Վերջերս ինձ թվում է, թե ընդդիմության հանրահավաքներին էլ է իշխանությունն արդեն կողմ, մենակ թե իշխանությունը ձեռքներին մնա: Հա դե, հանրահավաք է, կասեն-կխոսեն, լուտանք կթափեն գլխներին, ժողովուրդն էլ կուրախանա, թե ոնց են իրեն հարստահարողներին թուքումուր տալիս ու կասի՝ «ՈՒխ, ջա՜ն...»: Ու կցրվեն-կգնան տները: Մինչեւ հաջորդ հանրահավաք էլ նախորդ հանրահավաքում լսածները կտան-կառնեն՝ էդ ընթացքում իշխանությունը մի փոքր շունչ կքաշի, ու հանգիստ կշարունակի ժողովրդից կլպած ու կլպելիք փողերը հաշվել: Դե տեսնում են, որ իրենցից երես թեքած ժողովուրդը «բեռուբարխանը կապած» լքում է երկիրը, ուստի փորձում են, թերևս, ժողովրդի հետ ընդդիմության միջոցով «լեզու գտնել»: Հա բա, որ ճորտերը պակասեն, ո՞ւմ են կառավարելու, ո՞ւմ հաշվին են «աղքատության վերացմանն ուղղված» գրանտներ ստանալու...Հրեն հերթականն արդեն «ճամփա ընկած» գալիս է: Դե հետո ընդդիմության հանրահավաքներն անհրաժեշտ են, որպեսզի պատրանք ստեղծվի, որ մեր մոտ ժողովրդավարությունը «հելել իրեն ուտում է», կամ Գալուստ Սահակյանն ասի, որ ընդդիմությունն էլ նրա համար է, որ քննադատի, էն մյուս հանրապետականն էլ ասի՝ «Մեր մոտ խոսքի ազատություն է, ով՝ ինչ ուզում, խոսում է...»: Ընդդիմության հանրահավաքները պետք են (համ ժողովրդին, համ իշխանությանը), որ մարդիկ ժամանակ առ ժամանակ այդ հանրահավաքներով ոգեւորվեն, հուսադրվեն ու առնվազն մի քանի օրով, շաբաթով կամ ամսով հետաձգեն երկիրը լքելու կամ հուսահատությունից ինքնասպան լինելու իրենց մտադրությունը: Տեսել եք, չէ՞, ինչքան հաճախ են «մոստից գցվողներ» կամ գցվել պատրաստվողներ ցույց տալիս հեռուստատեսությամբ, ու արտակարգ իրավիճակների ծառայությունն էլ ինչպես է երբեմն հասցնում կանխել դրանք, դեպքի վայրում մշտապես հայտնվող Շամշյանն էլ, երեւի թե, գցվողների ականջին փսփսում է, թե «Էս երկու օրը ընդդիմության միտինգ է լինելու, ու իշխանություններին Չաուշեսկոյի ու Յանուկովիչի օրն են գցելու»: Վանաձորցի մի տիկին օրերս հերթական անգամ խանդավառված վերադարձել էր ՀԱԿ հանրահավաքից, ու ինչպես նախորդ, այս անգամ էլ ասաց. «Մենակ դու տենայիր, թե ինչ էր կատարվում, էդ ձեւի բան դեռ եղած չկար»: Ասում եմ՝ ինչի՞, էս 15տարի է՝ նույն հանրահավաքները չե՞նք տեսնում այստեղ, այնտեղ եւ ամենուր (պարզապես հարթակում կանգնածներն են փոխվում), բայց մի բան գոնե փոխվու՞մ է երկրում դեպի լավը: Էդ «դբա լավը» անդեմ արտահայտությունը միայն միամիտ լոռեցիների համար խզբզեցին Լոռվա մուտքի մոտ (եւ անգամ խանութի անուն էլ են դրել Վանաձորում), թե չէ «դբա լավը» ոչինչ չկա: Միգուցե այդ խզբզոցը՝ «Դբա լավը», որ Լոռվա սահմանագծի «ձորապռնկի» անվանատախտակին հայտնվեց Քոչարյանի օրոք, գրելով, երևի թե, նկատի են ունեցել, որ կարող է հանկարծ հայտնվեն ձորակում (ներքեւում): Իմ զրուցակիցը, որի մայրը թունդ հակալևոնական ու հակահհշական էր, բայց ինքը թունդ լևոնական է, այնքան էր ոգե«վառված» այդ հանրահավաքով, էլ չասելու (դե հո մենակ նա չի ոգեւորված, ով ասես ոգեվորված է՝ տեսնելով, որ 3 ընդդիմադիր ուժերին միացավ նաեւ 4-րդ «այլընտրանքայինը», ու էս այլընտրանքայինի վարկանիշն էլ է օր-օրի մեծանում ժողովրդի աչքում, այնքան, որ արդեն «չլսելու» են տալիս այն, որ «Ախր, ասում են՝ նրա թիկունքում էլ Քոչարյանն ա»: «Տո ջհանդամը, թե Քոչարյանը չի, հիմա Քոչարյանն էն առաջվանը չի լինի, աչքը կուշտ ա, մենակ թե սրանցից պրծնենք-ազատվենք»,-ասում է մի ընդդիմադիր լոռեցի, որ 2003թվին թունդ դեմիրճյանական էր, ու անգամ հալածվել է 2003թ. ընտրություններին, ու մի քանի օրով կալանքի ենթարկվել: Իսկ իմ զրուցակից ՀԱԿ ակտիվիստ տիկինն ասում է՝ «Գիտե՞ս, Րաֆֆին էլ էր այնտեղ, բայց ելույթ չունեցավ (հա բայց ինչի՞Գ.Հ.)): Ասում եմ՝ «Նիկոլը կա՞ր», ասում է՝ «Չկար, բայց ասում են Նիկոլի կողքին էլ ահագին մարդ կա, գիտե՞ս»: Ու սկսեց մեղադրել ոչ թե ընդդիմության առանձին ներկայացուցիչների՝ պառակտվելու համար, այլ՝ ժողովրդին, թե ինչո՞ւ շատերը չեն գալիս հանրահավաքի, որ իշխանությունները սարսափեն ու լեղապատառ փախչեն: Կարելի է կարծել, թե ժողովրդի մեծ մասը համաձայն էր, որ 1998թվին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, մի քանի դաշնակցականնե՞ր չէին ընդամենը, ու մեկ էլ «հայտնի ուժերը», որոնց ճնշման տակ հեռացավ ՀՀ 1-ին նախագահը: Էլի բարեբախտություն է, որ դաշնակցականներից ոմանք այսօր պատմական պահը ճիշտ գնահատեցին ու միացան ընդդիմադիր ուժերին (թեպետ ժողովուրդը դաշնակցության հարցում մի փոքր թերահավատ է, ու կասկածում է, որ վճռական պահին կլքեն): Եթե մի երկրում, որտեղ ժողովրդավարական օրենքները «կաղում» են, որտեղ ժողովրդի 80 տոկոսը դեմ է կուտակային-պարտադիր անհեթեթությանը, ու իշխանությունն էլ է ընդունում, որ 80 տոկոսը դեմ է, բայց համառորեն շարունակում են ժողովրդին զոռով «բարեփոխել» (այսինքն՝ կողոպտել աշխատավարձից), վարչապետն էլ չարախնդում է, թե «Ցավոտ է լինելու» (կարծես թե խոսքը գնում է հակատուբերկուլյոզային սրսկման մասին), էլ ինչպե՞ս կարելի է հուսալ, որ մի օր իշխանությունը կարող է տեղի տալ ու հրաժարական տալ: Ընդդիմությունը ժողովրդի անունից հրաժարական է պահանջում, ՀՀԿ-ականներն էլ ասում են՝ «Դուք ժողովրդի անունը շահարկում եք», «Դուք մանիպուլյացիա եք անում», «Դուք պոպուլիզմով եք զբաղվում», «Դուք ղալաթ եք անում»: 2000 թվին էլ Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմի քարտուղար Արամ Խաչատրյանն ասում էր՝ «Եթե ժողովրդի 99 տոկոսը պահանջի՝ Քոչարյանը կհեռանա»: Ավելի շուտ Ա.Խաչատրյանը հեռացավ (ցավոք, ավտովթարի ենթարկվելով, իսկ 2-րդ նախագահը ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ ընդդիմադիր գործիչներին «մոսկաներ» էր անվանում, ու հայացքով ու բառերով տղամարդ էր փնտրում (հեղափոխություն անելու ունակ), ու ռետինե մահակավորներին «քսի էր տալիս» միտինգավորների վրա (կամ էլեկտրաշոկի էին ենթարկում): Խեղճ Գեղամյանին էնպես էին տոկահարել 2004 թվի հանրահավաքի ժամանակ, որ մեկ էլ միանգամից շպրտվեց ու հայտնվեց իշխանական ճամբարում (ի մեծ զարմանս իրեն կուրորեն հավատացող ու նրա ձայների համար ընտրատեղամասերում «քյալլա տվող» ընտրազանգվածի): Հա, իմիջայլոց, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ դեռ անցած տարվանից ասում էր՝ «Տեր ենք լինելու ձեր ձայներին» ու «Պայքարը շարունակելու ենք»: Միգուցե նկատի էր առնվում, որ պայքարը շարունակելու են մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ՝ 2018 թիվը: Հա, դե բան չմնաց, «ընդամենը» 4 տարի: Բա որ ասում եմ՝ ժողովուրդը մեղք է...Իշխանությունից հուսահատված՝ գնում ընդդիմությանն է ձայն տալիս, բայց մեկ էլ տեսնում է՝ ձայնները չի լսվում, կամ սկսեցին պառակտվել, ու հերթով դաշինքը լքում են: «Արդարություն» դաշինք կար, 2003 թվին մտան խորհրդարան, թե չէ, մեկ էլ սկսեցին հերթով բոյկոտել նիստերը, ու ծույլ աշակերտի նման չէին գնում նիստերի, մինչեւ որ Ազգային ժողովի «դասղեկը» նրանց կարգապահության հարցը չբարձրացրեց: Մարդ չէր հասկանում՝ ժողովրդի՞ց էին նեղացած, իշխանությունի՞ց, թե ուղղակի «զահլա չունեին»: Կամ Վիկտոր Դալլաքյան, Արշակ Սադոյան, Արտաշես Գեղամյան...ինչ խրոխտ ելույթներ էին ունենում ....«Կրակն էր ցայտում նրանց աչք-ունքից, շանթը՝ շրթունքից, երբ խոսում էին ծով-ամբոխի մեջ վիշտ ու կարիքից» (ինչպես կասեր պրոլետարական բանաստեղծ Հակոբ Հակոբյանը): Մի թունդ ՍԻՄ-ական կար, 2007թվի խորհրդարանական ընտրություններին Ազգային Միաբանության կողմից էր, հետո դարձավ թունդ լևոնական՝ 2008թվի ընտրություններին, իսկ վերջերս երբ հարցրի, թե ո՞ւմ է համակիր, հիասթափված ասաց. «Ես ինձ համար գլուխս կախ իմ շինարարությամբ եմ զբաղվում, քաղաքականությունից էլ հիասթափվել եմ: Գնում էի հանրահավաքներին մուֆթա տեղը ծեծ էի ուտում՝ գալիս էի, բա ինձ պե՞տք էր»: Հիմա կարող է ասեն՝ եթե հանրահավաքները իշխանությանը ձեռնտու են, ինչո՞ւ Գալուստ Սահակյանն անընդհատ ընդդիմությանը «ձաղկում» է: Ի դեպ, ինչքան շատ է Գ.Ս.-ն ընդդիմությանը քննադատում, այնքան ընդդիմության վարկանիշը բարձրանում է ժողովրդի աչքում, որովհետեւ քննադատում է այնպիսի հարցերում, որոնցում ընդդիմությունը մեղքի բաժին չունի, ու տպավորոււթյուն կարելի է ստանալ, թե Գ.Ս.-ն իշխանության ճամբարում ընդդիմության կողմից «ներդրված» «ական» է, որ իր քննադատությամբ՝ ընդդիմությանն ուղղված, նպաստում է իշխող ՀՀԿ-ի վարկաբեկմանը, ու չի բացառվում, որ մի օր երիտհանրապետականները Բենդերի ոճով ասեն (կամ գուցե ասում էլ են) թե «Ծերուկն արդեն անտանելի է դառնում»: Անկեղծ ասած, առանձին-առանձին վերցրած ընդդիմադիրների հռետորությամբ, ինտելեկտով, իրավիճակը ռեալ ներկայացնելու կարողությամբ կարելի է հիանալ, բայց, ցավոք, դրանից ոչինչ չի փոխվում. ավելին, օր-օրի ամեն ինչ դեպի վատն է գնում՝ սկսած արտագաղթից, երկրի եղած-չեղածը ծախելուց, վերջացրած կոռուպցիայով, անարդարությունով ու պետական թալանով: Եթե մի երկրում 9 զավակ ունեցողին անգամ նպաստ չեն տալիս (ինչպես երեկ հավաստեց «Արմենիայի» «Սուր անկյունը»), էլ ի՞նչ արդարության մասին կարող է խոսք գնալ: Սովետական Հայաստանում ամեն տարի ադրբեջանցի կանայք 5-10 երեխա ունենալու համար մեդալ-պարգեւ էին ստանում, իսկ 20 տարվա «նորանկախ» Հայաստանում առանց որեւէ ԶԼՄ-ի միջամտության՝ ուշադրություն չեն դարձնում սոցիալական վատ պայմաններում ապրող հերոսուհի-մայրերին, դեռ մի բան էլ «մուննաթ» են գալիս, թե «Ձեզ ո՞վ էր ասում՝ իրար հետեւից էդքան շարեիք»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել