Ջեմալ փաշային ոչնչացնողը
Արտաշեսը ծնվել է 1894թ., Արևմտյան Հայաստանի Միջին թաղ գյուղում (Խոտորջուրի գավառակ, Էրզրումի նահանգ): 1916-ին եղբոր՝ Թորգոմի հետ մտել է Անդրանիկի զորագունդը և մասնակցել նրա բոլոր կռիվներին:
1922թ. հուլիսի 25-ին Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում ոչնչացրել է Մեծ եղեռնի գլխավոր հանցագործներից Ջեմալ փաշային: 1936թ. ՊԱԿ-ի կողմից անհիմն ձերբակալվում է և 1937թ. գնդակահարվում: Հետմահու արդարացվում է 1957թ.:
«Վերնատուն» համազգային կրթամշակութային համալիր կազմակերպությունը հրատարակել է «Ջեմալ փաշայի սպանությունը» գրքույկը: Այնտեղ բերված են հավաստի եւ ստույգ տեղեկություններ ինչպես գործողության անմիջական մասնակիցների (Արտաշես Գեւորգյան, Պետրոս Տեր-Պողոսյան), այնպես էլ կազմակերպիչների կողմից, որոնք գրքույկը կազմողին է հանձնել Արտաշես Գեւորգյանի եղբոր որդին` Գրիգոր Գեւորգյանը: «Ազգ» օրաթերթի 2010թ. հունվարի 23-ի համարում տպվել է «Նեմեսիս» վերնագրով հոդված, որը նվիրված է 1921-22 թթ. երիտթուրք պարագլուխների նկատմամբ հայ վրիժառուների արդարահատույց գործողություններին: Այնտեղ տեղ են գտել պատմական փաստերի խեղաթյուրումներ եւ անճշտություններ: Մասնավորապես, Ջեմալ փաշայի սպանությունը վերագրված է Ստեփան Ծաղիկյանին, որը չի եղել գործողության անմիջական մասնակից, իսկ Ջեմալի սպանությունն էլ օրը ցերեկով չի եղել: Եվ առհասարակ այդ սպանությունը կապ չի ունեցել Շահան Նաթալիի ղեկավարած «Նեմեսիս» գործողության հետ: Այն կազմակերպել եւ իրականացրել են Թիֆլիսում ապաստանած խոտորջուրցիները:
Ջեմալ փաշան, որին պանիսլամական շրջաններում կոչում էին «Իսլամի առյուծ», իթթիհատական եռապետության (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ) անդամ էր, հայոց Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներից եւ իրագործողներից մեկը: Նրա անմիջական մասնակցությամբ Ուրֆայում եւ Դեր Զորում ոչնչացվեց նաեւ ավելի քան 7000-ի հասնող խոտորջուրցիների քարավանը: Եվ ահա 1922թ. հուլիսին, Մոսկվայից Անկարա գնալու ճանապարհին այս արյունարբու հանցագործը հանդգնություն ունեցավ կանգ առնել հայաշատ Թիֆլիսում: Ճակատագրի բերումով նույն ամսին Թիֆլիսում էին գտնվում նաեւ խոտորջուրցիներ Արտաշես Գեւորգյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը, որոնք թուրքերի դեմ մղած կռիվներում արիության եւ խիզախության օրինակներ էին ցույց տվել Խոտորջուրի ինքնապաշտպանության մարտերում: Դեռեւս 1919թ. Բաթումում եղած ժամանակ նրանք ուխտել էին վրեժխնդիր լինել Ջեմալից:
Քեմալական Թուրքիայի Թիֆլիսի հյուպատոսարանի զինվորական կցորդ Նուրեդդին բեյը ապրում էր Վելյամինովսկայա փողոցի թիվ 22 տանը, որի հարեւանությամբ էր խոտորջուրցի Պողոս Պողոսյանի փուռը: Նուրեդդին բեյի եւ Պողոսյանների ընտանիքների միջեւ ստեղծվել էին դրացիական հարաբերություններ: Ամեն առավոտ Նուրեդդին բեյը կամ իր կինը հաց էին գնում Պողոսի փռից եւ որպես համերկրացիներ իրար քեֆ ու հալ հարցնում, նորություններ հաղորդում: Ջեմալ փաշայի Թիֆլիս ժամանելու երկրորդ օրը Նուրեդդին բեյի կինը հացը գնելիս, որպես նորություն, հայտնում է, որ Թիֆլիս է ժամանել վսեմաշուք Ջեմալ փաշան եւ մի քանի օրից մեկնելու է Անկարա…
Պողոսյանը անմիջապես իր հայրենակիցներին է հայտնում կարեւոր նորությունը: Շուտով թիֆլիսաբնակ խոտորջուրցիների մեջ տարածվում է լուրը, որ իրենց տարագիր ընտանիքների բեկորները ոչնչացնող Ջեմալ փաշան գտնվում է Թիֆլիսում…
Արտաշես Գեւորգյանը, որը Դոնբասից Հայաստան էր գնում, հունիսի 13-ին հասնում է Թիֆլիս, որտեղ նրան հայտնում են Ջեմալի՝ Թիֆլիսում գտնվելու մասին: Նույն օրը Պետրոս Տեր-Պողոսյանը, իմանալով Արտաշեսի գալուստը, շտապում է նրա մոտ, եւ երկու ընկերները թիֆլիսաբնակ հայտնի խոտորջուրցիների հետ ծրագրում են շտապ կարգով ի կատար ածել արդարահատույց գործողությունը: Հուլիսի 14-ին, Սերոբ Դուրլարյանի հացի փռում, խոտորջուրցիների 13 հոգուց բաղկացած խորհուրդը մահվան է դատապարտում Ջեմալ փաշային: Այդ որոշումից հետո Պետրոս Տեր-Պողոսյանը հայտնում է, որ դեռեւս 1919թ. Բաթումում ինքը եւ Արտաշեսը ուխտել էին Ջեմալից վրեժ լուծելու, եւ այժմ հանգամանքների բերումով պատեհ առիթը ստեղծվել է իրենց ուխտը ի կատար ածելու համար, ուստի Ջեմալի մահապատիժը ինքն ու Արտաշեսը վերցնում են իրենց վրա: Այդպիսի համարձակ եւ վտանգավոր ահաբեկչության համար ամենահարմար թեկնածուները իրենք էին: Երկուսն էլ անցել էին կռիվների բովով, իրենց դրսեւորել էին ոչ միայն քաջ ու անվախ զինվորներ, այլեւ գերազանց դիպուկահարներ:
Երկու օր անց՝ հուլիսի 16-ից սկսվում է բազմակողմանի հետախուզություն եւ հետապնդում Ջեմալ փաշայի նկատմամբ: Նրա տեղաշարժի, գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը հանձն է առնում կատարել Նուրեդդին բեյի հետ նույն տանը բնակվող Գրիգոր Չախալյանը:
Ամեն օր երեք հոգի աչալուրջ հսկում են Գանովսկայա փողոցում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանի շենքը եւ Ջեմալի ու նրա համհարզների բոլոր տեղաշարժերի մասին անմիջապես հայտնում Պուշկինյան պուրակում հերթապահող ընկերներին: Մնում էր եւս մի կարեւոր գործ` համապատասխան զենք ձեռք բերելը, անխափան գործող եւ անվրեպ խփող զենք, որով առանց տատանվելու վստահաբար կարելի լիներ հարձակվել Ջեմալի նման հրեշի վրա: Ընտրվում են երկու մաուզեր, որոնք փորձարկում են հացի փռերից մեկում…
Երկու օր անց Ջեմալ փաշան ուղեկցողների հետ մտնում է Դվորցովայա փողոցում գտնվող «Վրացական ակումբի» ամառային ճաշարանը՝ ընթրելու: Կապավորները լուրը հասցնում են Արտաշեսին եւ Պետրոսին, որոնք անմիջապես շտապում են այնտեղ եւ տեղ գրավում մի սեղանի մոտ, որտեղից պարզորոշ երեւում էր Ջեմալը, որի նկարը ունեին իրենց մոտ: Համեմատելով այդ նկարը իրենցից քիչ հեռու նստած փաշայի հետ` գտնում են, որ ոչ մի կասկած չկա, այդ հենց ինքն էՙ արյունարբու Ջեմալ փաշան: Վրիժառուները բուռն ցանկություն են ունենում տեղն ու տեղը գնդակահարելու մեծ ոճրագործին, սակայն զգում են, որ կարող են շուրջը գտնվող անմեղ մարդիկ զոհվել, եւ հետ են կանգնում այդ մտադրությունից: Պետրոսը, զգալով Արտաշեսի շուտափույթ հատուցման անզուսպ ցանկությունը, նրան թեւանցուկ արած դուրս է հանում ճաշարանից: Որոշ ժամանակ երկուսն էլ լուռ քայլում են գիշերային Թիֆլիսի փողոցներով: Վերջապես լռությունը խզում է Արտաշեսըՙ դիմելով Պետրոսին.
- Հայրենակի՛ց, արդյոք ճիշտ չի լինի՞ փաշային սատկեցնելուց հետո, չհեռանալով նրա դիակից, չխուսափենք իշխանություններին հանձնվելուց, մենք հո բանդիտներ չե՞նք, ավազակներ չե՞նք: Մենք հազարավոր անմեղ մարդկանց, կանանց ու երեխաների վրեժն ենք լուծում… Ի՞նչ ես կարծում, այդպես ավելի արժանապատիվ չի՞ լինի…
Այդպիսի առաջարկը Պետրոսի սրտովն էր եւ համապատասխանում էր նրա կրքոտ ու արկածասեր խառնվածքին:
Հետեւյալ առավոտյան, երբ նրանք ընկերներին հայտնում են իրենց որոշումը, վերջիններս ցնցվում են, մանավանդ տարեցները, համարելով դա տաքգլխություն, վտանգավոր ցուցամոլություն եւ անխոհեմություն…
Արտաշեսն ու Պետրոսը պնդում են իրենցը.
- Թող դատ ու դատաստան լինի, մենք չենք խուսափի մեր պետության դատաստանից, մենք հանցագործներ չենք, այլ հանցագործին պատժողներ:
Տարեցները ստիպված են լինում հավաքել խորհուրդ եւ ի վերջո համոզում Արտաշեսին ու Պետրոսին՝ հրաժարվել իրենց անխոհեմ ծրագրից ու չվտանգել բոլոր մասնակիցներին: Այս շատ կարեւոր հանգամանքն էլ համոզում է երիտասարդներինՙ հրաժարվել իշխանություններին կամավոր հանձնվելու մտքից:
Մյուս առավոտից վերսկսվում են կանոնավոր հետապնդումները Ջեմալի նկատմամբ եւ մինչեւ հուլիսի 25-ը հարմար առիթ չի ներկայանում:
1922 թվականի հուլիսի 25-ը ճակատագրական է լինում Ջեմալ փաշայի համար: Այդ օրը, որը համընկնում էր մուսուլմանական կիրակի օրվան, նա իր համհարզ Սուրսիա բեյի եւ անձնական քարտուղար Նուպեթ բեյի ուղեկցությամբ բարձրանում է Թիֆլիսի հրաշալիքներից մեկը` ֆունիկուլյորը, նրա զովասուն ռեստորանում քեֆ անելու եւ զմայլվելու դեպի քաղաքը բացվող գեղեցիկ տեսարանով:
Ջեմալին հետեւող երկու հետախույզներ նրա հետեւից անմիջապես բարձրանում են ֆունիկուլյոր, իսկ երրորդը լուրը հաղորդում է վրիժառուներին եւ ինքը նույնպես բարձրանում վերեւ: Նրանք երեքով, առանց որեւէ կասկած առաջացնելու, իրենց տեսադաշտում են պահում ամբողջ անցուդարձը եւ ժամանակ առ ժամանակ լուր են տանում ներքեւում գտնվող վրիժառուներին:
Կեսօրից անց, երբ բանբերը լուր է բերում, թե փաշան բավական խմել է եւ շաղակրատում է, վրիժառուները որոշում են բարձրանալ վերեւ եւ այնտեղ հենց սեղանի մոտ շանսատակ անել Ջեմալին: Սակայն երբ գնում են զենքերը վերցնելու, գտնում են, որ գործողությունը վերեւում կատարելը վրանգավոր կլինի, որովհետեւ դրանից հետո ֆունիկուլյորից հեռանալը, թաքնվելը բավական երկար ժամանակ էր պահանջելու, որի ընթացքում իշխանությունները հնարավորություն եւ ժամանակ կունենային ոստիկաններով, չեկիստներով, նույնիսկ զորքով օղակելու ֆունիկուլյորն ու փակելու այնտեղից դուրս եկող բոլոր ելքերը, հետեւաբար խուզարկելու եւ ստուգելու այնտեղ եղած բոլոր մարդկանց եւ կատարելու ձերբակալություններ…
Հրաժարվելով ֆունիկուլյորում գործելու մտադրությունից, վրիժառուները կառքով բարձրանում են մինչեւ ֆունիկուլյորի ներքեւի կայանը, բաց թողնում կառքը եւ իրենք ոտքով ցած են իջնում, հետազոտելով այն տեղանքը, որտեղից հավանաբար անցնելու էր Ջեմալը, ապա անցնում Պետրոս Մեծի փողոցով դեպի Վոզնեսենսկայա փողոցՙ ճշտելով գործողությունից հետո իրենց հեռանալու ուղին…
Պետրոս Մեծի փողոցը Թիֆլիսի խաղաղ փողոցներից մեկն էր: Այդտեղ չկային ոչ ոստիկանական պոստ, ոչ խանութներ կամ այլ հաստատություններ: Այդտեղից երկու-երեք րոպեում կարելի էր հասնել Երեւանյան հրապարակ եւ խառնվել այդ պահին այնտեղ մշտապես զբոսնող հոծ բազմությանը: Այնտեղից երկու-երեք րոպեում կարելի էր հասնել Վոզնեսենսկայա փողոցում գտնվող իրենց հայրենակից Պալճյանի փուռը` իրենց ապաստարանը:
Այդ պահին կապավորներից մեկը գալիս հայտնում է, որ Ջեմալը իր ընկերներին ասել է, որ սպասենք մինչեւ քաղաքի լույսերը վառվեն: Պարզ է` ուրեմն մինչեւ ուշ երեկո Ջեմալը իր ընկերներով մնալու է ֆունիկուլյորում… Ավելի լավ մթան մեջ, հեշտանում է եւ գործը եւ փախուստը…
Արդեն գործելու պատրաստ Արտաշեսն ու Պետրոսը գալիս են Պուշկինսկի փողոցում գտնվող Գեւորգյանների տուն եւ սպասում ֆունիկուլյորի բանբերներին: Անցնում են սպասումի երկար պահեր: Վերջապես փողոցում կանգ է առնում մի կառք, եւ կապավորը երեւում է բակում: Նա հայտնում է, որ Ջեմալը ֆունիկուլյորից իջնում է ցած: Արտաշեսը փոխում է գլխարկը, դնում ուրիշը, եւ երկուսով դուրս են գալիս տանից: Պուշկինյան պուրակում նրանց էին սպասում մյուս ընկերները: Որոշվել էր, որ Պետրոսն ու Արտաշեսը այդտեղից գնալու են առանձին-առանձին, զուգահեռ մայթերով: Նրանց հետեւից գնալու էին կապավորները՝ իբրեւ զբոսնողներ եւ պիտի հետեւեին մինչեւ այնտեղ, որտեղ երկուսն էլ կմիանան իրար: Որոշվել էր նաեւ, որ եթե նրանցից մեկն ու մեկին որեւէ բան պատահեր, այդ դեպքում փաշայի վրա միայնակ պետք է հարձակվեր մյուսը:
Առանց պատահարի վրիժառուները անցնում են Դվորցովայա նեղլիկ փողոցը: Քիչ անց երեւում են Չեկայի շենքերը, որոնց մուտքի առաջ հսկում են զինված ժամապահները: Մի քանի քայլ էլ առաջանալով Երմոլովյան վերելքովՙ նրանք տեսնում են, որ վերեւից, ձախ մայթով իջնում են երեք մարդ, որոնք հասնելով Պետրոս Մեծի փողոցի անկյունը, մտնում են այդ փողոցը: Նրանց հետեւից գալիս էր ֆունիկուլյորում հսկող կապավորը` ծերունազարդ հայրենասեր Սերոբ Դուրլարյանը, եւ գլխով ցույց տալիս, որ այդ նրանք են` Ջեմալը եւ իր ընկերները, եւ արագ հեռանում է:
Փողոցի աջ մայթով (դեպի Սոլոլակ գնալիս) գնում էին Ջեմալը եւ իր ընկերները: Նրանք գնում էին սովորական, հանգիստ քայլելով, զրուցելով… Արտաշեսն ու Պետրոսը նրանց հետեւում էին գնալով զուգահեռ ձախ մայթով եւ արագացնելով քայլերը, աննկատելի, անձայն հավասարվում են Ջեմալին: Փաշան քայլում է մեկի հետ թեւանցուկ, լսելի է նրանց ոչ հստակ, կցկտուր խոսակցությունը: Պետրոսն ու Արտաշեսը մի վայրկյան կանգ են առնում, հետ ու առաջ նայում, կասկածելի ու վտանգավոր բան չեն նկատում, ապա մի ակնթարթում կտրում անցնում են փողոցը եւ ընդհուպ մոտենում նրանց: Արդար վրեժի սրբազան ժամը հասել էր: Իրենցից մի քանի քայլի վրա էր հայ ժողովրդի ոխերիմ թշնամին, մարդասպանը, որի հրամանով հարյուրհազարավոր հայ մանուկներ եւ կանայք տանջամահ եղան Ուրֆայից մինչեւ Դեր Զոր…
Այդ պահին նրանք հետ են նայում… մեկը ձեռքը տանում է գրպանը… Ուրեմն զենք ունի…
- Փաշա՜, փաշա՜… Հիշիր Ուրֆան եւ Դեր Զորը,- գոչում է Արտաշեսը եւ զենքը ձեռքին առանց նշանառության կրակում նրանց վրա: Երեքն էլ անմիջապես ընկնում են: Պարզ է, մահը վայրկենական է… բայց նորից են կրակում իրենց հեռանալը ավելի ապահով դարձնելու համար: Շրջապատի տների պատուհանները, որոնք ամառվա սաստիկ շոգի պատճառով բաց էին, անմիջապես մի ակնթարթում շրխկոցով փակվում են… Ոչ տեսել ենք, ոչ լսել…
«Ես նորից եմ լիցքավորում ատրճանակս ու մտնում Ժուկովսկի եւ ի~նչ տեսնեմ. Պետրոսին գրկում է մի հրշեջ, իսկ երկու հրշեջ էլ մայթին պառկած, կպել են պատին… Պետրոսի ատրճանակը, ուրեմն բռնվել է, այլապես ո՞վ կարող էր մոտենալ նրան եւ գրկելու փորձ աներ,- պատմել է Արտաշեսը:
- Ընկեր, բաց թող, սա քաղաքական տեռոր է, գործ չունես…
Բայց հրշեջը համառում է, բաց չի թողնում Պետրոսին:
- Ուզեցի ուղղակի կրակել հիմար եւ համառ հրշեջի վրա, սակայն գնդակը կարող էր կպչել Պետրոսին,- շարունակում է Արտաշեսը,- ուստի անցա կողքից, մի գնդակով գետին տապալեցի հրշեջին, եւ Պետրոսի հետ արագ հեռացանք եւ առանց պատահարի հասանք Պալճյանի փուռը: Այնտեղ մի քիչ հանգստանալուց հետո, իջանք Երեւանյան հրապարակ, խառնվեցինք զբոսնող հոծ բազմությանը, որտեղ ամենքը տարբեր ձեւով պատմում էին կատարվածի մասին, մեր հասցեին հիացմունքի ու շնորհակալության շոյիչ խոսքեր ասում, իսկ մենք, իբրեւ անգիտակ պատահարից, կրկին ու կրկին հարցնում էինք ու միշտ էլ նորանոր անճշտություններ լսում…»:
Այնուհետեւ Արտաշեսը պատմում էՙ «Քիչ անց Երեւանյան հրապարակում մեզ գտավ Ստեփան Ծաղիկյանը եւ առաջարկեց գնալ նշելու մեր արդարահատույց գործողության փայլուն կատարումը: Պետրոսը գնաց, իսկ ես հրաժարվեցի եւ վերադարձա տուն, որտեղ իմ վախկոտ հայրը զգուշավորության քարոզներ կարդաց գլխիս: Մեր ընտանիքից դեռ ոչ ոք չգիտեր Ջեմալի սպանության կազմակերպման մասին, բայց մայրս մի քիչ կռահել էր, որ իմ մատը դրա մեջ խառն է: Նա այդ եզրակացությանն էր եկել, երբ ես իմ գլխարկի փոխարեն հայրիկիս գլխարկն էի դրել…
Մայրիկիցս ջուր խնդրեցի ոտքերս լվանալու համար: Երբ մայրս ջուրը դրեց իմ առաջ, ասաց.
- Մեմ գիտնայի վո՞վ սպանից, ոտվին լվանայի, ջուրն խմեի…»:
Այսպես է պատմել Արտաշեսը սպանությունից հետո պատահածի մասին:
Դեպքից հետո Թիֆլիսում ձերբակալվեցին բազմաթիվ մարդիկ, որոնց մեջ նաեւ շատ անմեղներ:
Իսկ Արտաշեսն ու Պետրոսը որոշ ժամանակ մնացին ազատության մեջ, սակայն 1936թ. ձերբակալվեցին Ստալինի կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնելու անհիմն ու անհեթեթ մեղադրանքով եւ գնդակահարվեցին 1937 թվին: Նրանք 1957թ. դատարանի որոշմամբ արդարացվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել