Ներքո գրածս՝ «ինչպես կարելի է քննադատել Կ–ի նման մարդուն» կարգի գրածներից չէ։ Քննադատել կարելի է բոլորին, նույնիսկ պետք է։ Բայց հարկ է դա անել հիմնավորված, տրամաբանվսած ու տեղին։ Այլապես քննադատությունը վերածվում է անձնական հակակրանքի արտահայտման։ Մինչդեռ վերջերս իմ տեսած՝ Շառլի հասցեին մամուլում ու սոցցանցերում հայտվնած «քննադատությունները» ո՛չ հիմնավորված էին, ո՛չ տրամաբանություն ունեին, և ո՛չ էլ տեղին էին։ Ի դեպ, այն ինչ գրելու եմ, Ազնավուր պաշտպանություն չէ։ Ուղղակի՝ նրա հասցեին ուղղված «քննադատություններն» ինձ ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան խորն է մեզանում անհանդուրժողականությունն ու այլակարծության նկատմամբ ատելությունը։  Այս մտայնությունը կարելի է ձևակերպել հետևյալ նախադասությամբ. «ճիշտ է միայն իմ կարծիքը, ցանկածաց այլ կարծիք սխալ է, կարծիքի տերն էլ՝ դավաճան կամ հիմար»։ Ցավ պատճառեց ինձ նաև այն, թե ինչքան հեշտ կարող ենք մենք մոռանալ մեզ արված բարեգործությունները՝ ինչ որ (մեր կարծիքով) արված բացթողման համար։  

Քննադատությունները սկսվեցին Շառլի իբր արած (այդպես էլ չհասկացա՝ արել է, թե չի արել) հայտարարությունից, թե «Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն»։ Քննադատությունների էությունը մոտավերապես հետևյալն էր՝ «բիձեն օր ծերությամբ նոր հասկացավ, որ պետք ա քննադատել Հայաստանի հանցավոր իշխանությունններին», «ինչի շուտ չէր քննադատել», «ինչի ա ցեղասպանության մասին նման բաներ ասել», կամ «ինչի ա սատարել հայ–թուրքական սահմանի բացումը», և այլն։ 
ա. Պահանջում են նրանից, ով քեզ պարտական է... Նախ՝ առաջին կետը, թե ինչու է Ազնավուրը լռել այսքան տարի ու չի քննադատել Հայաստանի աշխանություններին։ (Ի դեպ, որքան հիշում եմ՝ վերջերս բավական քննադատել է Հայաստանի վիճակը։) Իսկ ինչու՞ պիտի քննադատեր կամ չքննադատեր։ Առահասարակ, ի՞նչի հիման վրա ենք մենք Ազնավուրից որևէ բան պահանջում։ Պահանջում են սովորաբար նրանից, ով քեզ ինչ որ բանով պարտական է, ասենք՝ հարևանից, որին փող ես տվել, ծնողից, պաշտոնյայից, որին ընտրել ես ու որն աշխատավարձ է ստանում քո վճարած հարկերից, նախագահից, քաղաքապետից։ Ազնավուրը ո՛չ մեկն է, ո՛չ երկրորդը, ո՛չ էլ երրորդը։ Նա մեզ որևէ բանով պարտական չի։ Ընդհակառակը՝ մենք ենք նրան պարտական, նրա արած բազում բարեգործությունների, երկրաշարժի տարիներին Հայաստանին ուղարկած օգնության, ցուրտ ու մութ տարիներին Հայաստանին տված օրական մեկ ժամ էլեկտրաէներգիայի, Հայաստանի անունը ամեն կերպ Եվրոպայով մեկ, ու հատկապես Ֆրանսիայում բարձրաձայնելու և այլնի համար։ Իսկ մենք, չգիտես ինչի հիման վրա, նրան ներկայացնում ենք պահանջներ, որոնք կատարել նա բոլորովին պարտական չէ։ 
Ստացվում է նման մի պատկեր. պատկերացրեք մի դպրոց (իմա՝ Հայաստան), որի տնօրենն ու ուսուցիչները (իմա՝ Հայաստանի իշխանություններ) կեղեքում ու թալանում են աշակերտներին (իմա՝ հայ ժողովուրդ)։ Մի օր կողքի քաղաքից գալիս է մի բարերար (իմա՝ Ազնավուր), որը դպրոցի երեխաներին մեծ քանակությամբ նյութական օգնություն է ցույց տալիս։ Իսկ հետո աշակերտները, փոխարեն արած լավության համար շնորհակալ լինելու, սկսում են բողոքել, թե ինչու բարերարը նաև տնօրենին ու ուսուցիչներին չքննադատեց։ Ստացվում է այսպես՝ բարերարը աշակերտներին պարտական է դառնում իր իսկ արած լավության համար, եթե չգար, չօգներ, երևի չէին էլ պահանջի։ 
Այնպես որ՝ Ազնավուրը մեր իշխանություններին քննադատի, թե չքննադատի ՝ մենք նրանից որևէ բան պահանջելու հիմք չունենք, քննադատի՝ կգնահատենք, չքննադատի՝ շնորհակալ կլինենք նախորդ արածների համար։ 
բ. «Հայաստանը մեծ վտանգի մեջ է, եւ բոլորը հապաղում են ցեղասպանություն բառի վրա» «Ինչպե՜ս կարելի է նման բան ասել ցեղասպանթյան մասի՜ն...» Կարելի է, հատկապես եթե այս տեսակետը արտահայտվում է Հայաստանի ապագայի ու ներկա ցանր վիճակի մասին մտահոգության համատեքստում։ Ինքս համոզված լինելով, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը հանդիսանում է հայ ժողովրդի այսօրվա կարևորագույն խնդիրներից մեկը՝ լիովին նաև համաձայն եմ Ազնավուրի այս տեսակետի հետ, այն է՝ շատ ավելի կարևոր գերխնդիր է այսօր հենց Հայաստանի անմխիթար վիճակը բարելավելը, քան ցեղասպանության մասին խոսակցությունները։ Ցեղասպանության մասին կարելի է ունենալ տարբեր տեսակետեր, ու բոլորովին պարզ չէ, թե դրանցից որն է ճիշտ։ Նորից գալիս ենք վերը նշված մտայնությանը՝ «եթե ինչ որ մեկի տեսակետը իմից տարբերվում է՝ ապա այն սխալ է (տեսակետի տերն էլ՝ հաճախ, դավաճան)»։ Եվ եթե անգամ Ազնավուրի տեսակետը սխալ դուրս գա, նա այնքան արժանիք ունի, որ այդ փաքրիկ «սխալն էլ» կարելի է նրան ներել։ 
գ. Հայ–թուրքական սահմանը... Նորից գալիս ենք տեսակետների հարցին ու հանդուրժողականությանը։ Ոմանց տեսակետից՝ հայ–թուրքական սահմանի բացումը միանշանակ սխալ է, դրա կողմ արտահայտվողն էլ՝ դավաճան։ Մինչդեռ դրա բացման լավ կամ վատ լինելը բոլորովին միանշանակ չէ։ Անշուշտ՝ այն կարող է ունենալ բացասական կողմեր, բայց նաև դրականները (հիմա չեմ ուզում դրանք քննարկել, քանզի դրանք վաղուց քննարկվել են ինձանից ավելի բանիմաց մարդկանց կողմից)։ Ասածս այն է, որ նման վիճելի հարցի շուրջ հակառակ կարծիք արտահայտողին դավաճան կամ երկրորդ կարգի հայ անվանելը անհանդուրժող ու անխոհեմ կեցվածք է։
 Ինչևէ, շատ չերկարացնեմ ու փորձեմ ամփոփել. Ազնավուրը իշխանություններին քննադատել է, թե ոչ՝ դա նրա անձնական գործն է, նա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը անելու պարտական չէ, ու առհասարակ, Հայաստանին որևէ բանով պարտական չէ։ Ընդհակառակը, Հայաստանն է նրան պարտական շատ բաների համար։ Ազնավուրը ցեղասպանության ու սահմանի բացման մասին կարող է ունենալ իր ուրույն կարծիքը, սակայն որքան էլ դա որևէ մեկի կարծիքից տարբերվի կամ որևէ մեկին անհեթեթ թվա, դրա հիման վրա նրան երկրորդ կարգի հայ կամ դավաճան անվանելն անհիմն է։ Նախ՝ որովհետև Շառլն իր բազմաթիվ գործերով բազմիցս ապացուցել է հայ ժողովրդի բարօրությամբ իր մտահոգված լինելը, և երկրորդը՝ դեռ հարց է, թե ում կարծիքն է ճիշտ, ումը՝ սխալ։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել