Սուտ ա, թե մի մարդու զոհվելը ողբերգություն ա, հարյուրինը՝ վիճակագրություն: Մահը վիճակագրություն չի դառնում: Մարտի 1-ի մահերն էլ չեն դառնալու. հարազատ կորցրածի համար մի տեսակ ցավով, ժողովրդի համար՝ մի ուրիշ տեսակ, պետության համար՝ խո՜ր մտածելու անհրաժեշտություն: Մարտի 1-ը բունտ էր, մարտի 1-ի զոհերը՝ վերակենդանացած որոշների պրովոկացիայի ու պետական պատասխանատուների (պառլամենտից մինչև ամենավերջին շարքայինը) փնթիության հետևանք: Ողբերգությունից վեց տարի հետո եզրակացությունը մեկն ա՝ այլևս ոչ բունտը պիտի լինի, ոչ էլ փնթիությունը: Վերջին անցուդարձերին հետևելով՝ համոզված եմ, որ էսօրվա ոստիկանությունը էն փնթին չի ու իր անելիքը (օրենքով ու անարյուն) կանի, բայց ժողովուրդը հասկացե՞լ ա, որ բունտը ճանապարհ չի: Լի՜քը այլանդակություններից զզված մարդիկ հասկացե՞լ են, որ դրանց դեմը այլանդակությունով չեն առնում, հասկացե՞լ են, որ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանող, բայց իրա՛նց մատաղ անողները մենակ մի բան են ուզում՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ իրա՛նց համար, իրա՛նց էրեխեքի, ազգուտակի համար: Մնացածը սիրուն բառերով մեծ սուտ ա: Հեղափոխություններն արվել ու արվում են «ազատություն, հավասարություն, եղբայրություն» լոզունգով: Մենք էլ հեղափոխություն արեցինք «թավշյա» (էն ժամանակ հեղափոխությունները գույնզգույն չէին), լոզունգները նույնն էին, վերջը՝ դուք գիտեք: Ո՞ւր ա եղբայրությունը (ամեն վայրկյան իրար կոկորդ ենք կրծում), ո՞ւր ա հավասարությունը (անտունների ու դղյակավորների հավասարությու՞ն), ազատություն կա, բայց էդ էլ իրար բամբասելու ու սևացնելու հավասարություն ա: Գիտե՞ք՝ ով ա մեղավոր՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՜ՒՆԸ, որովհետև հեղափոխությունը նույնն ա, թե բժշկական միջամտությամբ էրեխուն իննի փոխարեն վեց ամսում աշխարհ հանես, կամ՝ չորս, կամ էրկու: Հեղափոխությունը կյանքի ու նորմալ ծնունդի վիժեցում ա: Չկա մի հեղափոխություն, որ աննորմալ ծնունդ տված չլինի՝ անգլիացիների Կառլոս թագավորի վիզը կտրելուց մինչև էս վերջին ուկրաինականը: Բոլոր հեղափոխություն արած ժողովուրդները (հոլանդացիք, անգլիացիք, ֆրանսիացիք, նույնիսկ ռուսները) հասկացել են, որ հեղափոխությունը մահ ա ու պահպանողականից պահպանողական են դառել, իրանց երկրներն էլ դարձրել են էն, ինչ տեսնում ենք: Մենք, ի՞նչ ա, չունե՞նք իրանց խելքը, թե մարդկության հավերժական անչափահասն ենք, որբն ենք, որի գլխին դալլաքություն են սովորում աշխարհիս ուժեղները: Չէ՛, հաստատ համ խելք ունենք, համ էլ որբ չենք, ուղղակի շատ հուզական ենք, շուտ ոգևորվող ենք, վռազ կուտը ուտող ենք: Հիմա էլ են կուտ տալիս՝ Մարտի 1-ի ողբերգության վրա իրանց կեղտոտ ձեռքերը տաքացնողները, վտանգի չափը չհասկանալով՝ կուտ են տալիս նաև էն ազնիվ մարդիկ, որոնց համար զոհերը վիճակագրություն չեն, կուտ է տալիս հազարավորների իրավացի դժգոհությունն ու բողոքը: Բայց էդ կուտն ուտելուց առաջ էկեք մտածենք, թե ինչ գին ենք վճարելու, հետևանքի՜ մասին մտածենք: Քանդելուց հեշտ բան չկա, ու հեղափոխություն-բունտի նպատակը քանդելն ա… Ուրեմն կքանդենք ու կունենանք Եգիպտոսի, Լիբիայի, Սիրիայի, Ուկրաինայի նման մի բան՝ անպետություն, անօրենք, անապագա: Չկասկածե՛ք՝ հաստատ է՛դ կունենաք, ոչ թե եվրոպական խաղաղությունն ու լիությունը. Եվրոպայի երկրները պահպանողական ճանապարհով են դարձել էդպիսին: Էլ ի՞նչ կունենանք. կունենանք պատերազմ ու ջախջախում. Ադրբեջանն արդեն զորք ա շարժում սահմաններին. 20 թվին էս էլ ենք կերել ու տանուլ տվել պետությունն ու կես Հայսատան: Թե՞ կարծում եք կռիվը հեռավո՜ր Ղարաբաղում կամ սահմանին է լինելու: Միամիտ չլինեք: Գիտե՞ք ադրբեջանա-թուրքական զորքերին ամենամոտը ովքեր են… երևանցինե՜րը: Ես դրա դեմը անպետություն ու անբանակ առնելու ձևը չգիտըեմ: Եթե գիտե՞ք «կորչի»-ով ու «հեռացիր»-ով ոնց են կռվում՝ կռվե՛ք: Սա, ուրեմն՝ երկու: Հիմա երրորդը. հեղափոխություններում ոչ թե «ազատություն, հավասարություն, եղբայրություն»-ն ա հաղթում, այլ՝ հրացանավոր մարդը: Էստեղ էլ ունենք աշխարհի ու մեր դաժան փորձը և բացառություններ չկան: Ուրեմն անիշխանություն երկրում կունենանք հրացանավոր մարդկանց՝ զինված հանցախմբերի իշխանություն: Իսկ ի՞նչ չենք ունենա. չենք ունենա օրենք, աշխատանք, վաղվա օր, չենք ունենա երեխաներ (կամ փախած կլինեն կամ սպանված), չենք ունենա սահման ու սահմանապահ, չենք ունենա մայրաքաղաք ու Ազատության հրապարակ՝ ազնիվ բողոքավորներով ու ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանող, չասեմ՝ ինչերով: Ու էսպես կիսամեռ կսպասենք մինչև աշխարհիս հզորները գին բարիշեն, ու նրանցից մեկը գա տիրություն անի տարածք դառած Հայաստանում կծկված վերջիններին… Չէ՛, հայ ժողովուրդը չի կորչի. արաբից, մոնղոլ-թաթարից, սելջուկից, 15 թվից, բոլշևիկից հետո էլ չի կորել, բուռ-բուռ ցրվել ա, Հայաստանն էլ կծկվել-դառել ա էս մատնաչափը: Բայց ո՞ւմ ա պետք էսպիսի չկորչելը: Հիմա էս էլ տանք ու բոլորով գնանք երջանիկ թափառելո՞ւ աշխարհով մեկ… Թե՞ չտանք՝ օգնենք, սիրենք, փայփայենք էս դժվար երեխային չվիժեցնենք, թողենք Աստծու սահմանած ինն ամսից լույս աշխարհ գա, որ նորմալ լինի, որ ապրեցնի համ իրան, համ մեզ: Որոշումը ժողովրդինն ա, ու սխալ որոշման մեղքն էլ՝ բոլորիս յոթ պորտի վրա…

Վաղը Մարտի 1-ն ա: Բոլորս ենք մեղքի զգացումով գլուխ խոնարհելու զոհերի առաջ: Բայց ուզում եմ, որ ոչ թե սուտ դեմոկրատ, կույր բողոքավոր կամ վատ մամայի բալա լինենք, այլ բանական արարած ու հայ մարդ, և թույլ չտանք, որ երբևէ էդ արյունոտ թվին նոր զրոներ գումարվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել