Այն, որ Ռուսաստանը չունի այնքան ռեսուրս, որպեսզի կարողանա պահել Ուկրաինայի պես մեծ երկիր, կարծես, անհերքելի է, և դրա համար գոյություն ունի առնվազն 3 պատճառ.

1. Ռուսական գաղափարական վակուում.

2.Քաղաքական ինստիտուտների փխրունություն (ինչպես Պուտինը դիպուկ բնորոշեց, հետխորհրդային քաղաքական համակարգերն իր վերջին ելույթի ժամանակ).

3. Եվ տնտեսական լուրջ խնդիրներ:

Սրանք ներքին մակարդակում դրսևորվող երևույթներ են, արտաքին մակարդակում էլ կան բավական լուրջ խնդիրներ.

1. Արևմուտքի հզոր հակազդեցությունը, որի ականատեսը եղանք, երբ Վաշինգտոնի և Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաները տարածեցին շատ կոշտ հայտարարություններ,

2. Ուկրաինայի տնտեսական կապերը, որոնք ավելի խորն են ԵՄ-ի հետ, քան Ռուսաստանի, օրինակ, Ուկրաինայի արտաքին առևտրի գլխավոր գործընկերը ԵՄ-ն է, որը և արտահանման, և ներմուծման ծավալներով գերազանցում է ՌԴ-ին: Ահա այս գործոնները լրջորեն կաշկանդում են Մոսկվայի գործողությունները, և Պուտինը հասկացավ, որ ռազմական միջամտությանը, վաղ, թե ուշ, փոխարինելու է գալու դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և, որպես վերջաբան, արժեհամակարգային գործառույթների մի ամբողջ շրջան: ՌԴ քաղաքական էլիտան լավ է հասկանում, որ եթե չհաջողեին Ուկրաինայի հարցում, ապա վրա էր հասնելու պատասխան տալու ժամանակը տնտեսական և դիվանագիտական հարթություններում: Իսկ որ Ռուսաստանն առայժմ այդ հարթություններում էականորեն զիջում է ԱՄՆ-ին, անքննելի է: Հենց միայն Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը աշխատում են վաշինգտոնյան նախապատվություններով՝ սկսած կառուցվածքայինից, վերջացրած քաղաքական սեգեմենտներով, իսկ դիվանագիտական ճակատում գործում է գրեթե մի ամբողջ Եվրոպա, Ճապոնիա, Կանադա, Ավստրալիա և այլն: Հիմա, փաստորեն, Ռուսաստանն անցել է բաժանման քաղաքականությանը, որը ոչ միայն կթուլացնի Ուկրաինայի դիրքերը արևմտյան բլոկին մաս կազմելու պարագայում, այլև կարող է պրևենտիվ քայլ լինել, այն առումով, որ վերջինս ստիպված կդադարեցնի եվրոպական ինտեգրացիոն ծրագրերը: Իսկ Արևմուտքը, հնարավոր է, ճանաչի ուկրաինական նոր կառավարությունը որպես լեգիտիմ, և շատ արագ սկսի խոստացված դրամական օգնության տրամադրումը, որը տնտեսապես կկայունացնի Ուկրաինայի վիճակը և կամրապնդի դիրքերը իր արևելյան հարևանի հետ հարաբերություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել