Երկար ու զարմանալի լռությունից հետո ի վերջո Արմեն Աշոտյանը խոսեց, ավելի ճիշտ գրեց ստատուս, որը այսօր նրա և ևս նման մի քանի գործիչների դեպքում համարվում է «խոսել»: Մասնավորապես, Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ հանրահավաքում հնչեցրած ելույթին, գրել է, թե կարիք չկա այնտեղ հնչած հայտնի համեմատության մասին անընդմեջ կարծիքներ հայտնել:
Բնականաբար, Արմեն Աշոտյանը շատ լավ գիտի, որ լրագրողները իրենց կամոք չեն դիմում տարբեր անձանց` հայտնի թեմայի շուրջ կարծիք ստանալու համար, այլ՝ հրահանգված: Եվ երևի բոլորին դիմել են, բացի Աշոտյանից, և նա այժմ վիրավորված որոշել է նախաձեռնությամբ հանդես գալ, և ինքը հայտնել իր կարծիքը:
Կարծիքը, բնականաբար, հայտնի աշոտյանական ոճով է, որով այսօր բոլոր երիտգործիչները իրենց սրբազան պարտքն են համարում մեկնաբանել առաջին նախագահի խոսքերը՝ մոռանալով, որ առաջին նախագահի առաջ նրանք ընդամենը քաղաքական մանուկներ են, ոչ ավել: 
Իսկ Լևոն Տեր-Պետրոյսանի խոսքերը մեկնաբանելուց և նրա անցկացրած համեմատությունների մասին հեգնանքով խոսելուց առաջ, պարոն Աշոտյնաը լավ կաներ մտածեր, թե ցանկության դեպքում ինչպիսի համեմատականեր կանցկացներ Լևոն Տեր-Պետրոսյանը իր պարագայում, այսինքն, ում հետ կհամեմատեր հենց իրեն` Արմեն Աշոտյանին: 
Վստահ եմ, որ դա Աշոտյանի դուրը չէր գա, քանի որ հնարավոր ասոցիացաները ակնհայտ են: Ուստի, ինչպես ասվում է, երբեմն ավելի լավ է լռել, քան խոսալ, այսինքն ստատուս գրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել