Ժամանակակից մարդու համար սովորական երևույթ է սեփական մարմնի մաքրությանը հետևելը... Շատերի մոտ արդեն ակտուլ է դարձել սիրողական սպորտով զբաղվելը... Առավել մեծ հնարավորություններ ունեցողները հաճախակի բուժզննումներ են անցնում և այլն... Միջին վիճակագրական մարդը, սակայն, միշտ չէ, որ նման կարգի ուշադրություն է դարձրել ինքն իրեն... Ընդամենը հարյուրամյակներ առաջվա մարդը սրանք ճոխություն կհամարեր (միջինացված վիճակագրությամբ)... Իմ խորին համոզմամբ, 21-րդ դարի մարդու համար լրջագույն խնդիր է դառնալու տեղեկատվական «հիգիենան»... Նոր մեդիայի դինամիկ զարգացումը բերելու է նրան, որ դեպի ուղեղ ներազդող տեղեկատվական հոսքերին չհետևելու և չհամակարգելու դեպքում մարդիկ ունենալու են առողջական խնդիրներ, էներգիայի կորուստներ, մրցունակության անկման դրսևորումներ... Մենք մեր ստեղծման առաջին օրվանից եղել ենք ընտրության առաջ... Սահմանափակ ռեսուրսներով դուրս ենք եկել շուկայական պայքարի ու միշտ հաղթել են արագ կողմնորոշվողները, ճիշտ ընտրություն կատարողները... Եթե կրթվելու կամ փորձ կուտակելու համար մենք ընտրություն էինք անում, թե ինչ ճանապարհ ընտել. գնալ համալսարան, աշխատել, ինքնակրթվել և այլն, և այլն, ապա հիմա պիտի ընտրություն կատարենք նաև, թե ինչ տեղեկատվություն չկլանել, ինչպես խուսափել շարունակ ներազդող հոսքերից, ինչ չկարդալ, ինչ չլսել, ինչ չնայել, ինչպես դիմանալ գայթակղությանը, քանզի ամեն մի կլանած անիմաստ ինֆորմացիա տեղ է զբաղեցնում մեզ անհրաժեշտ մեկ այլ ինֆորմացիայի փոխարեն... Մենք սկում ենք մտածել ուրիշների համար, դառնալ ուրիշների ծրագրերի մասնիկը... Թող ամբողջ աշխարհի մեդիա կրիչները բարբաջեն դեմոկրատիայի մասին, սակայն մարդկությունը ճորտացման ցուցանիշով շարունակական աճ է միայն գրանցում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել