղղակի ուզում են մեծ երևան, հերոս երևան, բա ինչի՞ են ասում «Մեր ժամանակ սենց, սենց, սենց», իրենք էդ ժամանակ մեծ չեն եղել չէ՞:
-Ինչի՞ց ես վախենում հիմա ու ինչի՞ց էիր վախենում երբ ավելի փոքր Իշխան էիր
-Փոքր ժամանակ, ըմմմ, չեմ կարողանում հիշել, բայց վախենալու ու լացելու համար ինձ շատ բան պետք չէր (ծիծաղում է): Հիմա իմ բարկանալուց եմ վախենում, մարդկանց նեղացնելուց, որովհետև, եթե ես մեկին նեղացնում եմ կամ ցավ եմ պատճառում, հետո էլի ֆիզիկայի օրենքի համաձայն հակազդվում եմ ու դրանից ինձ մեղավոր եմ զգում, վատ եմ զգում: Հետո մարդկանց ու հատկապես հիմար մարդկանց հետ երկար շփվելուց եմ վախենում, որովհետև մարդ կարող ա ինչ-որ ապուշություն ասի, իսկ տենց հաճախ ա լինում, ես էլ պտտվեմ ասեմ.«Լսի, հո դու ապու՞շ չես»: Մարդկանց հետ կարճ եմ կապում, որ չվիրավորեմ: Վախենում եմ հիասթափվելուց ու հիասթափեցնելուց, չափից դուրս շատ խորանալուց: Կեսից ստոպ եմ տալիս, որ վատ հետևանքներ չլինեն:   

-Էքզյուպերին համեմատաբար խելացի մարդու հանդիպելիս իր նկարած առաջին նկարով էր դիմացինին փորձում իսկ դու ինչպե՞ս ես ճանաչում ու հասկանում մարդկանց
-Շատ դժվար եմ ճանաչում մարդկանց: Մարդուն կատարյալ ազատություն եմ տալիս, ոգեվորվելու ու թպրտալու առիթներ, ու հետևում իր քայլերին: Երբ որ ինքն իր ազատությունից սկսում ա անկանոն շարժումներ անել, ես հասկանում եմ, թե ով ա ինքն ու ինչի ա ընդունակ: Եթե հենց սկզբից սահմանափակես՝ ինքը թաքուն կողմեր կպահի, իսկ սենց ինքն էլ չի հասկանում, թե ոնց ա իրեն բացում:
-Դու Վարդ ունե՞սկամ գուցե վարդերինչպես Իշխանը
Իմ ընտանիքը:
-Որքանո՞վ են մարդիկ նման կենդանիներին՝ թե լավ թե վատ առումներով Ըստ քեզ ի՞նչ պետք է սովորեն մարդիկ կենդանիներից որ չեն սովորում և ի՞նչ չպետք է չսովորեն բայց սովորում են
-Ես շատ եմ սիրում մարդկանց համեմատել ջունգլիների հետ, բայց դա վիրավորանք չի:
Չեմ սիրում, որ փորձում են շանը ստիպել, որ երգի, իսկ ասենք թութակին ստիպել, որ հաչա: Նույն ձև երգիչն էլ ա արվեստագետ, նկարիչն էլ, բայց չես կարող նկարիչին ստիպել, որ երգի, կամ հակառակը:
Գառների հոտը, որ պատկերացնենք, բոլորը հավասար են, բայց միշտ մեկը առջևից ա քայլում, մեկը ՝ հետևից, ու հիմնական խումբը էս երկուսի միջև ընկած տարածքում ա: Մարդիկ մեկ-մեկ մոռանում են, որ գառներ չեն, ու էս անգամ արդեն բացասական իմաստով: Կենդանիներից սովորում են հոշոտել, բայց վատ չէր լինի, որ համախմբվածությունը ընդօրինակեն, ոնց որ ասենք թռչունների երամը:
-Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանը ծնողներ ունե՞ր քո կարծիքով
-Չգիտեմ, երևի նույն մարդը, ով Էքզյուպերիի ծնողն ա, ու խոսքս ֆիզիոլոգիական ծնողների մասին չի:

Հ.Գ Շնորհակալություն զրուցակցիս՝ հայրիկին՝ հարցազրույցի Բամբիռ խմբինԷքզյուպերիին ու Փոքրիկ Իշխանին՝  ինձ ոգեշնչելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել