Մեր մտավորականությունն արդեն քանի հարյուրամյակ է, որ հիմնավորապես սխալ է հասկացել մեր ազգի էությունը։ Եվ ամենազարհուրելին այն է, որ գնալով փոխանակ ուղղելու իր ճանապարհը, նա իրեն հատուկ համառ բթությամբ ավելի է խորանում իր սխալ ընթացքի մեջ։ Հայ մտավորականության քաղաքագիտությունն այդպես էլ դուրս չեկավ գրականության սահմաններից։ Ստացվում է, որ գրականությունն է մեր թշնամին, քա՜վ լիցի, եթե այդքան սխալական լինեմ։ Սակայն գրականությունը, լինելով ոչ միայն բարձր արվեստ, այլև՝ հզոր քարոզչական, դաստիարակչական մեքենա, մեր մտավորականության կողմից ամենադաժան կերպով սխալ է մատուցվել մեր հանրությանը, ազգային և քաղաքական խնդիրների ճիշտ և օգտակար լուծման հարցում։
Եվ սա է հենց պատճառը, որ ես մեր խիստ բացասական (որոշ բացառություններով) մտավորականությանը բնորոշում եմ որպես քաղաքական ռոմանտիկներ։ Եվ այստեղ ես միանգամայն իրավացի եմ, քանի որ չեմ շփոթում արվեստն ու քաղաքականությունը, գաղափարախոսությունն ու իրականությունը, դիվանագիտությունն ու քարոզչությունը։ Իհարկե, այս բոլորն իրար հետ գտնվում են սերտ կապի մեջ, բայց չի կարելի դրանք իրար լղոզել, առավել ևս շփոթել։ Ամեն ինչ իր տեղին և ժամանակին։ Այս իմ ասածի նման վարվում են եվրոպացիները, և դա է նրանց հաջողության հիմնական բանալին։ Եվ մեկ անգամ էլ ասենք, որ արվեստը դա ստորոգյալ է և ոչ թե ենթակա, որքան էլ բարձր է նրա դերը մեր կյանքում։
Քաղաքական ռոմանտիզմը, որը մեր մտավորականության կործանիչ մենաշնորհն է, պետք է փոխարինել քաղաքական ռեալիզմով և բեմահարթակը զիջել տալ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին։ Այստեղ է մեր փրկության հիմնական միջոցը, որով հայ մարդը կկարողանա վերջապես մաքուր օդ շնչել և ապրել բնական վիճակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել