Մեր երկիրը լեռնային է, ու շատ բանով լեռներին ենք պարտական, որ բարբարոսների ատամը հազարամյակներ շարունակ մեզ չկտրեց։ Այսօր, քառասունամյա այս խաղաղությամբ դանթած` ասեմ, թե շփացած` լքում ենք մեզ պահած, պաշտպանած լեռները։ Լեռներն ու գալիք բարդ ժամանակը մեզ կներե՞ն, ի՞նչ պատասխան ենք տալու սերունդներին…
Այս հարցը Փայլոն չի տալիս, ես եմ տալիս։ Փայլոն այս հարցի կենդանի, փայլուն պատասխանն է. ձին հեծած, յափնջին ուսած, հրացանը ձեռքին, անասունն առաջն արած` տիրություն է անում մեր սարերին։ Երանի Փայլոյի նման տղերքը շատ լինեին, պորտֆելներն առած չիջնեին շրջկենտրոններ ու քաղաք, ոտանավորություններ չգրեին, տրամվայ ու տրոլեյբուս չվարեին, թերթ ու պաղպաղակ չծախեին, պարապությունից գարեջուր չխմեին ու չմիզեին հուշարձանների ետեւը, կյանքները չմաշեին բնակարանների ու այլազան հերթերում, մնային` Սիսիանից մինչեւ Ամասիա, իրենց սարերին տիրություն անեին։ Հեշտ չէր լինի իրենց համար, գիտեմ, բայց մի՞թե ավելի դժվար ու անտանելի կլիներ, քան քաղսովետների փակ դռները ծեծելիս։ Եվ լեռներն էլ ծառա կունենային։ Եվ իրենք էլ, հանձինս լեռների, իրենց գլխին տեր կունենային։ Եվ դեմք ու նկարագիր կպաշտպանեին, հարկեղածդեպքում ՀԱՅՐԵՆԻՔ կպաշտպանեին…

Սպարապետ
Վազգեն Սարգսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել