Նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում կայացած ԵԺԿ լիագումար նիստում հանդես է եկել ելույթով: Եթե ընդհանուր գծերով ներկայացնենք այն, ապա ելույթի սկզբում նա անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին ու այդ համատեքստում` փակ սահմանների անթույլատրելիությանն ու ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը, ապա անցում կատարել ԼՂ հիմնախնդրին ու հատկապես Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցվող հայտարարություններին: Վերջում խոսել է եվրոպական արժեհամակարգի վերաբերյալ Հայաստանի պատկերացումների մասին:

«Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է նախագահը` հավելելով, որ Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Կարճ ասած, Հայաստանը Ուկրաինայի ճգնաժամի լուծման հարցում հետևյալ սկզբունքն է առաջ քաշում` քաղաքական լուծում` երկխոսության միջոցով:

Խոսելով Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման ու մասնավորապես Հայաստանին ու Եվրոպային միավորող արժեքային համակարգի մասին՝ նախագահը ուղիղ տեքստով հայտարարում է, որ եվրոպական արժեհամակարգ ասելով Հայաստանում հասկանում են ոչ միայն ժողովրդավարության զարգացումներ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այլ նաև այդ արժեհամակարգին հատուկ սկզբունքայնություն:

Ապա նախագահը առաջ է քաշում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական հարցերը հանդիսացող ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ-թուրքական սահմանի ապօրինի շրջափակման, Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության ֆաշիստական դրսևորումների, և մասնավորապես, Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն հանդիսացող Ադրբեջանի նախագահի ելույթները, երբ վերջինս բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում:

«Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, և հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսևորման: «Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել»,- ասել է նախագահը բաց տեքստով հայտարարելով, որ ընդունելով Եվրոպայի մոտեցումը` Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ, միաժամանակ Հայաստանը նույն Եվրոպայից ակնկալում է եվրոպական արժեհամակարգին հարիր սկզբունքայնություն ու վճռականություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման և ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել