Երբ կորչում է բարոյականությունը, մարդիկ սկսում են խոսել արժեքներից:
Թեոդոր Ադոռնո

Այն, ինչ տեղի ունեցավ ու շարունակում է կատարվել Ուկրաինայում, իր ողջ ողբերգականությամբ հանդերձ, կարող էր ու պետք է ազդակ հանդիսանար, որ Հայաստանում ևս վերանայվեին շատ դիրքորոշումներ ու մոտեցումներ, կարող էր ու պետք է սթափեցներ մեզ ու դուրս հաներ այս ապատիկ քնի ճահճից: Սակայն դա տեղի չունեցավ՝ բացառությամբ մի քանի անիմաստ ու սադրիչ կոչերի և «հայկական Մայդան» ունենալու երազանքների: Թե որքանով էին դրանք անտեղի ու անիրականալի, ցույց տվեցին դեպքերի սրընթաց զարգացումն ու միջազգային հանրության արձագանքը դրանց: «Կեցցե՛ Ուկրաինայի ժողովրդի հաղթանակը» բղավողները հիմա զարմացած հետևում են, թե ինչպես է մի բանդիտական կառավարությունը փոխարինվում մեկ այլ, այս անգամ արդեն բանդիտա-ֆաշիստական կառավարությամբ, որը նույնքան անկարող է ու անուժ իրավիճակը շտկելու համար, որքան իր նախորդը: Եվ այս ամենն արվեց ու արվում է ժողովրդի կամարտահայտության անվան տակ, անմեղ մարդկանց արյան գնով, ազգի եւ պետության ներսում փոխադարձ ատելություն սերմանելով: Կրկին, այլ տեխնոլոգիաների հետ միասին, գործի դրվեց «Բաժանիր և տիրիր» մեխանիզմը: Պե՞տք է մեզ արդյոք Մայդան: Մարտի 1-ի ցավոտ հիշողություն ունեցող ազգին թերևս այնքան էլ կոռեկտ չէ նման հարց տալը: Այդ դեպքում ի՞նչ դասերի մասին է խոսքը, որ կարող էինք քաղել Մայդանից: Խոսքը երկրի ներսում տիրող իրավիճակի, մեր, արդեն ոչ թե առօրեական, այլ օրհասական պրոբլեմների շտապ ու սթափ գնահատման մասին է: Այն մասին, որ վաղուց ժամանակն է փոխել պետություն-ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների վեկտորը: Հետևություններ պետք է անեին բոլորը՝ և՛ ժողովուրդը, և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը: 
Երբեմն զարմացնում ու ապշեցնում է այն խնդիրների շարքը, որոնք դառնում են հանրային քննարկման առարկա մեր կյանքի տարբեր ոլորտի «պատասխանատուների» ու «բանիմաց մասնագետների» թեթև ձեռքով: Մենք ասես չենք ուզում տեսնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում ու շեղվում ենք հաճախ երկրորդային, արհեստականորեն ուռճացված հարցերի ուղղությամբ: Մենք արդեն վաղուց դադարել ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում ու պարզապես բանում ենք մի Փակ Բաժնետիրական Ընկերության կազմում, որ ուղղակի գրանցվել է «Հայաստանի Հանրապետություն» անվան տակ: Այս ընկերությունում, բացի հասարակ աշխատակիցներից (լինեն դրանք բարձրակարգ մասնագետներ, թե սևագործ բանվորներ), բոլորը բաժնետեր են՝ և՛ ընդդիմության դեր ստանձնածները, և՛ իշխանության գլուխ կանգնածները: Այս բաժնետերերը միմյանց դեմ պայքարում են ոչ թե աշխատակիցների վիճակի բարելավման նպատակով, այլ ընկերության «հսկիչ փաթեթը» տնօրինելու համար: Այստեղ գրեթե չկան նորմալ գործող արհմիություններ կամ աշխատողների շահերը պաշտպանող այլ միություններ: Նրանցից շատերը մատնված են հարկադիր պարապուրդի: Վիճակն ավելի տխուր է դառնում, երբ հասկանում ես, թե կոնկրետ ինչ հիմնական գործունեությամբ է զբաղվում այս ընկերությունը: «Հայաստանի Հանրապետություն» ՓԲԸ ղեկավարությունը պետությունը վերածել է անշարժ գույքի գործակալության և դիտարկում է մեզ ու մեր ունեցվածքը (երկիրն իր բնական, նյութական ու հոգևոր հարստությամբ) որպես գույք, ու ամեն բան անում է այն շահավետ վաճառելու համար՝ մտահոգված միայն իր միջնորդավճարներով: Դեռ մի բան էլ ավելի, անթաքույց հպարտանում են առքուվաճառքի նոր պայամանագիր կնքելիս: Մեր ունեցվածքը մեր ձեռքից խլելով ու ուրիշին բաժանելով՝ դեռ զարմանում են, որ չենք գովում ու պարգևատրում, այլ դժգոհում ենք: Կոչված լինելով տնօրինել մեր ունեցվածքն ու շահույթը հավասար բաշխել՝ նրանք, մասամբ նաև իրենց ապաշնորհությունը կոծկելու համար, շտապ վաճառում են այն, որ խուսափեն վատ տնօրինման համար մեղադրվելուց: Նման բախտի արժանացավ ու շարունակում է արժանանալ բազմաչարչար «Նաիրիտը»: Հասցնելով անմխիթար վիճակի՝ այն շտապ վաճառվեց սկզբում Չինաստանին, այնուհետ, միասնական ընտանեկան ուժերով այն թալանելուց, մարդկանց անգործ ու անաշխատավարձ թողնելուց հետո, «ուրախ» լուր են հայտնում. ՌԴ-ն պատրաստ է գործարանում ներդրումային հսկայական ծրագիր իրականացնել: Միայն թե պարզ չէ, թե այս անգամ ու՞մ ընտանիքն է համակարգելու այդ ծրագիրը: Իսկ ու՞ր մնացինք մենք՝ հայերս: Ու՞ր մնացին գործարանի աշխատակիցները, որոնք հաստատ բավարար փորձ ու սրտացավություն ունեն հարազատ հիմնարկությունը տնօրինելու համար: Միգուցե լավ կլիներ, որոշ արտոնություններ սահմանել, որ երկրի ներսում գտնվեին շահագրգիռ անձինք՝ ներդրումներ անելու ու գործարանը ոտքի հանելու համար: Կասեք՝ ուշ է և նման հսկայական գումարներ երկրում չկան: Հիմա – այո, մեծ գումարներ են պետք, իսկ դեռ ոչ վաղ անցյալում իրավիճակը կարելի էր փրկել: Մեր բոլոր ռեսուրսները տնօրինվում են օտարերկրացիների կողմից՝ կապ, էլեկտրոէներգիա, ջուր ... Հիմա կրկին հերթը նախկին ԽՍՀՄ տարածքում քիմիական արդյունաբերության միակ հսկայինն է: Զավեշտալին այն է, որ կառավարության ղեկավարը դեռ շարունակում է համոզել, որ մենք ապրում ենք ժողովրդավարական դրախտում. «Բոլոր դեմոկրատական երկրներում մարդիկ ունեն հնարավորություն քննադատելու կառավարությանը»: Հիմա ի՞նչ անենք, ազգովին շնորհակալություն հայտնե՞նք Ձեզ ու Ձեր թիմին նման հնարավորության համար: Եթե սա է իսկական ժողովրդավարությունը, ապա չենք ուզում, Ձեզ պահեք: Մեզ տվեք նորմալ աշխատելու, արարելու, մեր վաստակը գրագետ տնօրինելու հնարավորություն ու ազատեք ձեր տերմինախեխտ դատարկ ելույթներից: Ինչ վերաբերում է նորմալ ժողովրդավարական երկրներին (եթե այդպիսիք եղել են ու կան), ապա այնտեղ օֆշորային սկանդալի մեջ ներքաշված ու սխալ, գրեթե հանցավոր կառավարման մեջ մեղադրվող վարչապետը ոչ թե երեսի զոռով կառչում է իր պաշտոնից, այլ սուսուփուս հրաժարական է տալիս՝ իր հետ տանելով նարկոկուրյեր դաստիարակած սպորտսմենին, կրթության ոլորտը խորտակած բժշկին, մշակութային սադիստ քիմիկոսին և այլոց: Սա նորմալ ժողովրդավարական երկրներում հնարավոր ու աշխատող տարբերակ է: Իսկ մեզ մոտ, ցավոք, ոչ հնարավոր է և ոչ էլ աշխատող: Համենայն դեպս, մոտ ապագայում: Դժբախտաբար մեր երկրում վարչապետի ու նույնիսկ ողջ կառավարության փոփոխությունը (եթե այն իրականություն դառնա) չի շտկի իրավիճակը: Չի շտկի, որովհետև այլընտրանք գրեթե չկա: Ավելի ճիշտ, կա, բայց այն լավ տարբերակ է միայն այդ «այլընտրանքի» և ոչ մեզ համար: 
Պետք է իշխանության հասնել ոչ թե ժողովրդի միջոցով, այլ ժողովրդի համար: Սրանք տարբեր բաներ են: Ժողովրդի միջոցով իշխանության են հասնում «Մայդա՜ն» և «Բոլորս դեպի փողո՛ց» բղավելով: Ժողովրդի համար իշխանության հասնում են մարդկանց լսելու ու նրանց խնդիրները իրենց հնարավորությունների չափով, ու նաև դրանք գերազանցելով, լուծելու միջոցով, այլ ոչ թե այդ դժգոհություններն ու պրոբլեմները պայքարի, ավելի ճիշտ, պաշտոնակռվի, դրոշակ սարքելով: Միայն թե չասեք, թե «մեզ չեք ընտրել, հիմա էլ մի բողոքեք»: Իրենց ընդդիմություն համարող ուժերի ներկայացուցիչներից շատ-շատերը ունեցել են և ունեն իշխանական և այլ լծակներ՝ բարձրաձայնելու ու դրանց լուծման ուղիներ փնտրելու համար: Երբ խստացվեց ՌԴ էմիգրացիոն օրենքը, բոլորդ, իշխանություն և ընդդիմություն, ձեռք ձեռքի տված «կանգնեցիք ժողովրդի կողքին» ու ինչ-որ լուծում գտաք այս հարցին: Անձամբ Ազգային Անվտանգության խորհրդի նախագահն ու վարչապետը ևս հեշտացրին իրենց հայրենակիցների՝ երկիրը լքելու ճանապարհը: Իսկ ձեզանից քանի՞սը կանգնեցին մեր ռազմագերիների ու նրանց ընտանիքների կողքին, քանի՞ միջազգային ատյանում բարձրացրիք նրանց խնդիրը, քանի՞սդ նոր աշխատատեղեր ստեղծեցիք մարզերում ու գյուղերում, որ չդատարկվեն ու կյանքը չկենտրոնանա միայն մայրաքաղաքում: Հարցերը շատ են, բայց վստահություն չկա, որ պատասխաններ կգտնեք: Այդ թվում նաև ձեր թեթև ձեռքով է այսօր դատարկվում երկիրը, հասարակությունում տիրում է այնպիսի նեգատիվ ու անհույս տրամադրություն, որի հրահրողներից մեկը, իշխանությունների հետ միասին, դուք եք: Դժգոհում եք, որ ժողովուրդը պասիվ է ու ընդդիմության կողքին չէ: Իսկ որքանո՞վ եք դուք նույն ժողովրդին վստահություն ներշնչում, որքանով է նա վստահ, որ այս երկրում ապագա ունի նույնիսկ ձեր հետ միասին: Իշխանափոխությու՞ն: Իսկ իշխանության գալով ու՞մ եք կառավարելու: Այս 25 տարիների ընթացքում մենք տեր չկանգնեցինք 88-ի շարժման իդեալներին: Անկախ ու հզոր Հայաստան կերտելու փոխարեն դատարկեցինք այն, իսկ մնացածներին էլ դարձրինք անինքնավստահ ու վատատես: Մեր մեդիադաշտում, վիրտուալ տիրույթում ու այլուր արվում է ամեն ինչ, որ մեր զավակները ոչ թե սիրեն ու հպարտանան իրենց հայրենիքով, այլ այստեղից ճողոպրելու ելքեր փնտրեն: Մենք դաստիարակում ենք մեր զավակներին ոչ թե արդարության, ինքնասիրության, գրագիտության ու ազնվության ոգով, այլ ներշնչում ենք, որ փողից ու ֆինանսական հաջողությունից կարևոր ոչինչ չկա, որ բարոյական նորմերը ոչինչ են քաղքենիական ցուցամոլության դիմաց: Արդեն ոչ թե զավեշտալի, այլ վախեցնող էր այն «շարժումը», որ ծավալվեց «անարդարացիորեն մեղադրված Նիմֆոմանուհու» ճակատագրի համար: Ու՞ր են այդ նույն մշակութաբանները, կինոգետները, երբ մեր մշակույթը գոյության պայքար է տալիս, երբ արվեստագետները ստիպված են բոյկոտել իրենց իսկ ներկայացումը՝ ի պաշտպանություն իրենց շահերի: Ինչու՞ նույն եռանդով չեն պայքարում, որ մի քանի նվիրյալների ուժերով իրականություն դարձած ներկայացումներն ու համերգները հեռարձակվեն Հանրայինի եթերով: Ինչու՞ չեն մշակում ծրագրեր՝ դպրոցներում հայրենասիրության ոգին բարձրացնելու համար: Դուք հասկանու՞մ եք պարոնայք, որ մեր երեխաների մեծ մասը դառնում է մասնագետ (մասնագետ բառն էլ, ցավոք, օգտագործենք վերապահումներով)՝ առանց մի գրամ իր հայրենիքն ու հայրենակցին սիրելու: Շուտով մեր բուժհաստատություններում շահամոլ պոտենցիալ մարդասպաններ են աշխատելու: 
«Մայդան» գոռալու ու չարախնդորեն նոր փողոցային անկարգությունների սպասելու փոխարեն արեք ամեն բան, որ մեր դպրոցներում վերականգնվեն հանդիպումները արվեստի, գիտության ու սպորտի իսկական նվիրյալների հետ: Ինքներդ ելույթներ ունեցեք ու դժգոհելու փոխարեն ցույց տվեք, որ չեք փոշմանել արվեստագետի կամ գիտնականի ուղին ընտրելու համար: Վստահ ոմ, որ թե ձեր շարքերում, թե ձեր շրջապատում քիչ չեք գտնի մարդկանց, որ արժանի են մեր զավակների համար օրինակ դառնալուն: Բարձրացրեք հային հայի աչքերում: Թող նա կրկին վստահի իր ուժերին ու համոզված լինի, որ կարող է տեր կանգնել իր երկրին ու իր ապագային: Նայեք ձեր չորսբոլորն ու կտեսնեք, թե ինչպես է հայը գլխիկոր քայլում իր իսկ հայրենիքում, այսքան սիրված ու այսքան կորուստների գնով պահված Հայրենիքում: Եթե կուզեք, այո, մեզ հզոր շարժում է պակասում: Բայց ոչ արյունոտ, եղբայրասպան Մայդան, այլ 88-ի համախմբված, համազգային Հրապարակ: Անկախության հրապարակի կողքին մեզ հիմա Ազգային զարթոնքի հրապարակ է պետք:
-----------
Երբ կորչում է Բարոյականությունը, մարդիկ սկսում են խոսել Արժեքներից: Իսկ երբ կորեն Արժեքնե՞րը .... Այդժամ հրապարակ է գալիս արժեքը, գինը, շահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել