Եւ հոգուս մէջ, յուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կեանքս, որ յուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կեանքս կ’անցնի, կը մարի, բայց երգս կայ, կ’ապրի դեռ:
Կեանքս կ’անցնի, կը մարի, որպէս կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անյոյս:
Երգերիս մէջ – դու գիտե՞ս – ինձ ոչ ոք չի ճանաչում՝
Կարծես ուրի՜շն է երգում կապոյտ կարօտը հոգուս:
Յաւիտեան գոց ու անխօս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտէ՝ արդեօք ի՞նչ է կեանքս, ես.
Միայն գիտեն, որ կեանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպէս գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մէկը քեզ:
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսաւոր,
Քո աչքերի, քո դէմքի տխրութիւնը սրբազան.
Կեանքս թողած անհունում – ես երգել եմ սէրը խոր
Ու կարօտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…
Մօտենում է, քո՛յր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտայ կարօտից.
Ինչպէ՞ս, ինչպե՞ս ընդունեմ կեանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:
Գուցէ՜ հանկարծ կասկածեմ, չհաւատամ ինքս, ես,
Ու սուտ թուայ իմ հոգուն քո կարօտը սրբազան…
- Ի՜նչ էլ լինի, քո՛յր իմ, քո՛յր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարօտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

1917թ.

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել