Բազմիցս եմ իմ ընդգծված բացասական վերաբերմունքս` ավելին զզվանքս արտահայտել վերջին տարիների Հայաստանի մասին: Պարզվում է՝ այս հողակտորի դարավոր պատմությունը, որ կերտված էր անկումների, ինչու չէ, նաև փառահեղ հաղթանակների հիմնասյան վրա, գահավիժել է անդունդ: Դեռ ավելին, այժմ էլ շարունակվում է այս երկրի բացարձակ 0 կենսամակարդակով տանջված բնակչությանը ողջ-ողջ այրել տարտարոսի կրակներում` վերջնականապես հայ ազգի արմատները երկրի երեսից վերացնելու նկրտումները: Եվ ի՞նչ եք կարծում, այս ամենի համար ո՞ւմ ենք պարտական: Իհարկե, ՀՀ «փառավոր» իշխանությանը: Այս ոհմակն արդեն չգիտի՝ ինչպես հիմնահատակ կործանի երկիրը, աշխարհի էլ որ հողակտորի վրա նետի իրենց համար գլխացավանք դարձած հայ ազգի վերջին մնացորդներին: Կոմունալ վճարների ուռճեցված սակագները բավական չէին Սերժ և Տիգրան Սարգսյանների յուրայիններն իրենց գրպանները լավագույնս մեր քրտինքի հաշվին հաստացնելու նպատակով հանճարեղ և դարակազմիկ օրենք ընդունեցին` կենսաթոշակային բարեփոխումների մասին, ու մի հատ էլ մուրացիկի հոգեբանությամբ ստիպում են իրենց նվիրաբերել հալալ քրտինքով աշխատածդ գումարը: Այս սրիկայությունից անմասն չմնաց նաև Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մեր աղքատավարձերից արդեն բաղձալի կորզումներն արվել են: Բժշկական ամենևին էլ չի մտածում գոնե պահվող գումարի չափով աշխատավարձերի ավելացում անի, այս քայլով գոնե սեփական հաստատության աշխատակիցների հոգսը թեթեվացնելու համար: Եվ սա այն դեպքում, երբ միլիոնավոր եկամուտներ ունեցող այս ԲՈՒՀ-ը, որը 300 խոշոր հարկատուների մեջ իր առաջատարի դիրքն ունի, ամեն քայլափոխին մատնացույց է անում, որ ԲՈՒՀ-ը պարտքեր ունի. որտեղի՞ց են գոյացել այդ վիրտուալ պարտքերը, ոչ ոք չգիտի: Այսպիսի առեղծվածային իրակություն ունեցող հիմնարկությունը շատ համարեց անգամ կանանց տոնի կապակցությամբ հավելավճարով աշխատակիցներին պարգևատրել, գոնե մարդկանց աչքերին փոշի փչելու տրամաբանությամբ: Եթե համեմատականներ տանենք ԵՊՀ-ի, ՀԱՀՀ-ի և ԵՊԲՀ-ի միջև, ապա այս առումով բժշկականը ոչ միայն ակնհայտորեն պարտվածի հոգեբանությամբ զիջում է, այլ նաև դեռ շատ անելիքներ ունի` համենայն դեպս աշխատողներին հարգելու և գնահատելու տեսանկյունից: ԵՊՀ բոլոր աշխատակիցները գոնե աշխատավարձերի բարձրացում տեսան, համենայն դեպս չզգացին իրենց դրամապանակի պարունակության նվազումը: Իսկ Հայաստանի «ամենաէլիտար ԲՈՒՀԻ» աշխատակիցները այսօր ոչ միայն վիրավորված, այլև ստորացված են իրենց զգում բացահայտ օրը ցերեկով թալանվելու փաստից: Ամոթ է: Սա կարելի է միանշանակ խայտառակություն բնութագրել: Ինչպես ասում է Հայ մեծն պատմիչ Մովսես Խորենացին «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել