Ճանապարհ դեպի երջանկություն

Կոնստանտին Շերեմետև
Ինտելեկտիկա

21-րդ դարի ամենազարմանալի պարադոքսը երկու անհամատեղելի թվացող գործոնների համատեղման մեջ է։
Մի կողից՝ գիտության և տեխնիկայի մակարդակը հասել է գլխապտույտ բարձունքների։ Այսօր սովորական քաղաքացին անհամեմատ լավ է ապրում միջնադարյան միապետներից։ Ամեն օր տաք ջրով լողանում է, ուտում է ողջ աշխարհից ստացվող համադամ կերակուրներ։ Ցանկացած ճաշատեսակ կարող է հանգիստ համեմել, հետը թեյ կամ սուրճ խմել։ Կարող է հեռուստացույց միացնել ու իմանալ՝ ինչ է կատարվում աշխահում։ Անցյալ դարի կեսերին այս հաճույքները կամ բոլորովին անհասանելի էին, կամ քաշով ոսկի արժեին։
Մյուս կողմից՝ առատության ու հարմարավետության մեջ ապրող այս մարդկանց մեջ, փաստորեն, երջանիկ մեկը… չկա։

Ո՞ւր կորավ կրկեսը


Երջանի՞կ եմ արդյոք։
Տարբեր ժամանակներում այս հարցին
տարբեր պատասխաններ եմ տվել,
բայց միշտ՝ բացասական։
Միխայիլ Ժվանեցկի


Բայց չէ՞ որ երբեմն մարդը երջանիկ լինում է։ Մի կարճ ժամանակով։ Ավելի հաճախ՝ երեխա ժամանակ, երբ երջանկության համար քիչ բան է պետք. կրկես գնալ։ Օդային մարմնամարզիկների վառ զգեստներ, ժանգլյորների պսպղուն հագուստ, գույնզգույն դեկորացիա, խրոխտ երաժշտություն, և՝ ահա երջանկությունը։ Պարզապես, որովհետև ամեն ինչ շատ սիրուն ու տոնական է։ Տագնապ չկա, հուզմունք ու ապագայի մասին մտքեր չկան։ Կա միայն մինչև երկինք հասնող տոն։
Բայց ահա՝ երեխաները մեծացան ու դարձան լուրջ տիկնայք ու պարոնայք, ովքեր առավոտյան մռայլ դեմքերով գնում են աշխատանքի, հետո հոգնած հազիվ ոտքերը քարշ են տալիս աշխատանքից տուն։ Երբեմն նրանք ձեռքից բռնած տանում են փոքր երեխաների ու սաստում են նրանց, եթե չափազանց բարձր են ծիծաղում։ Կրկեսը նրանց համար վաղուց ավարտվել է։ Եթե նույնիսկ հանդիպեն ծաղրածուի, նրան կասկածամտորեն կնայեն։ Նրանք արդեն բոլորովին չեն ուրախանում, որ հարկ չունեն ցախ ջարդելու ու վառարան վառելու։ Նրանց չի հիացնում գազի կրակը, որ վառվում է խոհանոցում, ոչ էլ զարմացնում է հրաշք-ընդունիչը, որ երաժշտություն է հնչեցնում։ Նրանց համար ամեն ինչ գորշ է, ձանձրալի ու տխուր։ Նրանք ապերջանիկ են։
Նրանց զգացմունքային ֆոնը շուրջն ամեն ինչից անդադար նյարդայնանալն է։ Փորձիր կպչել նրանց տրանսպորտում. ակնթարթորեն նետվում են հարձակման ու դիմացինի վրա թափում վիրավորվածության ու կյանքից հիասթափվածության ողջ պաշարը։
Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան խափանվել է։ Ինչ-որ պահի մի բան սխալ ուղղությամբ է գնացել։
Ո՞ւր է կորել նրանց կյանքի կրկեսը։

Երջանկություն որոնելիս


Բա ասում էին՝ ռադիո լինի՝
երջանկություն կլինի։ Ռադիո էլ
եղավ, երջանկությունը չկա։
Ի.Իլֆ, Ե.Պետրով


Ապերջանիկ մարդկանց խնդիրն այն է, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ՝ ինչն է սխալ։ Նրանք անընդհատ ջանում են և ձգում են պարանը, ինչպես Վոլգայի բուռլակները։ Նրանք անընդհատ փորձում են համապատասխանել։ Նրանք անընդհատ ապացուցում են ուրիշներին, որ իրենք նրանցից վատը չեն։ Նրանց օրն առավոտից իրիկուն անցնում է այս ջանքերի մեջ։ Իզուր. երջանկություն չկա։ Ընդ որում՝ անընդհատ թվում է, թե երջանկությանը հասնելուն մի քիչ է մնացել։ Մի քիչ ավելի փող, մի քիչ ավելի բարձր պաշտոն, մի քիչ ավելի մեծ հեռուստացույց, բայց ամեն անգամ՝ նոր ճաք։ Ամեն անգամ մի պահ թվում է՝ ահա երջանկությունը, բայց նա նորից փախչում է։
Հնարավոր է՝ դուք էլ երբեմն նման մի բան զգում եք։
Ո՞րն է սխալը։
Սխալն այն է, որ դուք Ձեզ մոռացել եք։ Մոռացել եք, որ ունեք Ձեր սեփական տաղանդները և կյանքում Ձեր ուղին։ Դուք ուրիշի ճանապարհով եք գնացել։ Այդ ճանապարհը կոչվում է «Ուրիշներից վատը չեմ»։ Այդ ճանապարհին պետք է անել այն, ինչ անում են ուրիշները։
Ձեզ թվացել է՝ դա հեշտ ձանապարհ է։ Հնարավոր է։ Բայց ՁԵՐ երջանկությունը ուրիշի ճանապարհին չէ։
Այո, սեփական ճանապարհով գնալը դժվար է։ Շատ ավելի դժվար է, քան տրորված ճանապարհով անցնելը։ Բայց ո՞ւր կհասնեք, եթե գնում եք ոչ դեպի ձեր երջանկությունը։
Տարածված արդարացումը՝ «Ես՝ սիրով, ուղղակի այս ու այն ու էլի մի բան… չունեմ»։
Եթե հիմա ինչ-որ բան չունեք, ուրեմն չեք կարողացել, գլխի չեք ընկել, ընդունակ չեք։ Եթե ազգականները, ընկերները, ղեկավարությունը, հասարակական կարծիքն են ձեզ սահմանափակումներ դնում, ուրեմն դուք նրանց թույլ եք տվել։ Դուք խաղալիք եք դարձել ուրիշի ձեռքին։

Երջանկությունը կողքիդ է


Կյանքի ամեն օրը հնարավորություն է տալիս փոխելու
այն ամենը, ինչ մեզ դարձնում է ապերջանիկ։
Եվ ամեն օր մենք փորձում ենք ձևացնել, թե
չենք նկատում այդ հնարավորությունը։
Դուք կարող եք երջանկության հասնել միայն այն դեպքում, երբ իմանաք՝ ինչն է Ձեզ երջանիկ դարձնում։ Ոչ թե ուրիշներին, այլ հատկապես Ձեզ։ Բոլորովին էլ հեշտ չէ դա իմանալը։ Ավելին` դա Ձեզ համար ամենակարևոր իմանալիքն է։
Ինչպե՞ս դա իմանանք։ Հարկավոր է հասկանալ, որ Ձեր կյանքում ամենակարևորը ինքներդ ձեզ հետ ծանոթանալն է։ Բայց՝ հենց Ձեզ՝ իսկականի հետ։ Այնպիսին, ինչպիսին կաք։ Ընդ որում, դա շատ դժվար բան է, որովհետև մեր մշակույթի խելքը գնում է մարդկանց ուրիշ դարձնելու համար։
Չէ՞ որ ամբողջ գովազդը կառուցված է մի պարզ բանաձևով. «Էկրանի աստղ Պետյա Իվանովը մազերը լվանում է միայն կենդանի յոգուրտով։ Եթե դու այդպես չես անում, ուրեմն վերջին տափակն ես»։ Թեպես արտահայտության երկրորդ հատվածը չի ասվում, բայց ենթադրվում է։ Եվ միլիոնավոր մարդիկ շտապում են միայն կենդանի յոգուրտ գնելու, որ նման լինեն Պետյա Իվանովին։
Ուրիշ տարբերակ. Օգնություն փնտրել ինչ-որ մի բարձրագույն ուժի կողմից։ Ուրիշ ի՞նչ բան ու գործ ունի Ձեր խնդիրները լուծելուց բացի։ Մանտրաները, ներշնչումները, աղոթքներն ու մնացած բաները՝ բոլորն էլ ինքնախաբեություն են։ Ձեզ վատ եք զգում, բայց ինքներդ Ձեզ ամեն կերպ համոզում եք, որ լավ եք զգում։ Սա փակուղի է։
Ճանապարհը դեպի երջանկություն անցնում է Ձեր միջով
Ամեն օր Ձեզ այս հարցերը տվեք.
• Ես ո՞վ եմ
• Ես ի՞նչ եմ ուզում
• Ինչպե՞ս դա ստանամ
• Ի՞նչն է ինձ ուրախացնում
• Ինչի՞ց եմ ինձ վատ զգում
• Իմ մեջ ի՞նչն է ինձ համար անհասկանալի
• Ինչպես այդ խնդիրը լուծեմ
Քայլ առ քայլ այս հարցերը Ձեզ կբերեն երջանկության ուղուն։ Քայլեք այդ ուղիով և երջանիկ եղեք։
Հարգանքներով՝ Կոնստանտին Շերեմետև

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել