Իրատես de facto» թերթը գրում է.

«ԱԺ ոչիշխանական ուժերի միավորման փորձը Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների բեկումնային դրվագն է: Գաղափարախոսական տարբեր ճակատներում գտնվող, անձնական հակակրանք ունեցող ու միմյանցից վիրավորված քաղաքական գործիչներին փորձում է միավորել Հայաստանի ամենահարուստ մարդը` Գագիկ Ծառուկյանը: Ճիշտ է, հայկական քաղաքականության կնքահայրերից Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ուժերն անվանում է «հրաշալի քառյակ» եւ նրանց հետագա գործունեությանը փորձում է տալ քաղաքագիտական բացատրություն` առաջ քաշելով «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» տեսությունը, սակայն պարզ է, որ միավորման փորձեր անողներն առաջնորդվում են ոչ թե ծրագրային կամ գաղափարախոսական ընդհանրություններով, այլ «ջրի երեսին մնալու» այժմեականով: Գագիկ Ծառուկյանը հասկանում է, որ փողի վրա հիմնված բուտաֆորիկ ԲՀԿ-ն չի կարող երկար քաղաքական կյանք ունենալ: Ինչքան էլ կուսակցությունը հռչակվի ոչ ընդդիմադիր, խուսափի իշխանության հետ բացահայտ բախումից, միեւնույն է, առանց իշխանության այս կուսակցությունը նման է ֆինանսներ լափող ոչ շահավետ ծրագրի, ուստի պետք է շահավետ պայմաններով մաս կազմել իշխանությանը կամ էլ իշխանափոխության ճանապարհով գալ իշխանության ու տիրանալ պետական լծակներին, բայց դա անել շատ զգույշ, հնարավորության դեպքում` այլոց ձեռքերով:

Իր հերթին, Տեր-Պետրոսյանը հաշվարկել է, որ 2008-ի «համաժողովրդական շարժման» տապալումից հետո ՀԱԿ դարձած ՀՀՇ-ն չի կարող լուրջ քաղաքական գործունեություն ծավալել: Ինչպես վերջերս շրջանառության մեջ դրված դիտարկումն է փաստում, «մոնղոլ-թաթարներին հաղթելու փոխարեն Տեր-Պետրոսյանն ընկերություն է անում թաթարների հետ` մոնղոլների դեմ պայքարելու համար»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը», ապա երկու ուժերն էլ «հրաշալի քառյակի» ձեւաչափին մասնակցում են զուտ ընդդիմադիր տրամաբանությունից ելնելով` հասկանալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան համատեղ խաղատախտակի վրա կարող են հավակնել միայն շարքային ընդդիմադիրի կարգավիճակի: Ինչեւէ, Տեր-Պետրոսյանի քաղաքական քավորության եւ Ծառուկյանի ֆինանսական միջոցների առանցքի շուրջը ձեւավորվող նոր ընդդիմադիր բեւեռը դեռեւս լուրջ հայտ չի ներկայացրել` սահմանափակվելով միայն կառավարության հրաժարականի պահանջի շուրջ համաձայնության գալով, իսկ սա առանձնապես նորություն չէ, քանզի բոլոր երկրներում էլ ընդդիմությունը մշտապես պահանջում է կառավարության հրաժարականը` առաջարկելով զարգացումների սեփական ծրագիրը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել