Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը փետրվարի 25-ին Բերկուտը լուծարելու մասին որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ ավելի վաղ` փետրվարի 23-ին, Գերագույն ռադայում նման բովանդակությամբ օրինագիծ էին ներկայացրել «Սվաբոդա» ազգայնական կուսակցությունից, բայց այդ ժամանակ ռադայի նոր խոսնակ և երկրի նախագահի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ասել, էր, որ օրինագիծը պետք է որաշակի փոփոխությունների ենթարկել, քանի որ ըստ վերջինիս, «ինչ-որ մեկը պետք է պաշտպանի քաղաքացիներին»: Նշենք, որ առայժմ չի ներկայացվել կամ էլ ավելի ճիշտ, չի հաղորդվել որևէ նոր օրինագծի կամ էլ որոշման մասին, որը ենթադրում է Բերկուտի փոխարեն մեկ այլ ստորաբաժանման ձևավորում: 
Այս հարցին, կարծում եմ՝ պետք է նայել երկու կողմից: 

Առաջին`նման քայլերը նման են ոչ թե ժողովրդավարական երկրի պետական մտածողություն ունեցող իշխանավորների կեցվածքի, այլ մի խումբ վառված մարդկանց, ովքեր հայտնվել են ավելի բարենպաստ վիճակում, քան նրանք, ովքեր ժամանակին իրենցից ուժեղ էին, և այժմ փորձում են «վրեժ լուծել» իրենց «զրկանքների» համար: Կարծում եմ՝ սա շատ երեխայական մոտեցում է, և իշխանության գալուց հետո սկսել զբաղվել բոլոր հավանական և անհավանական հակառակորդների դեմ «Խաչակրած արշավանքներ» ձեռնարկելով, ոչ մի լավ բանի չի հանգեցնի՝ անկախ նրանից՝ թիրախը պետական մարմիններն են, թե առանձին քաղաքական գործիչներ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվում, որ հարձակումներ են տեղի ունենում նաև ոստիկանության սովորական աշխատակիցների վրա և ճնշումներ գործադրվում: Հայտնի են նաև կոմունիստական կուսակցության անդամների, մասնավորապես կուսակցության առաջնորդի վրա հարձակումներ մասին տեղեկություններ, իսկ առհասարակ երկրում և կոնկրետ արևմտյան շրջաններում, տիրում է լուրջ վախի մթնոլորտ: Բանն այն է, որ երկրում, որտեղ հնարավոր չէ վերահսկել սահմանադրական կարգը և պաշտպանել սովորական քաղաքացիներին, չի կարող համարվել կայացած երկիր և ապագա չունի: 

Երկրորդ`մի կողմ թողնելով այն փաստը, որը երկրի ներկայիս իշխանություններն առայժմ չեն կարողանում լրջորեն վերահսկել իրավիճակը և արդյունավետ կառավարել երկիրը` կենտրոնանք այն հանգամանքի վրա, թե խորհրդարանական ո՞ր ուժն է այժմ ավելի ակտիվ և նախաձեռնող Գերագույն ռադայում և առհասարակ իշխանության կողմից որոշումներ կայացնելու ժամանակ: Խոսքը ծայրահեղական «Սվոբոդա» կուսակցության մասին է: Այսօրվա դրությամբ նախատեսվում է, որ այս կուսակցության անդամները նոր ստեղծվելիք կառավարության կազմում ունենալու են համապատասխան ներկայացվածություն: Այս կուսակցության անդամին արդեն վստահել են երկրի Գլխավոր դատախազի պաշտոնը, բայց սա դեռ հերիք չէ, «Սվոբոդան» ցանկանում է վերահսկել բոլոր ուժային գերատեսչությունները: Չգիտեմ՝ դա նրանց կհաջողվի, թե ոչ, բայց փաստ է, որ կա միտում նրանց ազդեցության ծավալների մեծացման ուղղությամբ: 

Այնպես որ, հիմնական մտահոգիչ հանգամանքը, կարծում եմ, այն է, որ Ուկրաինայում իշխանության են գալիս ծայրահեղականները, իսկ նման մարդիկ այնքան էլ չեն սիրում փոխզիջումային տարբերականեր փնտրել ճգնաժամերից դուրս գալու համար, իսկ Ուկրաինան այսօր գտնվում է այնպիսի քաղաքական-տնտեսական ճգնաժամում, որից դուրս գալու համար ոչ թե ծայրահեղականներ են պետք, այլ խելացի, հավասարակշռված և հեռատես մարդիկ, որոնց պակասն առ այժմ զգացնել է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել